Անգամ իրենց պաշտելի ասֆալտն է անորակ և ոչ ամբողջական

Անգամ իրենց պաշտելի ասֆալտն է անորակ և ոչ ամբողջական

Վերջին մեկ տարում, ՀՀ կառավարության տարբեր որոշումներով եւ խորհրդարանի ընդունած օրենքներով էականորեն բարձրացել է քաղաքացիների հարկային ծանրաբեռնվածությունը։ Թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բարձրացնում քաղաքացիների հարկային բեռը, և ինչքանով են արդյունավետ ծախսվում այդ գումարները, զրուցել են 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ։

-Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս տարվանից ակտիվորեն բարձրացնում է մարդկանց հարկային պարտականությունները, բայց հաճախ հենց իրենք են հայտարարում, որ փողի խնդիր չունեն։ Այդ դեպքում, ինչո՞ւ են բարձրացնում հարկերը, տույժ-տուգանքները։ 

-Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այնքան իրարամերժ են, որ որևէ նրա ասած իրականում չի կարելի դիտարկել որպես բացարձակ ճշմարտություն: Կան հստակ թվեր, որոնցից ամենախոսունը, ամենացայտունն ու ամենամտահոգիչը Հայաստանի պետական պարտքն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք գրանցել է ռեկորդային, ինչպես ինքն է սիրում ասել՝ աննախադեպ աճ: Եթե մինչև 2018թ. այն չէր հասնում 7 միլիարդ դոլարի, ապա հիմա այն կազմում է մոտ 11.5 միլիարդ: Բացի այս թվերը, կա դասական դասագրքային ճշմարտություն․ որքան շատ են քաղաքացու սոցիալական խնդիրները, որքան ծանր է ֆինանսական բեռը, այդքան քիչ է նա «զբաղվում քաղաքականությամբ»: Ամենատգեղն այն է, որ նրանք իշխանության եկան «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի ներքո: Բայց այսօր իրենք են իրենց բոլոր պաշտոնյաներով ձեռքերը խոթել միջին եկամուտներ ունեցող քաղաքացու դրամապանակը։ 

-Ինչու է բարձրացնում հարկային պարտավորությունները, բայց 2024 թվականի պետական բյուջեով ոչ մի նոր սոցիալական ծրագիր, աշխատավարձների բարձրացում չի նախատեսվում։ 

-Ես, իհարկե, այստեղ կավելացնեի Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների հանդեպ պետական սոցիալական և ֆինանսական ծրագրերը կամ դրանց բացակայությունը, որոնցով բնորոշվում է պետության վերաբերմունքը մեր բոլորի հանդեպ՝ պատմական այս ճգնաժամային ժամանակահատվածում: Վստահ եմ, որ սրտացավ և հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձվեր այս խնդրին:

-Որքանո՞վ է Փաշինյանի կառավարությունն արդյունավետ ծախսում հարկերից առաջացող պետական բյուջեն: 

-Այս հարցի պատասխանն ակնհայտ է` բոլորի առօրյա կյանքում որևէ դրական փոփոխություն ուղղակի չկա: Անգամ պաշտելի ասֆալտն է անորակ և ոչ ամբողջական: 

-Վերջին շրջանում նա հայտարարում է, որ ՀՀ հերոսը հարկ վճարողն է։ Ինչո՞ւ են հերոս հռչակում հարկատուին։ 

-Սա հասարակության արժեհամակարգի խեղման հստակ ծրագրի մեկ բաղադրիչ է՝ նոր մոդելով այլևս չի խրախուսվում անձնազոհությունը, հայրենիքի, պետության, մերձավորի համար կատարված սխրանքը: Ինչպես տեսանք 44-օրյա պատերազմի և վերջին 4 տարիների ընթացքում չդադարող ռազմական գործողությունների ընթացքից, հայ մարտիկները պաշտպանում են հայրենիքը՝ անկախ իշխող վերնախավի ով լինելուց, ուստի սա ևս պետք է կոտրել: Արվեց ամեն հնարավորը, որ մարդկանց մեջ հերոսություններն ու անձնազոհությունը գաղափարը կոտրեն։ Պարկերի մեջ, մի նկուղում պահվող դիերի զարհուրելի տեսարանները, զոհվածների ծնողների հանդեպ անմարդկային վերաբերմունք, եռաբլուրում զոհվածների ծնողների քաշքշոցը, էլ չեմ ասում Առաջին Ազատամարտը հաղթածների կերպարների հանդեպ հետապնդումներ և վարկաբեկումների բազմաթիվ դեպքերը ասածիս ապացույցն է: Սակայն, չպետք է մոռանալ, հիշենք՝ պատմությունը միշտ ամեն բան դասում է իր ճիշտ տեղում, և իրական հերոսի դեմ նոր հերոս ստեղծելու փորձերն անիմաստ են՝ ապարդյուն։