Պարտադրված խաղաղություն
Զարմանալի մարդիկ են եվրոպական երկրների այսօրվա քաղաքական գործիչները: Նրանք ցանկանում են, որպեսզի նիկոլական «ժողովրդավարության բաստիոնից» Հայաստանը վերածվի շարքային ժողովրդավարական երկրի: Ու այդ նպատակով աջակցում են Նիկոլի նախաձեռնած «խաղաղության դարաշրջանի մեկնարկին»: Ու չեն ցանկանում տեսնել, որ այդ խաղաղությունը պարտվողական բնույթի է: Նախահարձակ կողմը՝ Ադրբեջանը, ստիպում է Հայաստանին կնքել խաղաղության պարտվողական պայմանագիր: Բայց ռուս-ուկրաինական հակամարտության առումով, չգիտես ինչու, դեմ են «պարտադրված» կամ որ նույնն է՝ պարտվողական, խաղաղությանը: Եվ ամեն ինչ անում են, որպեսզի պարտվողի դերում հանդես գա նախահարձակ կողմը, այսինքն՝ Ռուսաստանը: Եվ այդ նպատակով տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական, ֆինանսական ու մարդասիրական օգնություն են տրամադրում Ուկրաինային: Իհարկե, ուկրաինական արյունն ավելի կարմիր չէ, քան հայկականը: Եվ Ուկրաինայի հակառակորդը ոչ թե բռնապետական Ադրբեջանն է, այլ ընդամենը ավտորիտար Ռուսաստանը: Եվ, չնայած այդ նրբերանգներին (Նիկոլի սիրած բառն է, չէ՞), Հայաստանի դեպքում աջակցում են պարտադրված խաղաղությանը, Ուկրաինայի դեպքում՝ մերժում:
Ի դեպ, «պարտադրված խաղաղություն» արտահայտություն օգտագործվել է Գերմանիայի նախկին կանցլեր (ավելի քան մեկուկես տասնամյակ) Անգելա Մերկելի կողմից: Վերջինս դրա փոխարեն ուկրաինացիների համար գերադասել է համարել «բաց ու բարեկամական խոսակցությունը»։ «Բաց ու բարեկամականը», տիկին Մերկելի տեսակետից, հավանաբար ենթադրում է վերադարձ մինչև 2022 թվականի սկիզբն առկա իրողություններին: Չնայած Ուկրաինայի նախագահի տեսակետից դա ընդունելի չէ, և պետք է կատարվի վերադարձ 1991 թվականի սահմաններին: Եվ նույնիսկ այդպիսի լուրջ տարակարծության պայմաններում Եվրոպական Միությունն ու առանձին եվրոպական երկրները (ԱՄՆ-ի մասին էլ չենք խոսում) շարունակում են ռազմական և այլ օգնություն տրամադրել Ուկրաինային: Չէ, ոնց հասկանում եմ, ուկրաինացիների արյունն ավելի կարմիր է: Իսկ Ռուսաստանը շատ ավելի բռնապետական է, քան Ադրբեջանը: Շարժվելով այդ տրամաբանությամբ և հաշվի առնելով մեր թշնամու կողմից մեր երկրին պարտադրված խաղաղությանը Եվրոպական Միության աջակցությունը՝ պետք է ընդունենք, որ Ադրբեջանն ավելի ժողովրդավարական է, քան Հայաստանը: Այլապես տիկին Մերկելը (ինչպես նաև նրա գործող գործընկերները) կտեսներ, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխհարաբերություններում գործում է հենց իր կողմից ոչ ընդունելի տարբերակը՝ պարտադրված խաղաղությունը: Եվ իր հեղինակավոր ձայնը կբարձրացներ ընդդեմ այդ երևույթի:
Կարծիքներ