Արթիկում կարողացան, Ամասիայում եւ Ախուրյանում` ոչ

Արթիկում կարողացան, Ամասիայում եւ Ախուրյանում` ոչ

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի խոշորացված 4 համայնքից 3-ում՝ Արթիկում, Ախուրյանում եւ Ամասիայում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվեց ապահովել 50+1 ձայն: Ու թեեւ Արթիկում իշխանության ճնշումները թողեցին իրենց ազդեցությունը, եւ ՔՊ-ն տիրացավ քաղաքային իշխանությանը, Ախուրյանում ընդդիմադիրների համար ամեն ինչ կորած չէ:

«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները ընտրության հաջորդ օրն իսկ հանդես եկան համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի՝ Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորեն տեղական իշխանություն։ Այս երկու դաշինքների միավորումն առաջատար ՔՊ-ին կզրկի համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից, քանի որ նրանք մոտ 500 ձայնի առավելություն կստանան ՔՊ-ի նկատմամբ: Ախուրյանը ներառելու է 10 գյուղական համայնք եւ արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները: Ի դեպ, հենց Ախուրյանի եւ Մարմաշենի համայնքապետեր Արծրուն Իգիթյանն ու Կարեն Արշակյանն են գլխավորում ընդդիմադիր երկու դաշինքները։

Իսկ թե նրանցից ով կդառնա համայնքապետ, փորձեցինք ճշտել «Հաղթանակ»-ի համայնքապետի թեկնածու Կարեն Արշակյանից։ «Եթե անկեղծ, դեռ հստակ որոշում չենք կայացրել, այս կիրակի մանդատները կվերցնենք, 6 մանդատ մենք ունենք, 8-ը՝ «Ախուրյան»-ը, ընդհանուր՝ ավագանու 27 մանդատ է։ Դեռ ավագանու առաջին նիստի օրն էլ որոշված չէ, կորոշվի, կընտրենք համայնքապետ, իսկ մեր հուշագիրը «Ախուրյան դաշինքի» հետ միանշանակ ուժի մեջ է»,-ասաց նա:

Նշենք, որ իշխանությունն Ախուրյանում նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Այստեղ նախընտրական շրջանում էին իրադարձությունները բուռն զարգանում: Ամեն ինչ արվեց, որպեսզի ընտրապայքարից դուրս մնա իշխանության համար լուրջ մրցակից համարվող «Իկիլիկյան դաշինք»-ը, որի ցուցակը գլխավորում էր Ազատան համայնքի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի տվեց «Իկիլիկյան դաշինք»-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել դաշինքի գրանցումը, ու չնայած «Իկիլիկյան դաշինք»-ն էլ դատի էր տվել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին, քանի որ իրենց գրանցումն անվավեր էին ճանաչել, այնուամենայնիվ, վերջնական վճիռ կայացվեց հօգուտ ՔՊ-ի։ Ընտրապայքարից դուրս մնալուց հետո «Իկիլիկյան դաշինք»-ը սատարեց «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքներին՝ Ախուրյան համայնքի նոր ձեւավորվող իշխանության մեջ ապահովելով Ազատան համայնքի ներգրավվածությունը։ Ինչ վերաբերում է Ամասիային, ապա օրերս տեղեկություն տարածվեց, որ մի հուշագիր էլ շուտով ստորագրվելու է «Ազատություն» ու «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Արփի-Ամասիա դաշինքի» եւ Հանրապետական կուսակցության միջեւ:

Ըստ լուրերի՝ 6+3, այսինքն՝ 9 մանդատով «Արփի-Ամասիա դաշինքն» ու Հանրապետականը կստանձնեն խոշորացված Ամասիա համայնքի ղեկավարումը, իսկ համայնքապետի աշխատանքը կշարունակի կատարել անկուսակցական Ջեմմա Հարությունյանը:

Ավելի ուշ պարզեցինք, որ «Ամասիա-Արփի դաշինքը» ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու: Սակայն այստեղ իշխանական ճնշումները չեն պատճառը: «Արփի-Ամասիա դաշինքը» գլխավորող Ջեմմա Հարությունյանի խոսքերով, կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չկա, քանի որ օրենքի ուժով ինքը, այսպես թե այնպես, ընտրվելու է համայնքապետ: Չնայած ՔՊ-ի հետ հավասար 6-ական մանդատ ունեն, ըստ օրենքի՝ համայնքապետ է ընտրվում առավել տարեց թեկնածուն: Այս դեպքում Ջեմմա Հարությունյանը տարիքով մեծ է ՔՊ-ի թեկնածուից: ՀՀԿ-ից հայտնելով իրենց դիրքորոշումը՝ ասացին․ «Մնում ենք որպես արմատական ընդդիմություն»: