Սևակը մեր տուն էր եկել․ մի ջինջ հուշ

Սևակը մեր տուն էր եկել․ մի ջինջ հուշ

Հին թղթերից միջից հանեցի այս բանաստեղծությունը, տարեթվին նայեցի ու տեսա, որ գրել եմ 12 տարեկանում։ Այդ հուշի հետ նաև տխուր զգացում առաջացավ՝ 6-րդ տարին է լրանում, որ բանաստեղծական մի տող անգամ չեմ գրել։ Ոչ միայն Հայոց աշխարհն է ամլացել, այլ մարդիկ, որոնց հոգում չորացան բոլոր անուշ ծիլերը։

Գուցե ընթերցողիս սրտին որակյալ չթվա 12 տարեկան աղջնակի բանաստեղծությունը, որը հուշաթղթերիս մեջ էր,  բայց խնդրում եմ կարդաք, որովհետև այն նվիրված է Պարույր Սևակին, ով հայրական մեր տուն էր եկել՝ Գորիս, երբ հայրս Գորիսի Կուլտուրայի բաժնի պետն էր։

Շատ քաղցր մի հուշ կա նրա հետ կապված։ Սևակի մեր տուն գալուց այնքա՜ն էի հուզվել, որ գրել էի այս բանաստեղծությունը․

Դու մեր տանը հաց ես կտրել, Պարույր Սևակ
Ու ասել ես՝ թող չկպնի հացին դանակ,
Աստվածային այս օջախում սու՜րբ, սրբացած
Թող չմորթվի գերդաստանի հացը նշխար:
Համբուրել ես հորս ձեռքը, Պարույր Սևակ,
Երբ տեսել ես մեր տան պատին ամուր մեխված
Պապիս գյուղի տրեխները՝ հի՜ն, պատռոտված,
Շոյել ես դու տրեխները սու՜րբ- սրբացա՜ծ:
Անկազմ գիրքդ նվիրել ես հորս, ասել՝
Տալիս եմ քեզ իմ սիրտը բաց, իմ սիրտը թաց,
Թող այն լինի քո սեղանին սրբասուրբ հաց,
Ինձ տվիր դու արևային անձրևալաց:

Ի՞նչ էր տեղի ունեցել։ Իրականում այն, ինչ գրել էի բանաստեղծության մեջ։ Սևակը թույլ չէր տվել, որ հացը դանակով մայրս կտրի։ Նվիրել էր հորս իր մակագրությամբ անկազմ «Մարդը ափի մեջ» գիրքը ու ամենակարևորը՝ գրողի ծննդյան օրվա հետ կապված, ուզում եմ ներկայացնել այս ջինջ հուշը․ 

«Սևակը իմ հայրական տուն էր եկել: Հինգերորդ, թե վեցերորդ դասարանում էի սովորում։ Երբ բանաստեղծը մտավ հորս սենյակն ու տեսավ նրա մահճակալի գլխին կախված հին, գունավոր թելերով կարված ու գույները խունացած տրեխներ, շանթահարվեց.

-Սրանք ի՞նչ են,-  զարմանքից այլայլվել էր բանաստեղծի  դեմքը:

- Հորս տրեխներն են,- մի տեսակ քաշվելով,-  ասել է հայրս:

- Իսկ ինչու՞ քո գլխավերևում,- համարյա շշնջալով հարցրեց բանաստեղծը:

- Որպեսզի անընդհատ հիշեմ իմ անցած կյանքը ու չփոխվեմ…

Այդ ժամանակ հայրս բարձր պաշտոնյա էր, բայց բոլորն ասում էին, իրեն պահում էր գյուղից նոր եկած պատանու պես՝ պարզ, անկեղծ, անմիջական, մարդասեր… Մենք չորս երեխաներով կանգնել ու լսում էինք այդ զրույցը: Պոչը կտրած գդալի պես, հիշում եմ, մեջ ընկա ու խոսքիս կարևորություն տալով ասացի.

-Ամեն օր մենք երեխաներով մտնում ենք այս սենյակը ու համբուրում  պապիի տրեխները:

- Ինչու՞,- Սևակի աչքերում արցունքներ կային:

- Որովհետև նա մեր պապին է։