Պատերազմ լինելու է. Փաշինյանը տանում է կործանարար պատերազմի. Մանուկյան

 Պատերազմ լինելու է. Փաշինյանը տանում է կործանարար պատերազմի. Մանուկյան

Ես դատարանից ոչ մի բան էլ չեմ սպասում։ Այն գնահատականները, որ ես տվել եմ, բոլոր այդ գնահատականները մնում են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։

Վազգեն Մանուկյանը ներկա է նիստին։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Ըստ Քննչական կոմիտեի, Հայաստանի նախկին վարչապետը նման կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում: Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին, օրինակ, հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական հետապնդում է որակում։ «Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»,- մի առիթով ասել էր նա։

«Այս իշխանությունը մեր ժողովրդի համար թշնամի իշխանություն է ու Հայաստանի համար որեւէ օգտակար բան անել չի կարող, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունները անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ Հայաստան պետության ղեկավարությունը կամք ու ուժ չունի, անընդհատ շարունակելու են հարձակվել։ Մեր սահմաններում ու առհասարակ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կայուն չէ, դա հաստատ կայուն վիճակի չի։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի»,- ասաց Մանուկյանը։