Ինտերպոլը թքած ունի ՀՀ դատախազության վրա

Ինտերպոլը թքած ունի ՀՀ դատախազության վրա

Այսօր մենք լուր էինք հրապարակել, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է և նա մեկնել է Իտալիա։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան ասել էին, որ Հայաստանի Հանրապետությունում հետախուզումը չի դադարեցվել՝ Մինասյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ։ Բայց ոչ պաշտոնապես նույն դատախազությունից տեղեկացել էինք, որ Ինտերպոլը դադարեցրել է հետախուզումը։ Այսինքն, Միքայել Մինասյանը միայն Հայաստան չի կարող ժամանել, իսկ աշխարհի որեւէ երկրում նրա շարժի հետ կապված արգելք չկա։ Մենք տեղեկություն ունեինք նաև, որ հենց ՀՀ իշխանություններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում» պաշտոնապես հայտարարել այդ մասին, որովհետեւ բազմամիլիոն «փրկագին» են ստացել ՀՀ իշխանությունները՝ Միքայել Մինասյանից, դրա դիմաց: 

Մեր լուրի հրապարակումից հետո, այսօր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մի «պարզաբանում» տարածեց, որով հաստատեց մեր տեղեկությունը, որ միջազգային հետախուզումը դադարեցվել է, բայց փորձեց իր «խասյաթի համաձայն» ինչ որ բան հերքել, գրելով, որ միջազգային հետախուզումը դադարեցնելու հետ իրենց կապ չունեն, դա արել է Ինտերպոլը, ավելին՝ «ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել»։
«Արդյունքում, ըստ Ոստիկանությունից ստացված տեղեկության՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Մ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում, Ինտերպոլը 2022թ. հուլիսի 7-ից դադարերել է նրա միջազգային հետախուզումը: Այսինքն, նշված գրությամբ չեն ներկայացվել որոշման կայացման իրավական հիմքերը»,-գրել է Գոռը։

Մենք երեկ Գոռ Աբրահամյանին հարցրինք՝ իսկ ինչու մեր նախորդ օրվա հարցմանը լիարժեք պատասխան չէին տալիս եւ ինչո՞ւ են հիմա տեղեկանում այդ մասին, այսինք՝ մեր հրապարակումից հետո, երբ, փաստորեն, արդեն ուղիղ երեք ամիս է Ինտերպոլը դադարեցրել է միջազգային հետախուզումը՝ Մինասյանի նկատմամբ։ Նա չկարողացավ հոդաբաշխ բացատրություն տալ, նշեց․ «Որովհետև նոր ենք տեղեկացել դրա մասին»։ Թողնենք այն, որ ՀՀ դատախազությունում «Հրապարակից» ավելի ուշ են իմանում, որ իրենց մոտ ծանր մեղադրանքներով անցնող անձի նկատմամբ միջազգային հետախուզումը վերացվել է։

Ստացվում է՝ Ինտերպոլը դադարեցրել է Հայաստանի նախկին պաշտոնյայի նկատմամբ հետախուզումը, բայց հաշվի չի առել ոչ ՀՀ իրավապահ մարմինների հարուցած քրեական գործը, այսինքն՝ համարել է, որ դա կեղծ ու անհիմն մեղադրանք է, ոչ էլ գոնե տեղեկացրել է ՀՀ դատախազությանը, որ հանում եմ հետախուզումը։ Այլ կերպ ասած՝ Ինտերպոլը «շան տեղ չի դրել» Հայաստանի դատախազությանը։ Մինչդեռ Հայաստանը «Ինտերպոլի» անդամ է, տարեկան բաժանորդավճար է մուծում եւ ամեն հետախուզվողի համար էլ է ինչ որ գումար վճարում, ինքն էլ բարեխղճորեն կատարում է «Ինտերպոլի» անդամի իր պարտավորությունները։ Նույն կերպ եղավ նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեպքում, երբ Ինտերպոլը դարձյալ անհիմն համարելով ՀՀ իրավապահ մարմինների կողմից Կոստանյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը, դադարեցրել էր այն։ Սա հերթական ապտակն է Հայատսանի իշխանություններին և, մասնավորապես, իրավապահ համակարգին՝ ի դեմս դատախազության, որով ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունները պարզապես քաղաքական հետապնդման են ենթարկում նախկին պաշտոնյաներին եւ դա միջազգային կառույցներում լավ գիտեն։

Մի ենթադրություն էլ կարող ենք անել, որ ՀՀ իշխանությունները լավ էլ իմացել են ու մասնակից են եղել այս գործարքին ու «փրկագնի» մասին տեղեկություններն անհիմն չեն, դա է պատճառը, որ 3 ամիս առաջ Մինասյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, իսկ իրենք ձայն չեն հանել՝ հույս ունենալով, որ դա չի իմացվի։  Եւ մեր հրապարակումից հետո այլ բան չի մնացել, քան մեղքը «Ինտերպոլի» վրա բարդելը։

Թե այս տարբերակներից որն է իրական, թողնում ենք դատախազության որոշմանը։ Որովհետեւ դրանցից ոչ մեկը պատվաբեր չէ՝ կամ գործ ունենք կոռուպցիայի հետ, կամ ինքնիշխանության ոչնչացման եւ միջազգային կառույցների կողմից նվաստացուցիչ վերաբերմունքի։