Նոր քաղաքական ուժը փոխզիջման կոչ է անում 17-ին և իշխանությանը

Նոր քաղաքական ուժը փոխզիջման կոչ է անում 17-ին և իշխանությանը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն անունով քաղաքական դաշտին գրեթե անհայտ քաղաքական ուժը՝ իր միանգամայն անհայտ վարչության անդամներով ու հիմնադիրներով, երեկ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված հայտարարություն էր տարածել։

«Կորցնելով Արցախի գերակշիռ մասը, տապալվելով հնարավոր բոլոր հարթություններում, ունենալով «պահպանել իշխանությունը ամեն գնով» առաջնահերթությունը և պատրաստ չլինելով փոխզիջումների՝ պետության անվտանգության երաշխավորից վերածվել է պետության անվտանգության սպառնալիքի»,- ասված է ԺԿ հապավումով կուսակցության հայտարարության մեջ, որում նաև ասվում է․

«Արտախորհրդարանական ընդդիմությունը, չկարողանալով գեներացնել հանրային բավարար աջակցություն, միևնույն ժամանակ, պատրաստ չլինելով փոխզիջումների և առաջնորդվելով «ամեն գնով իշխանություն ունենալու» առաջնահերթությամբ՝ քաղաքական գործընթացները տարել է փակուղի: Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Այս ամենի հետևանքով քաղաքական հակառակորդները վերածվել են «պատերազմող կողմերի»։ Ստեղծված իրավիճակն առավել խորացնում է քաղաքական ճգնաժամն ու անորոշությունները, մեծացնում քաղաքացիական բախումների հավանականությունը՝ հետագայում հակասահմանադրական քայլերը դարձնելով անխուսափելի։ Այսպիսով, հաշվի առնելով թշնամական պետությունների կողմից առկա մարտահրավերները, պետական ինստիտուտների օրեցօր քայքայումն ու խորացող բազմամակարդակ ճգնաժամը՝ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ ձևավորել նվազագույն փոխզիջումային օրակարգ արտահերթ ընտրության ժամկետի սահմանման շուրջ»։

Նշենք, որ այս կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության անդամներն ու հիմնադիրները քաղաքական դաշտին գրեթե անհայտ անձինք են, իսկ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 27-ին։ Կուսակցության, որը դեռևս պետական գրանցում չի ստացել, նախագահը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է, հիմանդիր-անդամներ են՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը և այլք։

 Մամուլում էլ 2019թ․ որպես նախաձեռնություն հանդես եկած այս քաղաքական ուժի վրա «կողմնակի ազդեցությունների» մասին զարմանալիորեն ոչինչ  չկա։ «Հրապարակը» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել է նորաստեղծ քաղաքական ուժի հայտարարության պատճառի, քաղաքական նախասիրությունների ու առաջիկա դերակատարման մասին։

- Փոխզիջումային օրակարգ ասելով՝ ինչ նկատի ունեք։ Եվ ինչու՞ հիմա, երբ նման ակտիվություն չեն ցուցաբերում անգամ դաշտում եղած կուսակցությունները։

- Նախ, ինչու հիմա։ Հիմա, որովհետև հիմա գտնվում ենք խորքային ճգնաժամի առաջ ու սա սպառնում է նաև պետությանը ու պետականության լինելիությանը։ Եվ այս պարագայում, իհարկե, ունենք կարևորագույն խնդիր և առաջնահերթություն, որ կարողանանք էդ իրավիճակից դուրս գալ։ Եվ դրա համար առաջարկում ենք նոր գաղափարեր՝ ինչպես իրավիճակային, այնպես էլ, առհասարակ, հասարակության վերակառուցման։ Եվ սրա համար ցանկալի է, որ լինեն նոր մարդիկ, նոր գաղափարներ, դրա նոր կրողներ և իրագործողներ։ Որոնք ամբողջությամբ պատասխանատվություն կկրեն, ոչ թե կփորձեն տեղ զբաղեցնել դաշտում։ Ինչ վերաբերում է՝ ինչ ասել է «փոխզիջումային օրակարգ»։ Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ երկրի ներկայիս իշխանությունը որևիցե կերպ չի պատրաստվում հանձնել իշխանությունը օրինակ՝ 17 կուսակցություններին, որոնք չունեն նաև բավարար հանրային պահանջ։ Եվ նաև այդ գործընթացը գեներացելու ժամանակ, էսպես ասած՝ չհաջողեցին։ Մենք բոլորս շատ լավ տեսանք, և, բնական է, որ բավարար հանրային աջակցություն չունենալով, այլևս չեն կարող հավակնել, որ  ինչ-որ մեկը նրանց կփոխանցի իշխանություն։ Եվ իշխանությունը դա շատ լավ գիտի։ Երբ այդ պատային վիճակը կամ այդ զրոյական արդյունքով խաղը շատ երկար կարող է շարունակվել, որի դեպքում մենք կունենանք շատ ավելի վատ վիճակ, որովհետև ամեն օրը մեզ համար շատ թանկ է նստում։ Եկեք ֆիքսենք, թե ինչ է ասում ընդդիմությունը՝ եկեք իշխանությունը հանձնեք, մյուս կողմ էլ ընդհանրապես չի ուզում խոսել։ Իսկ մենք ասում ենք՝ երկու կողմից փոխզիջումային տարբերակ, որ համաձայնության գան արտահերթ ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ։ Ու դրանք անցկացնեն հնարավորինս շուտ։
 

- Իսկ ինչու՞ եք կարծում, որ ձեր նորաստեղծ կուսակցության առաջարկը պետք է լսելի լինի իշխանության համար։ Եթե իշխանությունը չի լսում 17-ին, որոնք դաշտում եղած կուսակցություններ են։

- Մենք չենք հավակնում ասելու, որ,գիտեք, մեր առաջարկները անպայման  ընդունվելու են։ Մենք բոլորս համոզված ենք, որ շատ ավելի մեծ աջակցություն կգեներացվեր, եթե այդ 17 ուժերի առանցքային դեմքերն առաջին օրվանից չիջնեին հրապարակ։ Սա ակնհայտ է և դրա մասին խոստովանել են հենց առանցքային ուժերի ներկայացուցիչները, որ սխալվել են։ Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, թե ինչ կառաջարկենք, այլ թե ով կառաջարկի։ Այս պարագայում, մեզ դեռևս չեն ճանաչում, բավականին աշխատանք ունենք անելու, հանրայնացվելու, բայց այդ գործընթացը ինչ-որ մի ժամանակ սկսվում է։

- Իսկ ո՞ր ուժերին եք հարում, պայմանական ասած՝ նախկինների՞ն, թե ներկաներին։

- Բացարձակ երկու ուժերից ոչ մեկին չենք հարում և մենք ունենք մեր օրակարգը։ Եվ որպես օրինակ եմ ասում, եթե անգամ որոշ ժամանակ անց ինչ-որ մի ուժի՝ նախկին, ներկա քաղաքական ուժի հետ քաղաքական մոտեցումների համընկնում լինի, սա դեռ չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկին հարում ենք, որովհետև բացարձակապես նման մտադրություն և ցանկություն չունենք։

- Ձեր կուսակցությունում հայտնի դեմքեր չկան կարծես թե։

- Հանրաճանաչ քաղաքական գործիչներ, չէ, չկան։

- Բայց հավակնում եք՝ քաղաքական սերնդափոխության։

- Մենք կարծում ենք և համոզված ենք, որ պետք է լինի։ Եվ ամենևին էլ չենք պնդում, որ դա անպայման պետք է լինի մեր դեմքով։ Մենք ուղղակի փորձում ենք այդ օրակարգը ձևավորել և ունենալ մեր հավակնությունը։ Թե ինչքանով դա կստացվի, կարծում եմ, ժամանակը ցույց կտա։

- Դուք ասել էիք, որ քաղաքական կուսակցություն չեք դառնա, բայց դարձաք։

- Մենք ասել էինք՝ այս պահին քաղաքական կերպարանափոխման հավակնություն չունենք։ Այս պահին։