Եզոպոսը` 2023 թվականի Հայաստանի մասին

Եզոպոսը` 2023 թվականի Հայաստանի մասին

Հին հույն լեգենդար բանաստեղծ, առակախոս Եզոպոսը, ում կյանքը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 6-րդ դար, բազմաթիվ առակներ ու իմաստուն պատմություններ է ժառանգություն թողել մարդկությանը, որը դարեդար փոխանցում է հաջորդ սերունդներին: Նա միֆական կերպար է եւ հասկանալի է, որ Եզոպոսից ուղիղ ոչինչ չի հասել, բայց մարդկությունը պահպանել է նրա ասույթներն ու պատմությունները: Դրանցից շատերը շատ արդիական են եղել դարեդար եւ կարծես նաեւ մեր օրերի համար են գրված: Ահա դրանցից մեկը, որն աչափ հիշեցնում է հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերությունները եւ մեր իշխանությունների վերջին տարիների պահվածքը:

Գայլերն ու ոչխարները

Գայլերն ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճառով է թշնամանք առաջացել իրենց ու ոչխարների միջեւ: Եւ եթե շներին ոչխարները հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան ,թե դրանից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին գայլերին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

Այսպես էլ պետությունները, երբ առանց դիմադրության հանձնում են ժողովրդական առաջնորդներին, ակամայից շուտով դառնում են թշնամու զոհը: