Էդ լազաթից մենք էլ ենք ուզում. ինչու չեն շահագործվում Գյումրիի նոր միկրոավտոբուսները 

Էդ լազաթից մենք էլ ենք ուզում. ինչու չեն շահագործվում Գյումրիի նոր միկրոավտոբուսները 

Գյումրիի կենտրոնական փողոցների վերանորոգման ծրագրի ավարտից հետո համայնքապետարանը վստահեցրեց, որ նոր ձեռք բերված Գազել մակնիշի 63 միկրոավտոբուս աշնանը՝ հավանաբար նոյեմբերին, կամ՝ ամենաուշը դեկտեմբերին, երթուղի դուրս կգան։ Սակայն ամառվա սկզբից մինչ օրս մեքենաները կանգնած են եւ չեն շահագործվել: Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր, որ առաջինը փորձարկեց նոր միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը: Գյումրեցիները լավ են հիշում քաղաքապետի առաջին արձագանքը՝ նոր ավտոբուսից իջնելուց հետո ․«Լազաթ տվեց․․․»,-ասաց նա։

Հիմա այդ լազաթից իրենք էլ են ուզում։  «Գազելներ ենք առել, կանգնեցրել, ձմեռն էլ դեռ կանգնելու են, մարտկոցներն ի՞նչ են լինելու 6 ամիս, մեկ տարի մնալու են, ունենալու ենք խնդիրներ դրանց հետ, լիքը խնդիրներ ենք ունենալու սպասարկման հետ կապված»,-վերջին ավագանու նիստին հարց բարձրացրեց «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը։ Նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ վստահեցրեց, թե ամսական 2-3 անգամ մասնագետների կողմից շարժիչները ստուգվում են, որքան էլ կանգնեն՝ որևէ խնդիր չի առաջանա: 

«Միկրոավտուբուսները շահագործման չեն հանձնվում, որովհետև շուրջ 100 հազարից ավել Գյումրու բնակչության համար 63-ը քիչ է, հարկավոր է ևս 20-ը»,-շատ վիճելի մեկնաբանություն տվեցին քաղաքապետարանի տրանսպորտի բաժնից: Մեկ հարց ևս քննարկման փուլում է: Վարորդների օրական պլան եւ գծատերեր հասկացողությունը պետք է վերացվի, միկրոավտոբուսները լինելու են համայնքապատկան, նախատեսվում է ստեղծել համայնքային ենթակայության տակ գտնվող ՓԲԸ, որը տնօրինելու է քաղաքի երթուղային ցանցը: Այդ ամենի համար նախագիծ է մշակվում՝ ներկայացվելու է ավագանու նիստին:

Նկատենք, որ Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը 2022թ-ի փետրվարի 8-ին է, եւ դժվար թե հենց առաջին նիստին էլ նախագիծը պատրաստ լինի ու ներկայացվի ավագանուն: Ստացվում է՝ գյումրեցիները կրկին պետք է ամիսներ շարունակ սպասեն ՝ հույսով, որ մի օր երթևեկելու են նոր եւ հարմարավետ երթուղայիններով: 

Նշենք, որ քաղաքային իշխանությունները միկրոավտոբուսները ձեռք են բերել սուբվենցիոն ծրագրով՝ 50 տոկոս քաղաքապետարանի, 50 տոկոս կառավարության համաֆինանսավորմամբ: Մեկ միկրոավտոբուսի գինը մոտ 14 միլիոնի դրամ է, իսկ ընդհանուր 900 մլն դրամ է տրամադրվել դրանց համար: 450 հազար եվրո էլ եվրամիությունն է տրամադրել, որպեսզի քաղաքի համար ձեռք բերվի 5 էլէկտրաավտոբուս: Դրանք Գյումրի կհասնեն հաջորդ տարի: Իսկ մինչ այդ՝ այս տարվա աշնանը, Գյումրու ավագանին թույլատրեց, որպեսզի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ից էլ թվով 15 ավտոբուս ձեռք բերվի: 

Համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի խոսքով՝ որոշման ընդունումը պայմանավորված էր Գյումրու ներհամայնքային երթուղիները սպասարկող շարժակազմը լրացնելու անհրաժեշտությամբ: Մեր ունեցած տեղեկություններով, այդ ավտոբուսները գնելու համար համայնքի բյուջեից նախնական 1 մլն դրամ է հատկացվել, բայց դեռ չեն գնվել, քանի որ Չինաստանից ներմուծված այդ ավտոբուսները ժամանակին բավականին շահագործվել են եւ դրանց արժեքը որոշվելու է տարբեր փորձագիտական մարմինների կողմից: