Ինքնաբացարկից առաջ գոնե օրենքը կարդայիք

Ինքնաբացարկից առաջ գոնե օրենքը կարդայիք

Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ձայներով առաջատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, նրանք պահանջում են նոր ընտրություններ: Մինչդեռ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը նիստ է անցկացրել եւ որոշել, որ մանդատները հանձնվելու են հաղթող կուսակցություններին․ 6 մանդատ՝ «Արփի-Ամասիա դաշինքին», 3-ը՝ ՀՀԿ-ին։ Իսկ ՔՊ-ականների գրանցումը` իրենց դիմումների համաձայն, համարվում է ուժը կորցրած։ Ինչը ենթադրում է, որ Ամասիայում նոր ընտրություններ չեն լինի։

Այդ որոշումից վրդովված՝ ինքնաբացարկ հայտնած ՔՊ թեկնածուներն ու նրանց համակիրները երեկ Շիրակի մարզպետարան էին եկել՝ հանդիպելու մարզպետին։ Նրանց հատկապես բարկացնում էր Շիրակի մարզի ՔՊ տարածքային կառույցի լռությունը, թե ինչու որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ տեր կանգնելու ՔՊ-ականների ստացած ձայներին:

«Մեր հաղթանակը վաճառել են, համայնքապետի աթոռն էլ, մենք ինքնաբացարկ չենք հայտնել, այլ հրաժարվել ենք, որ նոր ընտրությունների գնանք»,- պնդում էին նրանք, ինչպես նաեւ ցանկանում էին մարզպետի միջոցով իրենց բողոքը հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ իրենց, անտեղյակ է մարզում տեղի ունեցող իրադարձություններից:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունեց բողոքավորներին, սակայն, ինչպես պարզվեց, մարզպետի հետ հանդիպումը չէր գոհացրել նրանց: ՔՊ-ի բողոքավորներն իրենց դժգոհությունն էին հայտնում մարզպետից՝ նշելով, որ Ամասիայում մարզպետին այդպես չեն դիմավորել, որ ցանկության դեպքում նա կարող էր միջամտել՝ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու համար, մինչդեռ նա էլ է ՏԻՄ օրենքը մեջբերել:

Հիշեցնենք, որ Ամասիայում «Արփի-Ամասիա դաշինքը» երկրորդն էր, որը ՔՊ-ին զիջում էր չնչին ձայներով, երկուսին էլ 6-ական մանդատ էր բաժին ընկնում: Մենք գրել էինք, որ նախապես հայտարարվեց, որ «Ամասիա-Արփի դաշինքը» ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու: «Արփի-Ամասիա դաշինքը» գլխավորող Ջեմմա Հարությունյանի խոսքերով, կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չկա, քանի որ օրենքի ուժով ինքը, այսպես թե այնպես, ընտրվելու է համայնքապետ: Չնայած ՔՊ-ին հավասար՝ 6-ական մանդատ ունեն, սակայն, ըստ օրենքի, համայնքապետ է ընտրվում առավել տարեց թեկնածուն: Այս դեպքում Ջեմմա Հարությունյանը տարիքով մեծ է ՔՊ-ի թեկնածուից: Պարզվում է՝ Ջեմմա Հարությունյանի` համայնքապետ ընտրվելու փաստը ՔՊ-ականները ոչ մի կերպ չեն կարողացել հանդուրժել: Հատկապես դեմ է եղել ՔՊ-ի թեկնածուն` 38-ամյա Մերգել Ղարիբյանը, չհամակերպվելով իր՝ համայնքապետ չդառնալու փաստի հետ:

Մեր հարցին, թե ինչու ինքնաբացարկ հայտնեցին, Մերգել Ղարիբյանը մի քանի օր առաջ ասել էր․ «Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի վերջնական արդյունքները, ընդունի դիմումները, հանդես կգանք մեկնաբանությամբ»: Նրանք համոզված էին, որ ինքնաբացարկի դեպքում նոր ընտրություններ կլինեին, եւ այս անգամ զգալի ձայներով իրենք կհաղթեին։ «Շատ վստահ ենք, տանելու ենք»,- ասել էր նա: Հիմա պարզվում է, որ անգամ օրենքը լավ չէին կարդացել ու չգիտեին, որ այս դեպքում նոր ընտրություն չի կարող լինել: