Լավ լուր, որ արժե տարածել․ Թագուհի Թովմասյան

Լավ լուր, որ արժե տարածել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ լուր, որ արժե տարածել.

Երբ ընտրվեցի ԱԺ պատգամավոր, իմ առաջին պաշտոնական գրություններից մեկը վերաբերում էր Արցախում և Հայաստանում գործող բջջային օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցմանը: Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին եւ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահին դեռ այս տարվա փետրվարի 4-ին խնդրել էի հնարավորության սահմաններում վերանայել ռոումինգի ծառայությունների բարձր սակագները, քանի որ Գեղարքունիքի մարզի հարյուրավոր զինծառայողներից եւ զինվորների ծնողներից ստացել էի այդ մասով դժգոհություններ: Խնդիրն ամենաբարձր մակարդակով քննարկել էի նաեւ Արցախ կատարած այցի օրերին՝ մարտի 21-26-ին:

Եւ ահա ամիսներ հետո Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը գրավոր հայտնեց, որ «Ի պատասխան Ձեր 2019 թվականի փետրվարի 4-ի հարցմանը, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագների վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Նվազման չափերն հետևյալն են.
- ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
- մուտքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
- տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
- կարճ sms հաղորդագրությունների սակագները՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%»:
Վստահ եմ, պաշտոնական լրահոսից տեղյակ եք սպասվող փոփոխություններին, բայց ինձ համար խիստ կարեւոր էր արձանագրել, որ իմ կողմից ամիսներ առաջ բարձրացված, բանակցած խնդիրը դրական լուծում ստացավ: Հուսամ՝ համեստ ներդրումս նպաստել է այս արդյունքին հասնելուն:
Շնորհակալություն բոլոր կողմերին՝ ՀՀ եւ ԱՀ կառավարություններին:

Կից ներկայացնում եմ Արցախի հանրապետության պաշտոնական պատասխանը՝ լուսանկարով»։