Վեպը՝ վիպագրության բոլոր կանոններին դեմ

Վեպը՝ վիպագրության բոլոր կանոններին դեմ

Ռուսական «Իվան Լիմբախի հրատարակչատունը» կհրատարակի հայազգի գրաքննադատ, անկախ հետազոտող Արեն Վանյանի անդրանիկ՝ «Ապամոնտաժում» վեպը։ Վեպի սյուժեի հիմքում երիտասարդ ընտանիքն է՝ ամուսինը՝ Սարգիսը, ճարտարապետ է, կինը՝ Նինան, բանասեր։ 1991 թվականին նրանք մեծ հույսերով նոր կյանքն են դիմավորում՝ անկախ Հայաստանի ծնունդը։ Սակայն շարունակվում է 89-ին սկսված Արցախյան ազատամարտը, Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ եւ ընտանիքը բախվում է բազմաթիվ փորձությունների՝ սովի, քաղաքական ավերմունքի, հարազատների կորստի։ Անկախության տասնամյակը վերածվում է սարսափի։ Նրանք դավաճանում են իրար, գործում սխալներ, հեռանում տարբեր երկրներ։ Ընտանիքի ողջ մնացած անդամները նորից հանդիպում են քսան տարի անց, որպեսզի անցյալի դուռը փակեն։ 

Արեն Վանյանը ծնվել է 1992 թվականին։ Հանդես է եկել «Վոլգա», «Զնամյա» հանդեսներում, «Գորկիյ», «ՆՕԺ» «Պրավիլա ժիզնի» եւ «Պրոչտենիե» պարբերականներում։ Ապրել է Մոսկվայում։ Այժմ ապրում է Երեւանում եւ Դրեզդենում։ Ունի սեփական տելեգրամյան ալիքը։ Գրող, գրաքննադատ Դմիտրի Բավիլսկին վեպի մասին այսպես է գրել․ «Սիրում եմ նման գրքերը, որ ունեն եզակի, սակայն հստակ դրամատիկ էֆեկտներ։ Արեն Վանյանը վեպի հենց առաջին էջերից ընթերցողին տեղափոխում է եռացող Երեւան ու այնպես է կարողանում ընթերցողին պահել գրքին հակված, որ անհնար է կտրվել, նաեւ՝ չապրումակցել հերոսներին, որոնք հաղթահարել են քաղցած 90-ականների Հայաստանի ձմեռները»։ Բավիլսկին նշում է, որ երկար ժամանակ չի հանդիպել նման վեպի, եւ նկատում է, որ «Ապամոնտաժումը» գրվել է բոլոր կանոններին դեմ գնալով։ 

«Իվան Լիմբախի հրատարակչատան» էջից
Արամ Յանին