Ընտրության արդյունքները եկան փաստելու, որ դատավորների գերակշիռ մեծամասնությունը շատ լավ պատկերացնում է դատական համակարգի վիճակը

Ընտրության արդյունքները եկան փաստելու, որ դատավորների գերակշիռ մեծամասնությունը շատ լավ պատկերացնում է դատական համակարգի վիճակը

Երեկ դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամներ ընտրեց դատավորներ Արշակ Վարդանյանին և Արթուր Աթաբեկյանին։ Իրավաբանական հանրությունը՝ փաստաբանները, իրավաբանները, դատավորները այս ընտրությանը դրական են վերաբերվում, քանի որ, ըստ նրանց, դատավորներն ըմբոստություն են ցուցաբերել և իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանին չեն ընտրել։ Թեմայի կապակցությամբ փաստաբան Երվանդ Վարոսյանին հարցրինք՝ իր կարծիքով՝ ինչպիսի՞ դատավորներ են Վարդանյանն ու Աթաբեկյանը․

«Արշակ Վարդանյանին որպես դատավոր ճանաչում եմ երևի թե նրա կարիերայի սկզբից։ Միշտ աչքի է ընկել որպես բանիմաց, անկախ, օրինական որոշումներ կայացնելուց չվախեցող անձնավորություն։ Շատ ուրախ եմ, որ նա է լինելու ԲԴԽ-ում։ Հատկապես հիմա, երբ ԲԴԽ-ում վայրենի «կոնսենսուս» է տիրում։ Աթաբեկյանի մասով անձամբ որևէ կարծիք արտահայտել չեմ կարող։ Նա քաղաքացիական մասնագիտացում ունի, ես՝ քրեական։ Ամեն դեպքում՝ քաղաքացիական մասնագիտացմամբ գործընկերներս առանձին զրույցներում նրա մասին շատ դրական են արտահայտում»,- պատասխանեց Վարոսյանը։

Ասում էին, որ Կարեն Անդրեասյանի թեկնածուն Ռուբիկ Մխիթարյանն էր, սակայն նա չընտրվեց։ Փաստաբանին հարցրինք՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ Մխիթարյանին չընտրեցին։

«Շատ տրամաբանական եմ համարում կարծիքը, թե Ռուբիկ Մխիթարյանը եղել է Կարեն Անդրեասյանի թեկնածուն։ Որևէ լավ բան այդ դատավորի մասին ասել չեմ կարող, այդ պատճառով էլ տրամաբանական եմ համարում, որ պետք է լիներ Կ.Անդրեասյանի նախընտրածը։ Ընտրության արդյունքները եկան փաստելու, որ դատավորների գերակշիռ մեծամասնությունը շատ լավ պատկերացնում է դատական համակարգի վիճակն ու իշխանությունների պլանները համակարգի հետ կապված»։