Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործարքային քննարկումներ են ընթանում

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործարքային քննարկումներ են ընթանում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

-Տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Հնչեցին տարատեսակ հայտարարություններ՝ Արցախի մասին, սակայն մեծ հաշվով մասնակցող երկրներն Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ:

-Որովհետև Հայաստանի իշխանությունները առնվազն բանավոր կերպով ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, ընդ որում՝ ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհների վրա գտնվող կարևոր ստրատեգիական շրջանները, որոնք կոչում են «անկլավներ»: Միջազգային հանրության դիրքորոշումը նախևառաջ ՀՀ իշխանությունների որդեգրած սխալ քաղաքականության հետևանք է: Ներկայիս իշխանությունը դրժել է իր նախընտրական խոստումները, չեղարկել կառավարության հնգամյա ծրագիրը ու փաստացի «թաղել» Արցախի ինքնորոշման իրավունքը: Ի՞նչ է ստացել ՀՀ-ն դրա դիմաց, ոչինչ՝ բացի ագրեսիայից ու պատերազմից: Այն պնդումը, թե իբրև 2020 թ. պատերազմը անհնար դարձրեց ինքնորոշման իրավունքի իրացումը, կեղծ է: ԵԱՀԿ ՄԽ-ն պատերազմից հետո՝ 2020թ․ դեկտեմբերի 3-ին, երկու հայտարարություններով են հանդես եկել, որոնցում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։ Ինքնորոշման իրավունքից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց 2022 թ. ապրիլի 13-ի իր ելույթով՝ իջեցնելով «նշաձող» Արցախի հարցում: Դիմացը խոստանում էր բացառիկ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի ու Արցախի շուրջ: Բայց փոխարենը մենք ստացել ենք 2022 թ. սեպտեմբերին հարձակում ՀՀ-ի վրա, զոհեր ու տարածքային կորուստներ, իսկ Արցախի հարցում՝ բլոկադա ու ագրեսիայի չդադարող վտանգ: Սրանք անժխտելի փաստեր են, որոնք ցույց են տալիս՝ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն խաղաղություն չի բերել, այլ մեծացրել է մեր անվտանգային խնդիրները:
 
-Ռուսաստանի ներկայացուցչի ադրբեջանամետ դիրքորոշման տողատակերում ի՞նչ էր թաքնված: Ինչո՞ւ ՌԴ-ն հակահայկական դիրքերից հանդես եկավ:

-Իմ համոզմամբ, քանի որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Արցախը հանձնելու քաղաքականություն, ՌԴ-ն էլ, իր հերթին մտածում է, որ եթե ՀՀ իշխանությունները պետք է հանձնեն Արցախը, շատ ավելի ճիշտ կլինի իրենք անեն դա, քանի որ այնտեղ իրենց խաղաղապահն է կանգնած՝ իհարկե, դիմացը Ադրբեջանից ստանալով «լավ գին»: Շատ վատ բան եմ ասում, բայց ես տեսնում եմ, թե ինչպիսի գործարքային քննարկումներ են ընթանում կուլիսների հետևում ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև: Սա էլ մեր իշխանությունների քաղաքականության պատճառով է, իրենք իրենց դուրս են դրել Արցախի թեմայով քաղաքական քննարկումներից, ինչի հետևանքով ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ-ի հետ կապված հարցերն են որոշվում առանց ՀՀ ներկայության: Դա եղավ Բրյուսելում, ինչպես նաև Մոսկվայում, երբ քննարկումներից հետո, հայկական կողմը մեկ ասում էր, որ մանդատ չուներ կարծիք հայտնելու, մյուս դեպքում էլ նշում էր, որ տեղյակ չեն եղել քննարկումներից:
 
-Այս պարագայում ի՞նչ պետք է աներ հայկական կողմի ներկայացուցիչը: Ի՞նչ գնահատական կտաք Արարատ Միրզոյանի ելույթին:

-Միրզոյանի ելույթը փաստերով էր հագեցած, կային Ադրբեջանի ցեղասպանական միտումների ու ծրագրերի մասին կարևոր արձանագրումներ, բայց ըստ իս՝ պետք է ավելի հստակ ցույց տալ, որ հումանիտար խնդիրը դարձել է քաղաքական գործիք Ադրբեջանի ձեռքին: Պետք է փաստարկներով նշել, թե ինչ վտանգներ ունի Աղդամ–Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը: Արձանագրել, որ այդ ճանապարհի կիրառման նպատակը ոչ թե հումանիտար օգնություն տրամադրելն է, այլ Արցախը կախման մեջ առնելն է։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը դառնում է առոչինչ։ Արդյունքում այլևս կենսական չի դիտարկվելու Հայաստանի հետ կապը, իսկ դա միայն արագացնելու է Արցախի կլանումը։ Աղդամով երթուղու գործարկումը չեզոքացնելու է Ստեփանակերտի հետ որևէ միջազգային մեխանիզմի ներքո երկխոսության անհրաժեշտությունը, քանի որ Արցախը ամբողջությամբ հայտնվելու է Ադրբեջանից կախվածության մեջ։ Հետևաբար վերանում է արտաքին որևէ դերակատարի ազդեցությամբ Բաքվի պատկերացումներից դուրս Արցախի անվտանգության հարցերի քննարկման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունը, ակնհայտ է, որ Աղդամի ճանապարհը դառնալու է ձերբակալությունների շղթայի սկիզբ։ Պետք է թույլ չտալ, որ այդ ճանապարհի թեման դառնա օրակարգի մաս: Պետք է նաև շեշտել միջազգային մեխանիզմներով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության կարևորությունը, եթե նկատեցիք, դրա մասին չէին խոսում ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, իսկ դա բացասական է: Բացի այդ, պետք է շարունակել հետևողականորեն աշխատել, ոչ թե բավարարվել մեկ կամ երկու գործողությամբ:

-Ադրբեջանի ներկայացուցիչը հայկական կողմին մեղադրեց ստերի և մանիպուլյացիաների մեջ: Նաև Արցախից հարսանեկան լուսանկարներ ներկայացրեց, պնդելով, որ Արցախում չկա ոչ մի բլոկադա: Ի՞նչ ազդեցություն ունեցան այդ պնդումները:

-Որոշումները կայացվում են ոչ այնքան բաց, որքան փակ քննարկումների հիման վրա: Ադրբեջանի ներկայացուցիչը պաշտպանվողի դերում էր, ստերի չափ ու սահման չկար: Բայց ելույթներից զատ, նրանք ակտիվ դիվանագիտական աշխատանք են տանում, որ իրենց դեմ բանաձև չընդունվի: Նրանց համար ամենակարևորն այն է, որ չարձանագրվի, որ իրենք կոնկրետ Ցեղասպան քաղաքականություն են որդեգրել: Իսկ մեր խնդիրն է դա փաստերով ցույց տալը: