Նամակներ՝ ինքնամեկուսացումից - 5

Նամակներ՝ ինքնամեկուսացումից - 5

Հափշտակված իշխանություն

Պատահում է, սիրելի Արմինե, իսկ վերջերս գրեթե ամեն օր է պատահում, երբ հոգիս չի տեղավորվում մարմնիս մեջ, եւ անհուսությունից ուզում եմ գոռալ, որ իմ նորաշխարհյա մակընթացությունը հանդարտեցնեմ, զսպեմ: Իսկ եթե չեմ կարողանում, փորձում եմ միայնակ գայլի նման ետեւի թաթերիս նստած՝ ոռնալ կեսգիշերային մենության մեջ, երբ մեր սիրելի քաղաքը համաճարակահալած քնել է... բայց, ափսոս, ետեւի թաթերս չեմ գտնում, որ ոռնամ: Սակայն քունս չի տանում:

Գրադարանիս գրքերն ահեղ հայացքով նայում են ինձ.
- Իմ սրտի սիրական ազգ,- ասում էր Աբովյանը:
- Ազգիս վիճակը ծանրացավ սրտիս,- շարունակում էր Նալբանդյանը:

Թող ինձ ներեն մեր մեծերը, իսկ ի՞նչ եմ անում ես` նվաստս: Ընդամենը մտածում եմ, որ մեր շատվորյանների այս իշխանությունը մեզ օտարացրեց մեր բոլոր բարեկամ երկրներից:
Այնինչ մեր սահմանակից Թուրքիո նախագահ Էրդողանը մեզ` աշխարհի հնագույն ազգերից մեկին, անվանում է թուրքերի սրից մնացուկներ: Եվ մեր իշխանությունների մեջ չհայտնվեց որձակով մեկը, որ պատասխաներ այդ քոչվորին: Դեռեւս չկայացած թուրք Ալիեւը ոչ միայն Արցախը, այլեւ Երեւանն է համարում իրենը, իսկ մենք իրենից խաղաղություն ենք մուրում:

Կամքը ձերը լինի, եղբայրներ ու քույրեր, իսկ ինչո՞վ է զբաղված մեր իշխանությունը. դատավարություն, դատավարություն, դատավարություն: Վարկաբեկել, ձերբակալել բոլոր երեւելի մարդկանց: Մեր հնագույն կուսակցությունն անվանել վիրուս... փոխանակ հաղթահարենք վիրուսը, դատենք թշնամուն, դատում ենք մենք մեզ: Եվ ահա՝ այստեղ մեր իշխանությունները շատ ուժեղ են, քանի որ առայժմ իրենք ծառայամիտ ուժեր ունեն ձեռքի տակ, որոնք կարող են իրենց իշխանության բերած սիրելի ժողովրդին պառկեցնել ասֆալտին... Եվ հետո մեղադրել սեփական ժողովրդին, որ անկազմակերպ է, Օսմանյան կայսրությունից մնացած բնավորությամբ: Կամքը դարձյալ ձերը լինի, եղբայրներ ու քույրեր, դպրոցականներն անգամ գիտեն, որ Արեւելյան Հայաստանը, այսինքն` մեր հանրապետությունը, երբեք չի եղել Օսմանյան կայսրության տիրույթում, ինչպես չի եղել նաեւ Արցախը...

Այսպես գրեցի, բայց միտքս չավարտվեց, քանզի տեղի է ունեցել անսիրտ, անհոգի հափշտակություն, եւ հափշտակել են մեր խոսքն ու մեր իրավունքը:
Այսինքն` հափշտակել են մեր Հայրենիքը` դարձնելով, թերեւս, սեփական պապի բոստանը: Գրեցի այս տողերը, բայց, միեւնույն է, քունս չի տանում:

Հարգանքներով` Մերուժան 
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ