Արմեն Ներսիսյանին կանչել են հավաքի կազմակերպիչների մասով ցուցմունք տալու, հրաժարվել է

Արմեն Ներսիսյանին կանչել են հավաքի կազմակերպիչների մասով ցուցմունք տալու, հրաժարվել է

Ինչպես հայտնի է՝ քրեական գործ է հարուցվել փաստի առթիվ, որ արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Ծառուկյանի հավաք էր հրավիրվել։ Կասկածներ ունեինք, որ այս գործի շրջանակներում անպայման կկանչեն «Առինջ Մոլ»-ի  փոխտնօրեն Արմեն Ներսիսյանին։ Այդպես էլ կա․ Արմեն Ներսիսյանին այսօր երեկոյան կանչել էին
կազմակերպիչների մասով ցուցմունք տալու, բայց նա հրաժարվել է․«Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց, որովհետև Քրեադատավարական օրենսգրքով իմ իրավունքն է, և իմ այդ սահմանադրական իրավունքից օգտվել եմ։ Բայց վերջում գրել եմ, որ ես քանի որ առաջին կարգի հաշմանդամ եմ, տեսողության լուրջ պրոբլեմ ունեմ, բացի դրանից էլ՝ ոչ լսել եմ՝ մեկը կազմակերպել է, մեկն էլ՝ հրահրել, ոչ էլ բան»,-ասաց Արմեն Ներսիսյանն ու ավելացրեց․«Արաբկիրի ոստիկանությունից ինձ տարան վարչություն, և այնտեղ այդպիսի ցուցմունք եմ տվել։ Երեկ չկարողացա,որովհետև վիճակս լավ չէր, առողջական լուրջ խնդիրներ էի ստացել»։

Իսկ երեկ նրա վիճակը վատ է եղել, որովհետև, ինչպես ինքը նկարագրեց՝ «ընդհանուր առմամբ, գցեցին գետնին, լավ տրորեցին»։ Արմեն Ներսիսյանը պատմեց, որ, երբ սկսվել է հրմշտոցը, ինքը փորձել է պաշտպանել լրագրողներին։ «Մի հատ փոքր-մոքր աղջիկ կա, վիդեոյի մեջ նայեք, կտեսնեք, հա երևի՝ Անին ա, գցել էին գետնին, ձեռքս գցեցի, քաշեցի էդ աղջկան հանեցի։ Ըտից եկան՝ «արա՛, այ տղա,մայ տղա», տենց սկսեցին ավել-պակաս բառեր խոսալ, ես էլ ասացի՝ տենց իրավունք չունեք իմ հետ խոսալու, արան էլ դու ես․․․ էդտեղից արդեն, իրենք գոռացին, ես գոռացի, քաշեցին, տարան, պառկացրեցին գետնին ու սկսեցին «վրաերթ անել»։ Լա՜վ տրորել են, լավ ջանս ջարդել են, բայց ոչինչ, պինդ տղա եմ, ապարանցի տղուն ոչ մի վատ բան չի լինում»,-պատմեց Արմեն Ներսիսյանը։

Իսկ փորձե՞լ են  հավաքի կազմակերպիչների անուններ կորզել՝ ուղղորդելով, թե այսի՞նչն է ասել կամ այնինչը, որ գան։

Արմեն Ներսիսյանի խոսքով՝ ոչ, իրենից էին ուզում անուններ լսել։ Արմեն Ներսիսյանն էլ ասել է, որ ոչ ոք ոչ մի բան չի կազմակերպել, ժողովուրդը զբոսնել է, հետո էլ մարդկանց նկատմամբ բիրտ ուժ են կիրառել։