Մեր Հայրենական պատերազմը տանուլ տվեցինք…

Մեր Հայրենական պատերազմը տանուլ տվեցինք…

Արցախյան 44-օրյա Պատերազմը իր պատմական նշանակությամբ, քաղաքական ընդգրկումով և հետևանքներով անժխտելիորեն Հայրենական Պատերազմ է։

Կա՞ արդյոք մի ժողովուրդ, որ պարտվել է իր Հայրենական Պատերազմում....Ո՛Չ.....
Մենք ինչու՞ պարտվեցինք։

Անգամ Ավարայրի ճակատամարտը, որը նույնպես իր ժամանակի քաղաքական իրավիճակի պայմաններում Հայրենական կարելի է համարվել, մենք չենք պարտվել, թեև որոշ պատմաբաններ այն բնութագրել են որպես ընդամենը Բարոյական հաղթանակ։

Ո՛չ, Ավարայրի հաղթանակը նաև ռազմական հաղթանակ էր, քանի որ այդ ճակատամարտից հետո Պարսկաստանն այլևս Հայաստանի առջև նման պահանջ չդրեց....

Ինչո՞ւ մենք մեր Հայրենական պատերազմում պարտվեցինք, ովքե՞ր և ե՞րբ նախապատրաստեցին մեր փառավոր Հաղթանակի դաժանորեն ջախջախումը և մեր երկիրն ու պետությունը կործանման եզրին հասցնելը, իսկ մեր ժողովրդին մեկ դար հետո ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնելը....
Ունե՞նք այդ հարցի պատասխանը։ Այո՛:

Նախ՝ կարծես չըմբռնեցինք, որ սա Հայրենական Պատերազմ է։ Ու դա ամենաաններելին է։ Ապա երեսուն տարվա վարած արտաքին ապիկար քաղաքականությունը, ռազմական անպատրաստվածությունը, տնտեսության փլուզումը, պետությունն ու երկիրը թալանող կառավարող պաշտոնակատարների աստղաբաշխական թվերի հասնող հարստությունը, ժողովրդի համակերպվելը անօրինությունների հետ և անզորությունից արտագաղթելը, այդ բոլորից ազատվելու համար 2018-ին իշխանափոխության նիկոլական թատրոնին ծափահարելն ու չհասկանալը, որ ներկայացումը թեև սկսվեց որպես հերոսական ներբող, բայց շարունակվեց որպես զավեշտ-կատակերգություն, եւ հիմա ավարտին է մոտենում՝ որպես ողբերգություն....

Բայց մենք երևի չենք հասկանում այդ ժանրերի առանձնահատկությունները և շարունակում ենք ծափահարել այս խղճուկ հերոսական ներբողի ներկայացմանը, որի հերոսը բոլոր երեք պաշտանակատարների անկատար ծրագիրն իրականացնող մյուս՝ ի պաշտոնե պաշտոնակատարն է․․․
Ներկայացումն ավարտվում է, իսկ մենք Բի՜՜ ս ենք գոռում…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս