Կառավարության արգելքը և մի բեռնատար՝ Աթաթուրքի պատկերով

Կառավարության արգելքը և մի բեռնատար՝ Աթաթուրքի պատկերով

Օրերս ողջ համացանցը քննարկում էր՝ եթե գործում է թուրքական ապրանքների արգելքը, ապա մայրաքաղաքի կենտրոնում ի՞նչ գործ ունի Երևանում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի պատկերով, թուրքական պետհամարանիշով բեռնատարը։ Մի օգտատեր անգամ գրել էր․

«Եթե թուրքական ապրանք չենք ներկրում, ապա ի՞նչ է տեղափոխում էս բեռնատարը

- Ի՞նչ գործ ունի թուրքական բեռնափոխադրման գործակալության գովազդով / թուրք ազգայնական քարոզով էս բեռնատարը Երևանում. միգուցե ապաշրջափակման trial փուլում ենք, տեղյակ չենք»։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Խեչոյանն ասաց․«Բայց դա ինչ կապ ունի նախարարության հետ։ Մենք ի՞նչ պետք է անեինք»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման և այն ուժի մեջ է մտել  2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Հիշեցենք նաև, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը հիմնավորված էր անվտանգային բաղադրիչով՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: «Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,-գրված էր կառավարության որոշման մեջ։

Անահիտ Խեչոյանը ավելացրեց,որ հետագայում կառավարության մեկ այլ որոշումով դրանում փոփոխություններ են մտցվել։ «Թույլատրել նրանց, ովքեր որ հումք ենք ներկրել, արդեն գումարը վճարել են, կամ արտադրողներ են, բայց հումքը բերում են այնտեղից, նրանց թույլ տան, որ հումքը բերեն աշխատեն, մինչև որ կկարողնան ուրիշ շուկաներ գտնել։ Որովհետև մեկ օրում չեն կարող շուկա գտնել և փոխել»։

Նախարարությունը  այս մասով մշակել է նաև ուղեցույցներ։
«Ասենք՝ բանջարեղենի մասով է, մենք կոնկրետ ասում ենք, կիտրոնի մասով նշել ենք՝ Վրաստան, Եգիպտոս, Հունաստան, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Արգենտինա, ՌԴ։ Օրինակ՝ նռան մասով՝ Իրան, Վրաստան, Պերու, Կոլումբիա, ՌԴ։ Եվ այսպես շարունակ»։

Բայց արդյոք դրանք այլընտրանք կարող են լինել։ Կոլումբիան որտեղ, Թուրքիան որտեղ։ Անահիտ Խեչոյանը նկատեց՝ կա ընտրություն, դա չեն ուզում, կա Վրաստան, Իրան։

Ներկայացնենք այն ապրանքներիի ցանկը, որը ներկրվում է Թուրքիայից․ տարածվում է թարմ կամ սառեցված ձկան, ձկնամսի ու փափկամսի, կենդանի բույսերի, տնկաշվերի, ծաղիկների և կոկոնների և մի քանի տասնյակ ապրանքների վրա՝ կոճակ, ճարմանդ, մատիտ, գրի , սիգարների փողեր, սանր, բիգուդի, հիգիենիկ հեղուկացիր, թերմոս, վակուումային անոթ,կարթեր, ավել, խոզանակ, բարձիկ, կարուսել, մոնոհենարաններ, մարզական գույք, սենյակային խաղեր, հեծանիվ, շինարարական կոնստրուկցիաներ, համակարգիչ եւ դրա բլոկներ, և իհարկե՝ հագուստ։