Մեկնարկում է ատեստավորման հայտերի ընդունումը

Մեկնարկում է ատեստավորման հայտերի ընդունումը

ԿԳՄՍ նախարարությունը 2024 թվականի մարտի 15-ից մինչեւ ապրիլի 7-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն:

2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաեւ պետական եւ համայնքային մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (at.emis.am), մինչեւ ապրիլի 7-ը, եւ ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում եւ վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:

Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը եւ սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։

Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 27-ին եւ 28-ին։ Կապված հայտերի քանակից՝ կդիտարկվի ատեստավորման անցկացում նաեւ մայիսի 4-ին եւ 5-ին։ Ատեստավորման անցկացման վերջնական ժամանակացույցը կհրապարակվի հայտերն ամփոփվելուց հետո։