Կապիտուլյացիա՞, թե՞...

Կապիտուլյացիա՞, թե՞...

Վերջին ժամանակներս (վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020թ․ նոյեմբերի 10-ի տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո) հայաստանյան համարյա բոլոր օրաթերթերում, առանց որեւէ հիմնավորման, գործածվում է «կապիտուլյացիա» եզրույթը։ 

Ասեմ, որ կապիտուլյացիան իրագործվում է ամենաքիչը 6 հիմնական պայմանների առկայության դեպքում (ըստ Հաագայի կոնվենցիայի)․

1. զինվորական գործողությունների դադարեցում

2. ողջ սպառազինության, ռազմական նավերի, ինքնաթիռների, ամրոցների, ամրացված ռազմակետերի, ռազմական գույքի, ինչպես նաեւ պարտված կողմի զինվորական անձնակազմի (որպես գերի) հանձնում

3. պետական սուվերենիտետից զրկում

4. պետության ամբողջ սահմանների վերահսկում հաղթողի կողմից

5. հաղթողի կողմից բարձրագույն իշխանության նշանակում տվյալ տարածքում

6. եւ վերջապես, հաղթողի կողմից կոնկրետ քաղաքական գծի իրականացում։ 

Ինչպես երեւում է վերոգրյալից, 6 կետերից միայն առաջինն է մասնակիորեն համապատասխանում կապիտուլյացիայի հիմնական պայմաններին։ Մասնակիորեն՝ որովհետեւ զինվորական գործողությունների դադարեցումն իրականացվել է երրորդ կողմի, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի միջնորդությամբ, ես կասեի՝ պարտադրմամբ։ Իսկ մնացած 5 կետերից եւ ոչ մեկը Արցախի պատերազմական թատերաբեմում նույնիսկ չի ուրվագծվել։ 

Հետեւություն․ զրոյական տնտեսական ղեկավարման եւ դիվանագիտական փորձ ունեցող Նիկոլ Փաշինյանին փնովելու համար տեղին չէ Հայաստանի Հանրապետության (նաեւ՝ Արցախի) միջազգային վարկը մրոտել «կապիտուլյացիա» եզրույթով (ընդմիշտ)։ 

Տեղին է նշել նաեւ, որ «կապիտուլյացիա» եզրույթով հոդվածներ տպած օրաթերթերը, առանց կասկածանքի, հայտնվել եւ հայտվելու են Ադրբեջանի լրատվա-դիվանագիտական դաշտում, եւ դրանք առաջիկայում օգտագործվելու են միջազգային ատյաններում Հայաստանի (նաեւ՝ Արցախի) դեմ։

ՀԳ․ Վերջում՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին՝ վերոհիշյալ հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հեռուստատեսությամբ արտահայտելու կապակցությամբ։

Սեւադա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 
2-րդ դասի պետական խորհրդական