Ոնց որ թե խաղաղությունը իր ոտքով գալիս է  

Ոնց որ թե խաղաղությունը իր ոտքով գալիս է  

Գարնան առաջին օրն է ու մինչ մարդիկ «գարնան մեղրածոր ջերմությունից» փորձում են շտկել որերորդ անգամ մատղաշ ցողունի պես երկտակված  իրենց մեջքը, ոտքի կանգնել ու միմյանց բարեմաղթել՝  դռները բացեք, գարուն է գալիս, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ընկալումները գարնան մասին այլ են․   «Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու սահմանների բացմանը հենց հիմա՝ այսօր»։ 

Միայն բաժակաճառերի ժամանակ կարելի է հանդիպել նման կենացների՝ խմենք այս օրվա, այս ժամի, այս պահի կենացը, այս ակնթարթի կենացը․ «Եթե Սերդար Քըլըչը համաձայնի, մենք կարող ենք այդ մասին հայտարարել հենց հիմա և պատմական դարձնել այս ֆորումը»։ Դռները, սահմանները բացելու հայտարարությունը Ռուբինյանն անում է Անթալիայում ընթացող III դիվանագիտական ֆորումում։ Սերդար Քըլըչն էլ արձագանքում է․ «Ես պարոն Ռուբինյանին ուզում եմ առաջարկել հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և դա կդառնա պատմական իրադարձություն»։ Ռուբինյանն էլ  հանդիպման ժամ է նշում․ «Ես և դուք ավելի ուշ կորոշենք, թե երբ և որտեղ կհանդիպենք»։ 

Ասես Հայաստան չկա, ասես հայ ժողովուրդ չկա։ Ասես այդ երկիրը մի քանի հոգու է պատկանում և նրանք ոնց ուզում՝ այդպես էլ վարվում են Հայաստանի հետ։ Ժողովրդին անգամ իրավունք չի վերապահված, որ  իր տան դռները բացելուց առաջ գոնե «գլազոկով» նայել ու հասկանալ, թե ով է եկողը, ինչու է եկել։ Ոնց որ թե Ռուբինյանի ասած խաղաղությունը իր ոտքով գալիս է, որ  Ադրբեջանի ոչ խաղաղասիրական քայլերից մեզ պաշտպանի։