Իրավիճակը գնալով բարդանում է․ ադրբեջանագետ
Ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում: Այսօր լրանում է 18 օր, ինչ Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանցիների կողմից: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Ակնհայտ է, որ իրավիճակը գնալով բարդանում է: Պարզ է նաև, որ ընթանում են բանակցություններ: Դատելով ադրբեջանական լրատվադաշտի ուսումնասիրությունից՝ Ադրբեջանն այս պահի դրությամբ հետևյալ խնդիրներն է իր առջև դրել՝ միջանցքի տարածքում անցակետի տեղադրում:
Ադրբեջանի լրատվական աղբյուրներից մեկը գրում է, որ առաջարկվել է մտնող բեռները նայել և ներս թողնել: «Ինչպես պարզաբանել են դիվանագիտական աղբյուրները, եթե հայկական կողմը պնդում է, որ ամեն օր Հայաստանից Ստեփանակերտ է ուղարկվում մինչև 400 տոննա տարբեր բեռներ, ապա պահանջ է ներկայացվել կազմել ցուցակ և գույքագրել թե այդ բեռները տեղափոխող մեքենաները, թե այն ընկերությունները, որոնց դրանք պատկանում են, և զննման պայմանով պայմաններ կստեղծվեն դրանց տեղափոխման համար։ Սակայն հայկական կողմը կտրականապես հրաժարվել է այդ առաջարկից»,–գրում է աղբյուրը: Հասկանալի է, թե ինչու է հայկական կողմը հրաժարվել դրանից, դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է վերահսկողություն սահմանի Երևան–Ստեփանակերտ ելումուտի նկատմամբ, ինչն անթույլատրելի է:
-Ադրբեջանը նաև խնդիր է դրել ստեղծված իրավիճակի մեղքը բարդել Արցախի ղեկավարության վրա և նրանց դեմ տրամադրել Արցախի հայերին: Գլխավորապես շրջանառվում են Արայիկ Հարութունյանի և Ռուբենի Վարդանյանի անունները: «Ակնհայտ է, որ Հարությունյան-Վարդանյան քրեական դուետի նպատակը ամենևին էլ Արցախի բնակչության կարիք ունեցող բեռների առաքումը չէ, այլ պարզապես տեղեկատվական պատրանքի ստեղծումը առասպելական «մարդասիրական աղետի» մասին աղաղակների շուրջ»,–գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հստակ է, որ Ադրբեջանը չի հասել իր նպատակներին, բայց նաև պարզ է, որ հումանիտար ճգնաժամն Արցախում խորանում է: Դրան գումարվում են գալիք տոները, որոնք հայկական ընտանիքների համար կարևոր են հենց միասին լինելու, Նոր տարին միասին դիմավորելու առումով: Դա, իհարկե, հոգեբանական առումով լրացուցիչ ճնշում է հաղորդում և մեծացնում սպասումը: Այդուհանդերձ, ավելի քան ակնհայտ է, որ սա հանքի հարց չի, դա մի փոքր խնդիր է, գլխավոր նպատակը Արցախի նկատմամբ վերահսկողության սահմանումն է, ինչի միջոցով էլ դուրս կբերվի հայ բնակչությունն Արցախից: Վերջերս սոցիալական հարթակներից մեկում մի քննարկման հանդիպեցի, որտեղ ադրբեջանցիները խոսում էին, որ այս քայլերի արդյունքում հայերը դուրս կգան Արցախից: Դա է հիմնական նպատակներից մեկը: Իսկ Արցախի կորուստն ակհայտորեն կմեծացնի Սյունիքի նկատմամբ ոտնձգությունների հավանականությունը: Դա պատմությամբ ապացուցված պարզ ճշմարտություն է: Ուստի այսօր Արցախի մեր հայրենակիցների դիմադրությունը երկարաժամկետ առումով պաշտպանում է Սյունիքն ու ՀՀ–ն: Սովորաբար բարդ իրավիճակներում կայացված ծանր որոշումներն արդյունք են տալիս ապագայի համար: Այդուհանդերձ, նաև ակհայտ է, որ պետք է շարունակել համառ աշխատել միջազգային հարթակներում և մեծացնել ճնշումը, քանի որ հումանիտար ճգնաժամը խորանում է: Մենք հանձնվելու ընտրություն չունենք, քանի որ մեզ համար հանձնվելը հավասարազոր է պետականության կորստին:
Հ.Գ. Ադրբեջանական աղբյուրները մեջբերելիս օգտագործել եմ տեղանունների հայկական անվանումները, պարզ է, որ իրենք այլ անուններն են կիրառում»,-գրել է նա:
Կարծիքներ