Գրեթե մեկ ամիս անց՝ Փաշինյանի ծննդյան օրը, սկսեցինք գիտակցել հասունացող աղետը

Գրեթե մեկ ամիս անց՝ Փաշինյանի ծննդյան օրը, սկսեցինք գիտակցել հասունացող աղետը

Ապրիլի 24-ին` Ցեղասպանության  տարելիցին ,  անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվում նաև սփյուռքի մեր մի շարք գաղթօջախներում: Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ  են հավաքվելու նաև վալենսիահայերը։ 

Hraparak.am-ի զրուցակիցը Իսպանիայում  Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանն է։ Հայ համայնքի նախագահի խոսքով ժամանակն է, որպեսզի հայ ազգը համախմբվի եւ ոտքի կանգնի:

«Այսօր արդեն չորս տարի է անցել այն չարաբաստիկ օրից, երբ պաշտոնամոլ Սերժ Սարգսյանը ժողովրդի վզին փաթաթեց նիկոլիզմ կոչվող պատուհասը, որն արդեն համարձակություն է ձեռք բերել` հրաժարվել Արցախից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, ուժեղ բանակ և տնտեսություն ունենալու մտքից։ Ուստի, հիմա է պահը ոտքի կանգնելու, դեպի անդունդը գնացող քայլամոլներին ասելու` «մի պահ կանգնի՜ր, մերժի՜ր Նիկոլին»։Այսօր  պիտի հավաքվենք ու զղջանք չորս տարի առաջ հենց այս նույն օրն իրականացրած գրեթե խրախճանքի համար։ Եվ սա առանց չափազանցելու եմ ասում, քանզի տպավորություն էր, կարծես թե Թուրքիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հիմա հասկանում ենք, որ ո՜չ միայն Թուրքիան չի պատրաստվում ճանաչել այն, այլև, գրեթե վստահ եմ, որ եթե հենց հիմա ներկայիս Ազգային Ժողովում նախագիծ ներկայացվի` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն կմերժվի` շնորհիվ թրքահաճո իմքայլականների»:

Արարատ Ղուկասյանը հիմա արդեն ցավով է հիշում․ «Ուղիղ չորս տարի առաջ ՝  այս օրերին, հայ ժողովուրդը ցնծության մեջ էր։ Թվում էր, թե իրականանում էր նրա դարավոր երազանքը. ապրել ազատ, անկախ, բարեկեցիկ և ուժեղ երկրում։ Իշխանությունների և ժողովրդի միջև տարեցտարի խորացող անդունդն էլ ավելի խորացավ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ` չառաջադրվել այլևս ո՜չ նախագահի, ո՜չ էլ փոփոխվելիք Սահմանադրությամբ` վարչապետի պաշտոնում, սակայն, բառիս բուն իմաստով, խաբեց ժողովրդին, առաջադրվեց և ընտրվեց վարչապետ։ Այս պաշտոնը, սակայն, կարճ տևեց երրորդ նախագահի համար. կարծես արդեն իմանալով, թե ինչ է տեղի ունենալու (որոշ փորձագետների պնդմամբ` անգամ, պայմանավորված), Նիկոլ Փաշինյանը քայլարշավ էր սկսել ողջ հանրապետության տարածքով` պահանջելով Սարգսյանի հրաժարականը և վանկարկելով` «քայլ արա, մերժի՜ր Սերժին» լոզունգ դարձած խոսքերը։ Լոզունգ, որն անմիջապես տարածվեց ո՜չ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում` վառ կերպով արտահայտելով այն դժգոհությունը, որը տածում էր ժողովուրդը` հանդեպ անընդհատ իրենից հեռացող իշխանությունների։

Ժողովուրդը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական տվեց, և հաջորդ օրը` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը, Սփյուռքի շատ համայնքներում, այդ թվում նաև` Վալենսիայում, ոգեշնչումն այնքան ուժեղ էր, որ հավաքվածները նույնիսկ պարում էին ուրախությունից։ Սակայն գրեթե մեկ ամիս անց, շատ-շատերը, այդ թվում նաև ես, երբ էյֆորիայի մեջ գտնվող նույն ժողովուրդը, հրապարակ դուրս եկավ` նշելու նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, սկսեցինք գիտակցել այն հասունացող աղետը, որն անգիտակցաբար բերում է նույն ամբոխը Հայաստանի և ազգի գլխին։ 2019 թվականի ընթացքում արդեն պարզ են դառնում այն նպատակները, որոնք փաշինյանական ռեժիմը դրել էր իր առջև. հարձակվել ազգային արժեքների վրա, մասնատել հանրությանը Հայաստանում և Սփյուռքում, թուլացնել բանակը և այդ ամենն անել ժողովրդի գլուխը պոպուլիզմով լցնելու մեծ փորձառությամբ։ Իսկ վերջինս (համենայն դեպս` մինչ այս պահը, մեծամասնությունը) անգիտակցաբար տակավին գլորվում է այն նույն անդունդը, որն առաջացել էր նախորդ իշխանությունների օրոք։ Փաշինյանի սխալ կադրային քաղաքականության և դիվանագիտական անփույթ քայլերի հետևանքով` Հայաստանը միջազգային ասպարեզում կորցրեց իր վարկանիշը, որն էլ հասցրեց պատերազմի»։ 

Անդրադառնալով պատերազմին եւ դրա հետևանքներին՝ մեր զրուցակիցը նկատում է․

«Պատերազմը մի մեծ փուչիկ էր, իշխանությունների կողմից հանրությանը վաճառված մի մեծ խաբկանք, որն ազգային աղետ դարձավ ողջ ազգի համար։ Մասնատված, կեղեքված ու խեղված հայաստանյան հասարակության սինդրոմը տարածվեց նաև աշխարհասփյուռ հայության շրջանում, որը կարծես թե փաշինյանական ռեժիմի մյուս գերնպատակն էր։ Ներկայումս պարտվողական և թուրքահպատակ դիրքորոշում որդեգրած իշխանությունն այլեւս ի վիճակի չէ ո՜չ միայն կառավարել երկիրը, այլև արտաքին քաղաքականության մեջ որևէ հայանպաստ հաջողության հասնել։ Իր կյանքի ողջ ընթացքում թերի արդյունքներ գրանցած Փաշինյանը (թերի մանկություն, թերի ծնողներ, կիսատ-պռատ ուսում...) երկիրը կարծես թե իջեցրել է իր մակարդակին, որպեսզի ներքևից ավելի հեշտ լինի կառավարելը։ Նման պայմաններում, հաճախ նույնիսկ մարդ սկսում է հարգել, անգամ, կարոտել նախկիններին»։