Սակագինը բարձրացնելու հայտ չենք ստացել

Սակագինը բարձրացնելու հայտ չենք ստացել

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը մեզ տված հարցազրույցում զգուշացրել էր, որ եթե անգամ սահմանին ռուսական գազի սակագինը պահպանվի, միեւնույն է, ներքին սակագնային քաղաքականության համար դա ռիսկոգեն է, եւ բացառված չէ, որ ապրիլ-մայիս ամիսներին «Գազպրոմ Արմենիան» արդեն գազի սակագնի հարցով կրկին դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագնի բարձրացման հայտ ներկայացնի։ Պատճառը դոլարի փոխարժեքն է։ «Երբ կնքվում էր բնական գազի ներկրման պայմանագիրը, փոխարժեքը 480 դոլար էր, մինչդեռ փոխարժեքը 525-ի է հասել, ու «Գազպրոմ Արմենիան» կոնկրետ վնասով է աշխատում արդեն ու ստիպված է գնալ թե՛ ներդրումային ծրագրի կրճատման, թե՛ աշխատավարձերի»։ Դավթյանի հաշվարկով՝ քիչ թե շատ կայունություն ապահովելու համար ընկերությունն ինչ-որ մի պահի, ըստ ամենայնի՝ ապրիլ-մայիս ամիսներին, երբ նախորդ հայտից լրացած կլինի 1 տարի, մտնելու է ՀԾԿՀ՝ սակագինը 5-6 տոկոսով բարձրացնելու համար։ 

Նման հայտ ստացե՞լ են, կամ նման կանախատեսում ունի՞ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա, պատասխանելով մեր հարցին, ասաց․ «Փոխարժեքը երբ բարձրանում է, բնականաբար, որոշակի ազդեցություն դրամական հոսքերի վրա ունենում է։ Բնակչության հատվածը վճարում է դրամով, սակագինը դրամով է սահմանված, այսինքն՝ այդ հատվածում փոխարժեքը որոշակի ծախսային ավելացում չի առաջացնելու ընկերության մոտ, բայց թե իրենք իրենց դրամական հոսքերը ոնց կգնահատեն, երբ կդիմեն․․․ էս պահին նման ինֆորմացիա չկա։ Մտադրություն էլ չկա, որովհետեւ, եթե լինի, առնվազն պետք է նախօրոք թերթում հայտարարություն տան»։