Լեդի Հակոբի «Ոգու փորձությունը» կդառնա իշխանությունների հենարանը

Լեդի Հակոբի «Ոգու փորձությունը» կդառնա իշխանությունների հենարանը

Օրեր առաջ երեւանյան ռեստորաններից մեկում մեծ շուքով տրվեց ժամանակին Հակոբ Հակոբյանի (Լեդի) եւ Սասուն Միքայելյանի կողմից ստեղծված «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության «ռեսթարթը»։ Վերակազմավորման առթիվ կազմակերպված փակ հանդիպմանը, որը կայացել է դեկտեմբերի 4-ին, մասնակցել է շուրջ 1000 անձ` հին ու նոր. արցախյան առաջին, 2016 թ. քառօրյա եւ 2020թ. 44-օրյա պատերազմներում ակտիվ մասնակցություն ունեցած ազատամարտիկներ, որոնց համապատասխան գաղափարական մեսիջներ փոխանցելու համար միջոցառմանը մասնակցել են նաեւ մի խումբ ԱԺ պատգամավորներ, «ծերակույտը»՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Մելքոնյան (վերջինս հարցին, թե մասնակցե՞լ է արդյոք այդ հավաքին, ասաց․ «Չեմ ասում», ու անջատեց հեռախոսը) եւ, վերջապես՝ երիտասարդներից Արման Բաբաջանյանն ու Վիլեն Գաբրիելյանը՝ Օմարի արծիվը։ Պատահական չէ, որ հավաքից հետո հայտարարվեց, որ նրանց բոլորի նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց», ինչպես նաեւ՝ «նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքել ազատամարտի բովով անցած բոլոր նրանց, ում համար միեւնույն չէ մաֆիոզների, բանդիտների եւ գողերի արշավանքն ընդդեմ հայոց պետականության»։

Այս վերջին տողը պատահական չի ասվել, այն ցուցադրում է հավաքի բուն նպատակը: Մեզ պատմեցին, որ իշխանական էմիսարները փորձելու են այս կազմակերպությունն օգտագործել ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ազատամարտիկների թվում բավականին մեծ է Քոչարյանին չընդունող մասսան, եւ իշխանությունը որոշել է կռված տղերքին բերել իր դաշտ` իբրեւ թե Քոչարյանի` իշխանության վերադառնալու վտանգը կասեցնելու համար: Եվ այդ նպատակին հասնելու համար վերջիններիս ներշնչել են, թե հարցը շատ պարզ է` կամ-կամ․ կա՛մ Ռոբերտ Քոչարյան, կա՛մ Նիկոլ Փաշինյան։ Հույսը չարյաց փոքրագույնն ընտրելու մարդու բնական որոշման վրա է՝ որ այս կռված մարդիկ այդ ընտրությունը կկատարեն հօգուտ Նիկոլ Փաշինյանի, որքան էլ նրանից դժգոհ լինեն։ 

Սա՝ մի կողմից, իսկ մյուս կողմից կարծիք կա, որ «Ոգու փորձությունն» այլընտրանքային կառույց է լինելու Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ին, քանի որ շատ տղաներ լքել են ԵԿՄ-ն` Սասուն Միքայելյանի նախագահ դառնալուց հետո։ Մեզ հետ զրույցում կռվածներից մեկն ասաց․ նրանք «սաղ՝ ծերից ծեր, նեղացած են Սասունից»։ Կան նաեւ մարդիկ, որոնք երբեք չեն եղել ԵԿՄ-ում, մասնավորապես՝ Կոռնիձորի Արոն՝ Արայիկ Խուդավերդյանը։ Բայց կան նաեւ ԵԿՄ-ից հեռացած որոշ ազատամարտիկներ, որոնք ո՛չ այստեղ են, ո՛չ այնտեղ։ Օրինակ՝ Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Սուրենիկը՝ Վահան Զատիկյանի գլխավորությամբ կազմված «Մալաթիա» կամավորական ջոկատի անդամ Սուրեն Բարսեղյանը, որը 2020 թ․ Արցախի հերոսի կոչում ստացավ, ինչպես նաեւ Աջափնյակի կամ Շահումյանի Մոզին, որոնք ԵԿՄ-ից հեռացել էին 2020 թվականին՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ, եւ հետո կռվել Հորադիզում՝ աշխարհազորայինների հետ։

Փաստորեն, հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ «Ոգու փորձության» նոր գրասենյակը գործում է Մալաթիա-Սեբաստիայի ԵԿՄ շենքից 800 մետր հեռավորության վրա։ Այսինքն, երկու երկրապահ կամավորական կառույց՝ նույն թաղամասում։

Ինչպես մեկնաբանեց այս իրավիճակին քաջածանոթ եւ նշված շրջանակներից մեկը, սա  նույն իրավիճակն է, ինչ տարիներ առաջ, երբ Մանվել Գրիգորյանին թուլացնելու նպատակով Սերժ Սարգսյանի հրահանգով Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը ստեղծեցին «Ոգու փորձությունը»` որպես ԵԿՄ-ին հակակշիռ կառույց։ Ըստ որում, ինչպես մեկնաբանեց մեր զրուցակիցը, այսօր ակտիվացող կառույցի ծախսերն իր վրա է վերցրել անձամբ Նիկոլ Փաշինյանը, որն այդ գումարները փոխանցում է ՔՊ պատգամավորների միջոցով։ 

Իսկ Լեդի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն առանձնապես քաղաքական ամբիցիաներ չունի, նաեւ՝ քաղաքականության մեջ ներդնելու գումարներ, եւ մինչեւ վերջերս նեղացած էր Նիկոլ Փաշինյանից, որ իր «ավտոզապրավկայի» վրա ակտ է գրվել, կարծես ներել է նրան եւ որոշել նրան սատարել։ Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը 2018 թվականին խիստ ոգեւորված էր իշխանափոխությամբ, Նիկոլ Փաշինյանին պաշտպանող հարցազրույցներ էր տալիս, իսկ վերջին շրջանում բնավ հիացած չէր իշխանությամբ եւ իր հրապարակային հարցազրույցներում բավականաչափ կոշտ քննադատում էր։ 

Հակոբ Հակոբյանի հետ խոսել չհաջողվեց, նա մի քանի օր շարունակ տարբեր պատճառաբանություններով մերժում էր խոսելու մեր առաջարկը։ Նույնը՝ Սասուն Միքայելյանը, որն ասաց, որ Սիսիանի դիրքերում է եւ անվտանգության նկատառումներով հրաժարվեց խոսել։ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Գեղամ Խաչատրյանի հետ զրույցից նույնպես ակնհայտ էր, որ նոր կառույցի գոյությունն այնքան էլ հաճելի չէ հին ԵԿՄ-ականներին։ Նրան հարցրինք, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Մալաթիայում ԵԿՄ 2 կառույց է գործում՝ միմյանցից 800 մետր հեռավորության վրա։ Ասաց. «Երկրապահը Երկրապահ է, «Ոգու փորձությունը» «Ոգու փորձություն» ա։ Էդ չեղավ, որ Երկրապահի 2 կառույց եղավ»։ Եվ ավելացրեց, որ «քաղաքական բաներով» չի զբաղվում․ իրենը կռիվն է, գնում է սահման, գալիս։ Հետո մի քիչ մեղմեց խոսքը. «Մեր մարտական ընկերներն են, բայց տենց շատ չենք շփվում, ամեն մեկս մեր գործով ենք զբաղվում»։

Խոսեցինք նաեւ Կոռնիձորցի Արոյի` Արայիկ Խուդավերդյանի հետ, ով հարցին, թե ինչու էր մասնակցում այդ հավաքին, չէ՞ որ երբեք ԵԿՄ-ում չի եղել, ասաց՝ ես նման պրովոկացիոն հարցերի չեմ պատասխանում։ Ինչո՞ւ պրովոկացիոն։ «Բուն հարցը պրովոկացիոն է, ում անհանգստացնում ա, իրենց դեմը կասեմ, ոնց որ երեկ եկել էին»։ Ովքե՞ր էին եկել։ «Որ տակից խաղում են Քոչոյի հետ, դեմից՝ պետության դեմ»։ 

Մեր տեղեկություններով՝ ռեստորանը, որում անցել է հավաքը, նախկին «Փարոսն» է, որը ժամանակին Վահան Զատիկյանին էր պատկանում եւ նրա մահից հետո կասկածելի պայմաններում անցավ Սամվել Ալեքսանյանին։