«Մենք պետք է սովորենք պետություն ունենալ» 

«Մենք պետք է սովորենք պետություն ունենալ» 

2018 թվականից այս կողմ հազվադեպ է լինում, որ համաձայնեմ այն անձի հետ, որի ընտանեկան թերթ ընթերցելով էր սկսվում շաբաթական 5 օր: Եվ որին մի ժամանակ ընկեր էի համարում: Որովհետև, ինչպես ցույց տվեց կյանքը, համարյա իրարամերժ են մեր պատկերացումները բազմաթիվ երևույթների զարգացման վերաբերյալ: Եվ առանց բացառության՝ բացարձակ հակոտնյա են մեր սկզբունքներն ու արժեհամակարգը: Օրինակ՝ ինքը հենվում է հայրենիքի զգացողությունից զուրկ ու կիսագրագետ զանգվածների վրա՝ նրանց քվեներով պահելով իր իշխանությունը: Իսկ այդ հատկանիշների առումով ես ինձ համարում եմ ճիշտ հակառակը: Այնինչ, երկու տասնամյակ առաջ ինձ թվում էր, թե Նիկոլի հետ մենք համախոհ ենք բազմաթիվ հարցերում: Եվ այսօր էլ, այնուամենայնիվ, առկա է մի գաղափար, որի առումով առկա չէ հակասություն: Դա այն է, ինչ ներկայացվել է հոդվածի վերնագրում, ինչն, ի դեպ, նրա կողմից բարձրաձայնվել է կառավարության հերթական նիստում:

Իսկապես, 100 տարի առաջ մենք ունեցել ենք դառը ճակատագրով անկախ հանրապետություն, այնուհետև միութենական կարգավիճակով և այսօր կրկին ունենք անկախ հանրապետություն: Բայց, դժբախտաբար, մենք այնպես էլ չենք յուրացրել պետություն ունենալու կարողությունը: Ու արդյունքում ունեցանք «ժողվարչապետով ժողովրդավարության բաստիոն» և Արցախի կորուստ: Ինչպես նաև բուն Հայաստանի ինքնիշխանության համարյա զրոյական մակարդակ, ինչպես նաև տարածքային կորուստներ: Իսկ հրեաներն, օրինակ, շուրջ երկու հազարամյա պետականազուրկ վիճակից ստեղծեցին ամուր պետություն: Ու որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ այդ պետության կազմավորման առումով ՄԱԿ-ում մեծ աջակցություն ցուցաբերեց ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, իսկ այնուհետև՝ նախորդ դարի 50-ականնների սկզբից, Միացյալ Նահանգները: Եթե հրեական մտածողությունը լիներ ճիշտ այնպիսին, ինչպիսին մերն է, ապա հրեաների ստեղծած պետությունն այսօր կունենար նույն ճակատագիրը, ինչպիսին մերն է: 

Բայց պետություն ունենալու կարողությունը չպետք է առաջնահերթորեն դրսևորվի որակյալ շինարարության ասպարեզում՝ լինի դա ճանապարհ, դպրոց թե մակապարտեզ: Այդպես է կարծում հենց Նիկոլը: Այն պետք է դրսևորվի ամուր և պաշտպանված պետականության ստեղծման հարցում, ինչն ուղղակի պարտադրանք է մեր տարածաշրջանում: Այնտեղ, որտեղ արևելյան թյուրքախոս երկիրը ձգտում է քեզ վերացնել աշխարհի երեսից՝ թիկունքին ունենալով արևմտյան իր եղբայրակցին: Իսկ քո կառուցած ճանապարհն ու շենքերը, բնականաբար, բաժին կհասնեն ագրեսորին՝ ինչպես դա տեղի ունեցավ Աըցախում, կներեք, Լեռնային Ղարաբաղում: Նույնիսկ մի այնպիսի հարցում, որում համամիտ ենք, մենք կրկին զարգացման տարբեր ուղիներ ենք դիտարկում: Եթե, իհարկե, ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձի ղեկավարությամբ մենք ոչ թե անդունդ գլորվելու, այլ, ինչպես ինքն է կարծում, զարգացման ճանապարհին ենք այսօր:

Պետություն ունենալու կարողությունը, դժբախտաբար, չձևավորվեց ո՛չ նախկիննների՝ երկրորդ ու երրորդ նախագահների, և ո՛չ էլ Փաշինյան Նիկոլի հոգեհայր առաջին նախագահի օրոք: Որի համար առաջնահերթություն դարձավ ոչ թե պետության կառուցումն ամուր և հաստատուն հիմքերի վրա դնելը, այլ «սերգոջաների» լավ ապրելը: Ինչի արդյունքում, էն գլխից պետական մտածողությունից զուրկ հայաստանցու ուղեղում ձևավորվեց հանուն լավ ապրելու պետության կայացման վրա թքած ունենալու մտածողությունը: Ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց «նիկոլիզմը» մարմնավորող անձին վարչապետ կարգելուն: Իսկ այնուհետև Արցախի կորստին ու այսօրվա դառը վիճակին: Եվ այդ ամենից ազատվելու մի ճանապարհ կա միայն. դա վարչապետի աթոռից Նիկոլին պոկելն է ու «նիկոլիզմը» պատմության աղբարկղ նետելը: