Ի՞նչ հարցեր են բարձրացրել ԼՂ-ի գործարարները

Ի՞նչ հարցեր են բարձրացրել ԼՂ-ի գործարարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ինչպես հայտնի է, օրերս հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Հանդիպման ժամանակ փոխնախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող ծրագրերը և այդ ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները:

Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել ԼՂ-ում գրանցված ընկերությունների վերագրանցման, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնելու համար նոր լիցենզիաների տրամադրման, նոր հողակտորների ձեռքբերման, գյուղոլորտի տարբեր ծրագրերից օգտվելու կարգի, բանկային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։ Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ փոխնախարարը մանրամասներ պատմեց հանդիպումից՝ տեղեկացնելով նաև, թե ինչ հարցեր են հիմնականում բարձրացրել Արցախից գործարարները։

«Մի մասը կարճաժամկետ տեխնիկական հարցեր են եղել՝ կապված հարկային համակարգի փոխգործակցության հետ, որպեսզի հանարավորինս արագ և անխափան աշխատեն ՀՀ տարածքում։ Դրանք լուծելի են։ Միջնաժամկետ հատվածում ավելի շատ հարցեր կար ծրագրերի հետ կապված, թե ինչ է  իրականացվում և որից կարող են օգտվել։ Այս պահին մասնավոր հատվածի զարգացման ընդարձակ ծրագիրը տնտեսական արդիականացման միջոցառումն է, որի շրջանակներում կքնվել է 2500-ից վարկային պայմանագիր, 400 մլն դոլարից ավելի միջոցներ հասանելի են դարձվել ՀՀ քաղաքացիներին՝ արտոնյալ տոկոսներով։Ծրագիրը գործել է նաև ԼՂ տարածքում և տեղահանումից հետո այն բիզնեսմենները, որոնք կցանկանան մաս կազմել ծրագրին՝ կունենան», - ասաց նա և նշեց, որ դրանց 50-60 տոկոսից ավելին փոքր և միջին ձեռնարկությունների հետ են կնքվել»՝ հավելելով նաև ,որ ԼՂ-ից տեղահանված գործարարներին աջակցելու այն նախագծերը, որոնք մշակել ու ներկայացրել ենք կառավարություն, որոշակի փոփոխություն կկրեն։