Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացի մեկնարկը տրված է

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացի մեկնարկը տրված է

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ Հրայր Թովմասյանն էական կարգապահական խախտում կատարելու հիմքով պետք է զրկվի իր լիազորություններից: Խոսքը ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման հիման վրա վարույթ ընդունված Քոչարյանի հայտնի գործի քննության ընթացքում թույլ տրված խախտումների մասին է: 

Հիմքերը չորսն են, նախագծի հիմնական զեկուցող՝ իմքայլական Սուրեն Գրիգորյանը մանրամասնեց դրանք․ «Հիմք առաջին․ պարոն Հրայր Թովմասյանը մինչ ՍԴ նախագահ դառնալը եղել է ՀՀԿ անդամ եւ 2010 թվականից ի վեր Հայաստանում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, ինչպիսիք են արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, այնուհետեւ՝ ԱԺ պատգամավոր եւ պետաիրավական հանձնաժողովի նախագահ։ Մեզ համար գաղտնիք չէ, թե ՀՀԿ-ն ինչպիսի փոխկապակցված շահեր ուներ նշածս վարույթով դիմումատու պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ, որի վերաբերյալ փոխկապակցվածության ապացույցներից երկուսը կնշեմ։ Այդ մասին նշվում է հենց ՍԴ ներկայացրած դիմումում»։

Ապա Գրիգորյանը թվարկեց փոխկապակցվածության մասին «ապացույցները», որոնք ավելի շատ գրաքննություն էին հիշեցնում։ Ապացույցների շարքում հիշատակվեց, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին ՀՀ նախագահ դարձնելիս ՀՀԿ-ի աջակցության մասին Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, 2018-ին Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որը հղվել է Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Իշխանականները, պարզվեց, ոչ միայն հավաքագրել են, այլեւ խորը վերլուծել նախկինների մտքերը․ «Շնորհավորանքի տեքստը ոչ երկիմաստ է, ոչ թե ընդհանուր շնորհավորական ուղերձ է, այլ հստակ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն շարունակում է սատարել պարոն Քոչարյանին»։

ՍԴ նախագահ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերից մյուսը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի՝ Արամ Օրբելյանի, եւ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական հարաբերություններն են։ Գրիգորյանի խոսքով` այդ հարաբերությունները կարող են օբյեկտիվ կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ․ «Մեր ասածն այն է, որ այդ վարույթով Թովմասյանը չպետք է մնասնակցեր, քանի որ կար հարազատական կապ»։

ՍԴ դիմում ներկայացնելու երրորդ հիմքը, ըստ Գրիգորյանի, Թովմասյանի կողմից Մարտի 1-ի վերաբերյալ նախկինում տարբեր կարծիքներ հնչեցնելն է։ Մինչ ՀՀԿ-ական դառնալը՝ 2009-ին, Հրայր Թովմասյանը, ըստ Գրիգորյանի, հայտարարել է, որ Մարտի 1-ի իրադարձություններն ամոթալի են մեր երկրի համար. «Իսկ դրանից հետո լինելով կառավարության անդամ եւ ՄԻԵԴ-ում կառավարության դիրքորոշումը ներկայացնելու շրջանակներում մի փոքր այլ կարծիքներ են արտահայտվել կառավարության կողմից, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, արտակարգ դրության հրամանագիրը համապատասխանել է օրենքներին։ Սա կարող է կանխակալության հիմք հանդիսանալ»։

Բացի այդ, պատգամավորի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։ Մինչդեռ, եթե անձը գտնում է, որ ինքը կաշկանդված չէ տվյալ գործով, անգամ այդ մասին պետք է բարձրաձայնի եւ դարձնի մյուս դատավորների քննարկման առարկա։ Հրայր Թովմասյանը ոչ միայն իր մասնակցության անհնարինության հարցը քննարկման չի դրել, այլեւ Վահե Գրիգորյանի գրությունը՝ ՍԴ դատավորներ Արեւիկ Պետրոսյանի, Հրանտ Նազարյանի, Հրայր Թովմասյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին, անտեսել է, եւ ՍԴ-ն կայացրել է թիվ ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշումը, որով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին հեռացրել էին վարույթից՝ դրան մասնակցելու անհնարինության հիմքով: 

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մեկ անգամ էլ կրկնեց՝ Հրայր Թովմասյանն իր աչքի լույսը չէ, բայց չի կարելի անձերով պայմանավորված՝ հարց լուծել․ «Մենք պետք է այստեղ քննարկեինք՝ օրենքում որ նշված է՝ էական կարգապահական խախտում, կա՞ այդպիսի հանգամանք, թե՞ ոչ։ Եկեք զուտ իրավական խնդիրը չվերածենք քաղաքական շահարկումների ու չասենք՝ այս դատավորն այսինչյանի բարեկամն է, դրա համար չպետք է աշխատի»։ 

Վլադիմիր Վարդանյանի արձագանքից հետո, թե գործընթացը քաղաքական չէ, եւ հիմքերն էլ հաստափոր ծավալով շարադրված են, Պետրոսյանն արձագանքեց․ «Մենք որեւէ մեկին չենք խոստացել պաշտպանել Հրայր Թովմասյանին: Բայց ես չհամոզվեցի, չտեսա՝ էական խախտումը որն է․ սա իմ անձնական կարծիքն է: Եթե կա, թող պատժվի ինքը: Ես չտեսա, չկարողացա հասկանալ՝ կարգապահական էական ի՞նչ խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը: Որ տենամ իրան, հարցնելու եմ՝ բա չե՞ս ամաչում՝ էական կարգապահական խախտում ես թույլ տալիս, ինքն էլ ինձ հարցնելու է՝ բայց ո՞րն է, ու կարող է ես իրեն պատասխան չունենամ տալու»: Ավելի ուշ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «ՍԴ-ն այս կամ այն որոշումն է կայացրել, հիմա, եթե խախտում են արել, ինչո՞ւ են մի անձի պաշտոնանկության հարցը բարձրացնում, այդտեղ քվեարկություն է, չէ՞, եղել: Աշխատակարգային որոշումներ կայացնելիս քվեարկություն է լինում: Հիմա, եթե սա անձի խնդիր չի, ինչի՞ է դրված միայն Հրայր Թովմասյանի խնդիրը: Դե թող ամբողջ դատական կազմի գործունեության իրավաչափությունը վերանայեն»: Իսկ դա չեն անում, որ մյուս ՍԴ դատավորները դեմ չքվեարկեն, հույս ունեն, որ եթե տարանջատեն Հրայր Թովմասյանի հարցը, ՍԴ մյուս դատավորները կողմ կքվեարկեն իրենց առաջարկին։

Խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ ասելով, որ իրենք իրենց դիրքորոշումը կներկայացնեն առաջիկա օրերին, լսեցին հիմնավորումները եւ ըստ այդմ կկայացնեն որոշում։ «Լուսավոր Հայաստանը» դեռեւս նախօրեին հայտարարել էր նախագծին կողմ քվեարկելու մասին․ Տարոն Սիմոնյանը երեկ պարզաբանեց․ «Կողմ ենք քվեարկելու, որպեսզի ՍԴ-ն որոշի՝ կա՞ էական կարգապահական խախտում, թե՞ ոչ, ԱԺ-ն էական կարգապահական խախտում արձանագրող մարմին չէ»։ 

Նախագիծն ընդունվեց իմքայլականների ու ԼՀԿ-ականների կողմ ձայներով, Գեւորգ Պետրոսյանն այդ պահին դահլիճում չէր, նրա կուսակից Նորա Առուստամյանը քվեարկեց ձեռնպահ։ Այն կքննարկվի լիագումար նիստում, փակ քվեարկությամբ, եթե ստանա պատգամավորների 3/5-ի քվեն, ընդունման դեպքում կուղարկվի ՍԴ։ Գործը վարույթ ընդունվելու դեպքում պետք է որոշում կայացվի՝ գործը քննության ընդունելու պահից Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու մասին՝ մինչեւ վարույթի ավարտը, որպես պատասխանող այդ վարույթով։ Այդ հարցը քննարկվելու է ՍԴ մյուս դատավորների կողմից: Որոշման համար պահանջվում է, որ 6 դատավոր կողմ քվեարկեն ԱԺ որոշմանը: