Չեմ զարմանա, եթե լսեմ, որ սա համաձայնեցված էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի եւ Երեւանի միջեւ

Չեմ զարմանա, եթե լսեմ, որ սա համաձայնեցված էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի եւ Երեւանի միջեւ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

- Պարոն Խզմալյան, ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Defender-23 երկամսյա զորավարժությունների անցկացման մասին։ Դրանք, ըստ Պենտագոնի, կսկսվեն ապրիլի 22-ին եւ կընդգրկեն 10 եվրոպական երկրների տարածք։ Մասնակից երկրների նախնական ցուցակում ընդգրկված էր նաեւ Հայաստանը։ Սակայն քիչ անց հրապարակվեց թարմացված ցուցակը, որում մեր երկրի անունը նշված չէր։ Ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի անունը նախ կար, հետո անհետացավ ցանկից:

- Բանն այն է, որ սա այնքան էլ էական պրոցես չէ: Մենք կարող ենք ունենալ վերապահումներ, եւ մեզ հետ էլ կարող են վերապահումներով վերաբերվել, ինչպես եղավ հենց այս պարագայում, սակայն ես կարծում եմ, որ մենք պետք է առաջնայինը` կարեւորը, զատենք երկրորդականից: Կարեւորն այն է, որ Հայաստանն այս ժամանակավոր նահանջներին լուրջ չվերաբերվի: Դրանք մարտավարական բնույթ ունեն: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ այս ամենը համաձայնեցված է եղել:

- Ո՞ւմ հետ համաձայնեցված եւ ինչո՞ւ:

- Չափազանց լուրջ խնդիր կլինի, եթե մենք մտածենք, որ կատարվածը թյուրիմացության արդյունք է: ՆԱՏՕ-ի կողմից ՀԱՊԿ անդամ երկրի հետ զինվորական գործողություն սկսելը չափազանց լուրջ հարց է, եւ այդ հարցում չեն կարող լինել պատահականություններ: Չեմ զարմանա, եթե մենք մի օր բացահայտ լսենք, որ այս ամենը համաձայնեցված էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի եւ Երեւանի միջեւ: Ռուսաստանն ուզում էր Հայաստանում թրոլինգ իրականացնել` Հայաստանի տարածքում զորավարժություններ անելով:

- Իսկ գուցե Հայաստանն այնքան է վախենում Ռուսաստանից, որ հենց ինքն է ցանկից որոշել դուրս գալ:

- Չեմ կարծում, թե Հայաստանն այդքան թեթեւամիտ կարող է գտնվել: Չենք կարող ընդամենը մեկ օրվա ընթացքում նման քայլի գնալ: Պատերազմը մեր վարած քաղաքականության վրա խորը հետք է թողել: Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից՝ ազատվելով ռուս-թուրքական դաշինքից: Այսպես թե այնպես, Հայաստանը մերձենալու է Արեւմուտքի ռազմաքաղաքական դաշինքների հետ: Այդ որոշումն արդեն իսկ ընդունված է, ընդունված է Երեւանում, Բրյուսելում եւ Վաշինգտոնում: Բոլոր տհաճ եւ հաճելի զարգացումներն այս առումով մարտավարական են: Նրանք կարող են ունենալ քաղաքական բնույթ, բայց ոչ ռազմավարական: Պետք է սառնասրտորեն նայենք նման դեպքերին եւ խուճապի մեջ չընկնենք:

- Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ կայացած վերջին հանդիպման ժամանակ խոսել է քաղաքական վեկտորի հստակ փոփոխության մասին. ասել է, թե մինչեւ 2023-ի ավարտը Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու եւ սկսելու է եվրաինտեգրման գործընթաց:

- Այո, եղել է նման խոսակցություն, սակայն ոչ միայն մեր վերջին հանդիպման ժամանակ, այլեւ 2022 թվականին: Այդ ամենը գնալով դառնում է առավել արդիական եւ կոնկրետ: Որոշումը պետք է երկու կողմից լինի: Ինչպես ամուսնությունը, այնպես էլ ապահարզանը պետք է նախաձեռնվի բոլոր կողմերից: Արեւմուտքն այս մասով ունի հստակ որոշում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ մասին չի բարձրաձայնում: Հայաստանը դիտվում է որպես տարածաշրջանի կարեւոր օղակներից մեկը: Կարելի է ասել, որ սա ոչ միայն Հայաստանի Հանրապետության հարցն է, այլեւ Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի հարցն է: