ՔՊ-ն՝ նախկիններով, ԲՀԿ-ն՝ նոր դեմքերով, «Հայաստան» դաշինքն՝ անակնկալներով․ նախընտրական Գյումրի

ՔՊ-ն՝ նախկիններով, ԲՀԿ-ն՝ նոր դեմքերով, «Հայաստան» դաշինքն՝ անակնկալներով․ նախընտրական Գյումրի

Սահմանային հարցերը, մեղմ ասած, գյումրեցիներին այնքան էլ չեն մտահոգում։ Հանրապետության երկրորդ քաղաքում  նախընտրական եռուզեռ է։ Քաղաքականությունից խոսում են եւ կողմնորոշվածները, եւ չկողմնորոշվածները։ Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների գործունեություններին՝ նշենք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ լծվել են գործի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային նախըտրական շտաբը ղեկավարելու է մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Նա այս մասին հայտնեց իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում, սակայն չհստակեցրեց՝ կլինի՞ կուսակցության նախընտրական ցուցակում, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով՝ նրա անունը ցուցակում լինելու է։ Շիրակի մարզում ՔՊ-ն հանդես է գալու նախկին դեմքերով։ Կանանց  ֆավորիտը Նազելի Բաղդասարյանն է: Նա բազմիցս իր հավատարմությունն ապացուցել է կուսակցության առաջնորդին, եւ գտնում են՝ արժանի է  վերընտրվելուն: Հատկապես՝ այս օրերին իր «փխրուն» ուսերին է վերցրել «գերիների վերադարձով զբաղվելու խնդիրը», հաճախ է հանդիպում նրանց ընտանիքներին, շահել է ոմանց վստահությունը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, կուսակցության ներսում փոքր-ինչ տարաձայնություններ կան Կարեն Սարուխանյանի առաջադրման հետ կապված: «Բայց, որ կառաջադրվի՝ հավանական է»,-ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գյումրիում ամբողջությամբ նոր դեմքերով է հանդես գալիս։ Գյումրու Շարլ Ազնավուրի հրապարակում տեղակայված կուսակցության գրասենյակում գրեթե ամեն օր ակտիվ քննարկումներ են ընթանում։ Շտաբը ղեկավարելու է քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանի կինը՝ լրագրող Հասմիկ Վիրաբյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ կուսակցության ցուցակում իր անունը լինելու է․ «Առաջադրվելու եմ Շիրակի մարզից՝ որպես կին պատգամավոր, շուտով ցուցակները կհստակեցվեն,կտեսնեք»։ Նախկին պատգամավորներ Վարդևան Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի քաղաքական կարիերան ԲՀԿ-ում համարում են ավարտված ։Մյուս թեկնածուն Գյումրու ավագանու  ԲՀԿ անդամներից է լինելու։

ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների միությունից ձևավորած «Հայաստան» դաշինքը Գյումրիում ամբողջությամբ բացահայտված չէ։ Բայց մեզ հաջողվեց պարզել, որ շտաբը ղեկավարելու է գործարարներից մեկի որդին՝ Արտակը, որը քաղաքականությամբ երբևէ չի զբաղվել։Նրա ընտանիքին է պատկանում քաղաքում հայտնի բուտիկներից  մեկը՝ «Սամբա » հագուստ -սրահը։ Չնայած Գյումրիում շրջանառվում էին երկրորդ նախագահի ընդգծված աջակիցներ՝ Շեկոյի, իրավագետ Կարապետ Պողոսյանի անունները, այնուամենայնիվ դաշինքի  ներսում նախապատվությունը տրվել է նրան։ «Դե, Արտակն ավելի համեստ կյանքով է ապրում, նույնիսկ տաքսի էր վարում, ցուցակում բոլորովին նոր դեմքեր են լինելու, պատկերացում չունեք »,-ասաց մեր աղբյուրը։ Շիրակի մարզում «Հայաստան»  դաշինքի համար որոշիչ դեր է խաղալու նաև խոշորացված համայնքների ղեկավարների  դաշնակցական լինելու փաստը։ Կարծում են  փորձագետները։ 

Մարզում ապահով եւ հանգիստ են իրենց զգում  «Հայաստանի Հանրապետական» եւ «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած  «Պատիվ ունեմ» դաշինքի  աջակիցները։ «Հայրենիք» կուսակցության կազմակերպական ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը ծնունդով գյումրեցի է, եւ հենց նրան էլ հանձնարարված է մարզում աշխատանքներ տանել։ Գրեթե բոլոր համայնքներում՝ Աշոցքի, Գյումրիի, Ախուրյանի, Ամասիայի, Արթիկի, Անիի գրասենյակներ են բացվել։ «Շիրակի մարզում ծանր հեծելազորը «Հայրենիք»-ն է, հատկապես, որ Վանեցյանը մայրական կողմով կապված է մարզի հետ, բայց ՀՀԿ մարզային կառույցի երիտասարդներն էլ քիչ բան չեն անելու»,-փոխանցեց կուսակցական մեր զրուցակիցը։

Արդարության համար ասենք, որ մյուս կուսակցություններից շատերի գրասենյակների դռները դեռևս կողպված են։