Սերժ Սարգսյանն անհարմար չի՞ զգում

Սերժ Սարգսյանն անհարմար չի՞ զգում

Եթե ես կուսակցական համագումարների հանդեպ հետաքրքրություն ունենայի կամ գոնե քաղաքական ելույթներ դիտելու կարողություն, վստահաբար՝ ՀՀԿ 17-րդ համագումարի աշխատանքներին կհետեւեի: Ինչո՞ւ: Որովհետեւ իրոք հետաքրքիր է տեսնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը, որ ժամանակին մեծամտաբար նետում էր, թե ընդամենը 7-8 տոկոս քվե ստացող ուժն ի՞նչ կարող է ասել, հիմա ինչպես է համեստացած, հազիվ 3-4 տոկոս ձայն ստացող ուժ առաջնորդում եւ այդ դիրքից հիմա ի՞նչ է ասում: 

Բայց քանի որ սովորաբար ձեռնպահ եմ մնում քաղաքական ելույթները լսելուց եւ դրանց անդրադառնալուց, սպասում եմ, մինչեւ ելույթի տեքստը հրապարակվի, դա եմ աչքի անցկացնում, հետո նոր ելույթի մասին գրում: 17-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի ամբողջական տարբերակը ՀՀԿ կայքում գտնել չկարողացա, միայն հատվածներ էին տեղադրել։ Բայց մի նախադասություն ելույթից գրավեց ուշադրությունս, քանի որ այնքան ապշեցնող ու անընդունելի թվաց, որ որոշել էի անպայման ռեպլիկ գրել, հետո այդ ռեպլիկի պատճառով ելույթից մի քանի հատվածներ էլ գտա, ընթերցեցի, ու արդեն մի քանի հարցեր էլ ծագեցին, որ արժե հրապարակավ ուղղել նախագահ Սերժ Սարգսյանին: 

Նախ այն, ինչ ինձ կատարելապես անընդունելի, անվայել, ապշեցնող է թվացել, Սերժ Սարգսյանի բառապաշարն ու այլաբանական ձեւակերպումն էր ավանակի մասին` նույնիսկ կարեւոր էլ չէ, թե ում ավանակ կոչելով: Ավելի կարեւոր է այն, որ անգամ «ավանակ» բառը չէր օգտագործվել, այլ գռեհիկ-ռամկական-գեղջկական «էշ», «զռռալ» ու չգիտես ինչ բառեր: Lավ՝ 60-ն անց մարդը, այն էլ երկրի նախագահի պաշտոն զբաղեցրած, կարո՞ղ է իրեն թույլ տալ դահլիճի առջեւ, ընթերցվող տեքստով նման գռեհիկ ռամկական բառապաշար օգտագործել: Ուղղակի ամոթ է: Նախ, խնդրո առարկա կենդանին այնքան վնասակար չէ, որքան Նիկոլ Փաշինյանը, երկրորդ` այդ կենդանին գրական հայերեն անուն ունի` ավանակ: Եվ մարդը, որ բարեբախտություն կամ գուցե դժբախտություն է ունեցել Հայաստանի նախագահ լինելու, ցկյանս պարտավոր է հայոց լեզուն հարգել եւ գրական հայերեն խոսել, ոչ թե գռեհիկ ու փողոցային բառամթերք օգտագործել: 

Երկրորդ․ կյանքի աքսիոմատիկ ճշմարտություններից մեկն այն է, ինչ դեռ 17-րդ դարում իր «Էթիկայում» ձեւակերպել է Բենեդիկտ Սպինոզան. «Այն, ինչ Պողոսն ասում է Պետրոսի մասին, դա ավելի շատ բնութագրում է իրեն` Պետրոսին, քան Պողոսին»: Հասարակությունները միշտ էլ կազմված են ստորին խավերից` խաժամուժից եւ այդ խաժամուժից տարբերվել կարողացած ու բարձրացած անհատներից: Երբ նախագահի պաշտոնին հասած անհատն է իջնում խաժամուժի բառապաշարի ու մակարդակի, դա ավելի քան անհարմար է: Փաշինյանն էտալոն չէ, առավել եւս` վարքի ու խոսքի, որ Սերժ Սարգսյանը ջանում է նրան նմանվել, խոսել ու հավասարվել: Անհարմար է, ամոթ է:

Այս ռեպլիկից դուրս, Սարգսյանի համագումարյան ելույթի՝ իմ ընթերցած հատվածների հետ կապված էլ մի քանի հարցեր ծագեցին: Սերժ Սարգսյանը, որ ջանում է հետահայաց բոլորին հավատացնել, թե 2018-ին ինքը մնում էր իշխանության՝ իբրեւ թե ղարաբաղյան բանակցային գործընթացով թելադրված, այդ գործընթացի ավարտը ե՞րբ էր տեսնում: Ըստ Սարգսյանի՝ ինքը կամ իր հոգեզավակները քանի՞ տասնամյակ պետք է Հայաստանում իշխանության մնային, ինչ է թե ղարաբաղյան հարցն են կարգավորում: Սարգսյանը չէ՞ր գիտակցում, որ Հայաստանի համբերության բաժակը լցվել է, եւ մի օր, Աստված մի արասցե, կարող է հանրությունն ընդվզել եւ գրողի ծոցն ուղարկել իրեն էլ, ՀՀԿ-ին էլ: 

Երկրորդ․ երբ Սերժ Սարգսյանը Երեւանում, «կառավարական դաչաներ» կոչված տարածքում հողամաս ու շինություն էր սեփականաշնորհում, դա՞ էլ էր ղարաբաղյան բանակցային գործընթացով թելադրված: Երբ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկրով մեկ հայտարարում էր, թե «Հայաստանում դեպի իշխանություն տանող ճանապարհն առաջիկա տասնամյակներին անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով», եւ Սերժ Սարգսյանն էլ ոչ թե հրապարակավ սաստում, այլ լռությամբ համաձայնում էր դրա հետ, ի՞նչ է կարծում, երկրի ապագան ուզուրպացնելու այդ մոլուցքն ո՞ւր պիտի հասցներ, բացի փողոցային ընդվզումից եւ ՀՀԿ-ին առհավետ Մելիք-Ադամյան փողոց ուղարկելուց: 

Երրորդ հարցը․ երբ Սերժ Սարգսյանը 2018-ին վարչապետի պաշտոն ստանձնելիս հայտարարում էր, թե ինքն իշխանության է մնում, որպեսզի ՀՀԿ-ական նոր սերունդ կրթի եւ իշխանության բերի, իրեն իրո՞ք թվում էր, թե Հայաստանն իր բդեշխությունն է, այստեղ ո՛չ ժողովուրդ գոյություն ունի, ո՛չ ընտրություն, ո՛չ այլ կուսակցություններ, եւ իշխանության իրավահաջորդին նախապատրաստելու հոգսն իր վրա է մնացել: Կարելի՞ էր այդ աստիճան խելագարվել: 

Վերջում նշեմ, որ գնահատելի է այն, որ Սերժ Սարգսյանն ասպարեզում է եւ շարունակում է ղեկավարել ՀՀԿ-ն, որովհետեւ, այնուամենայնիվ, դա կուսակցություն է, որ թեեւ անվերջ սխալների ճանապարհ է անցել, կարող է, ի վերջո, այդ սխալներից հետեւություններ անել, ուղղվել, բարելավվել: Բայց այդ կուսակցության հիմնասյունը հենց Սերժ Սարգսյանն է, որ պահից Սարգսյանը հեռանա, հաջորդ պահից այդ կուսակցությունը գոյություն չի ունենա կամ այնքան գոյություն կունենա, որքան, դիցուք, Արթուր Բաղդասարյանի  «Օրինաց երկիրը» կամ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն: Բայց եթե Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվությունն այդքան գնահատելի է, դա չի նշանակում,  թե ինքն անցյալի վերաբերյալ հարցերին պատասխանել է: Ոչ, ոչ մի էական հարցի ինքը երբեք չի անդրադարձել եւ չի պատասխանել: Իսկ եթե երբեւէ այնքան ներքին ուժ, ազնվություն եւ պատմության առջեւ պատասխանատվություն կունենա, որ կխոսի եւ իրոք հարցերի կպատասխանի, այն ժամանակ, գուցե, ավանակի այլաբանության դիմելու կարիք այլեւս չլինի՝ սեփական խոսքին ուշագրավություն հաղորդելու համար: