Ռազմավարական դաշնակիցը հայերին ներկայացնում է որպես սեռագա՞ր

Ռազմավարական դաշնակիցը հայերին ներկայացնում է որպես սեռագա՞ր

Ռուսաստանյան կենտրոնական՝ Առաջին ալիքով փետրվարի 11-ին ռուսաստանյան բոմոնդի աստղ, քաղաքական գործիչ, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակի եւ հայտնի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հեղինակային «Դոկ-թոք» հաղորդման անդրանիկ եթերը (hաղորդման ձեւաչափը՝ իրական մարդկանց մասին իրական պատմություններ) նվիրված էր Խաչատուրյան քույրերին։ Հիշեցնենք, որ երեք աղջիկների նկատմամբ տարիներ շարունակ սեռական բռնություններ է գործադրել սեփական հայրը, որին նրանք սպանել են։

Ռուսաստանում, եւ ոչ միայն, բնակվող հայերի կողմից սա բացասաբար է ընկալվել։ Վաղուց գովազդված հաղորդաշարը սկսվել է հայերին վարկաբեկող նման պատմությամբ, որը բոլորովին էլ բնութագրական չէ մեր ազգի համար, ռուսաստանյան հսկայական լսարանի վրա մեծ ազդեցություն է թողնելու եւ վարկաբեկիչ դեր է խաղալու։ Մարդիկ հարցնում են՝ արդյոք սա մեր ռազմավարական «ոխերիմ բարեկամի» կողմից հայերին նվաստացնելու, ստորացնելու ու հատուկ վարկաբեկելու նպատակ չունի՞։ Նման դեպքեր ու պատմություններ Ռուսաստանում ամեն քայլափոխի են հանդիպում, բայց, չգիտես ինչու, հաղորդաշարի հեղինակները որոշել են իրենց նորամուտը սկսել հայերին վարկաբեկելուց։ 
Հարցի նրբությունը հասկանալու համար մի պահ պատկերացնենք, որ Հ1-ի եթերով նորաբաց հաղորդաշարի առաջին հաղորդումը վերաբերեր ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններից մեկին՝ նման զազրելի թեմայով մի միջադեպի։

Ի դեպ, հաղորդման համար ընտրված դերասանները եւս ազգությամբ հայ են՝ «յան»-ով վերջացող ազգանուններով, որոնց  հայկականությունը, օրինակ, հորը մարմնավորող ազգությամբ հայ դերասանի պարագայում ընդգծվում է այն տեսարանով, որ նա ինչ-որ քրեական «ռազբորկայի» գնում է թզբեհով, որից կախված է հայկական առաքելական խաչ։ Հաղորդման յութուբյան տարբերակի տակ «Դիանա Յարկինա» անուն ազգանունով մի կին այդ մասին գրառում է արել․ «Չհասկացա՝ ինչո՞ւ դերասաններ, ինչո՞ւ նորից մեզ ընկղմել այս մղձավանջի մեջ»։
Հետո՝ հաղորդման սցենարիստների մտահղացմամբ, հայ դերասանը բռնաբարում է աղջիկների մորը, որը ստուդիայում նստած՝ Սոբչակի հետ դիտում էր այդ կադրերը։

Նշենք, որ հաղորդումն աննախադեպ թվով «դիսլայքեր» ունի, թեեւ գրառումներ կատարողների մեջ հայեր գրեթե չկային։ Ամեն դեպքում, նման վերաբերմունքին պետք է մեր պետությունը, գոնե դեսպանատան մակարդակով, անդրադառնա։ Մանավանդ, հաղորդման մեջ ակնհայտորեն ոտնահարում են անմեղության կանխավարկածը՝ քույրերին ներկայացնելով որպես մարդասպաններ։ Մինչդեռ դեռ չկա դատարանի վճիռ, եւ, ըստ էության, հրապարակվում են նախաքննության տվյալներ։ Օգտատերերից մեկը հենց այդպես էլ գրել է․ «Նախքան դատարանի որոշումը նկարել ֆիլմ, մորը հարցաքննել բռնաբարության մասին։ Իսկ որտե՞ղ է Սոբչակի լրագրությունը»։

Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց Խաչատուրյան քույրերի համար բողոքի ակցիա անող իրավապաշտպաններից Զարուհի Հովհաննիսյանը եւս նշում է, որ Հայաստանը պետական մակարդակով ցայսօր դիրքորոշում չի հայտնել խնդրի վերաբերյալ․ «Աղջիկների նկատմամբ կատարվողի վերաբերյալ արձագանք չունենք»։ Զարուհին այն կարծիքին է, որ դեպքն ազգային դիտանկյունով չպետք է դիտարկվի, նախ՝ որովհետեւ ակնհայտորեն ռուսաստանյան սոցիալական ու իրավապահ տարբեր մարմիններն են թերացել, որպեսզի գործը նման ելք չունենար, բայցեւ կարծում է, որ Հայաստանը պետք է ունենա այս հարցում դիրքորոշում՝ հաշվի առնելով, որ աղջիկներն ունեն «յան»-ով ավարտվող ազգանուն։ «Եվ Հայաստանը որքան չի հայտնում այդ դիրքորոշումը, այնքան շահարկումների տեղիք է տալիս»,- ասում է իրավապաշտպանը։ Նա նշում է, որ աշխարհի բոլոր երկրներում կան նման երեւույթներ, եւ այստեղ շատ կարեւոր է պետության գործոնը, թե ինչպես է վերացնում, կանխարգելում եւ սոցիալական աջակցություն ցուցաբերում սեռական կամ ընտանեկան բռնության զոհերին։ 

Մեզ հետ զրույցում Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը նկատեց, որ երեկ հայկական ինչ-որ խմբեր այդ հարցը քննարկել են, բայց անձամբ Մարիամը տպավորություն չէր ստացել, որ հաղորդումը հատուկ, ազգային պատկանելությամբ է պայմանավորված, այլ ուղղակի նրանով, որ այդ դեպքը Ռուսաստանում սկանդալային էր ու մեծ ռեզոնանս էր  ունեցել։ «Միակ բանը, որ զարմանալի է, այն է, որ դերակատարներին էլ են ընտրել հայ․․․ անհասկանալի է այդ առումով»։ Նա ասում է, որ Խաչատուրյան քույրերի դեպքի մասին հայտնի դառնալուց հետո էլ համայնքն առանձնապես հատուկ կարծիք չի հայտնել, եւ ավելին՝ կարծիքները կիսված են եղել․ մի մասը պահանջում էր արդարացնել Խաչատուրյան քույրերին, մի մասը՝ պատժել։

ՀԳ․ Հայաստանի կողմից դիրքորոշում հայտնելու վերաբերյալ հարցն ուղղեցինք Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, ով խնդրեց հաղորդման լինքը, ապա հայտնեց, որ զբաղվածության պատճառով առայժմ որեւէ բան չի կարող փոխանցել։