Որևէ առաջարկ, խաղաղության որևէ պայմանագիր Փաշինյանը ժողովրդի հետ չի քննարկել և չի էլ քննարկելու

Որևէ առաջարկ, խաղաղության որևէ պայմանագիր Փաշինյանը ժողովրդի հետ չի քննարկել և չի էլ քննարկելու

Մինչդեռ հայաստանյան գործող իշխանությունները խոսում և պատրաստվում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել և բարիդրացիական հարևանություն սկսել, Բաքվի բռնապետը հակառակ քարոզչությամբ է զբաղված: Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անգամ այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքը, որտեղ հանդես է եկել մի շարք ռազմատենչ և հերթական  քսենոֆոբիկ հայտարարություններով: Թեմայի շուրջ զրուցել ենք նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելելով օկուպացված Շուշի, հայատյաց և ռազմատենչ տարբեր հայտարարություններ արեց: Առանձնացնեմ դրանցից մի քանիսը: Նա հայտարարեց, որ հայկական կողմը ռազմի դաշտում թողել է 5 մլրդ դոլարի զենք ու զինամթերք: Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյայից հետո խոսում էր, որ հայկական բանակը պարտվեց թալանված լինելու պատճառով: Ինչի՞ մասին է խոսում Բաքվի բռնապետը:

-Գիտեք, միայն այն, որ պատերազմից հետո սա Ալիևի 20-րդ հոբելյանական այցն էր Արցախ, գրավյալ տարածքներ, մասնավորապես Շուշի, իսկ Հայաստանի վարչապետի՝ 44-օրյա պատերազմից հետո այցերի քանակը եղել է զրո, սա մեր հերթական ամոթն է, հերթական կապիտուլյացիան: Այո, Ալիևը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որին ըստ էության, որևէ ադեկվատ արձագանք Հաայստանի իշխանությունների կողմից, բնականաբար, չեղավ: Որովհետև Հայաստանի իշխանությունը այս օրերին զբացված է «նիկոլայի» թվի փտած ֆեյք ձայնագրություններով, «ռեստարտ» է արված ամբողջ ֆեյքերի ՊՈԱԿ-ը և ամբողջ ռեսուրները դրված են ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու վրա: Այդ ֆոնին Ալիևը շարունակում է հակահայ, հայատյաց հայտարարությունները և շարունակում է նույն ռազմատենչ հռետորաբանությամբ: Կարծում եմ՝ շատ տրամաբանական հարց պիտի ուղղել Նիկոլ Փաշինային, երբ որ իր վարչապետության տարիներին բոլոր հնարավոր հարթակներից բղավում էր, որ բանակը թալանվել է, որ բոլոր թալանչիները նստելու են, որ բանակի 44-օրյայի պարտության պատճառներից մեկը թալանված բանակն էր, որ մենք չունեինք բանակ, որ բանակի ոգին կոտրված էր: Հիմա ուզում եմ հարցնել՝ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք, զինտեխնիկա, Ալիևը այդ թալանված բանակի՞ց էր առգրավել: Այսինքն հենց ինքը՝ Ալիևը, ջրի երես է հանում Նիկոլի ստերը մեկը մյուսի հետևից:

- Բայց կարելի՞ է հավատալ Ալիևին:

-Ամեն դեպքում, Բաքվի հաղթական շքերթի ժամանակ, որը կազմակերպվել էր 44-օրյայից հետո, տեսանք հսկայական առգրավված հայկական զինտեխնիկա: Սա հերթական նվաստացումն էր և ամոթը: Նույն օրերին էլ Բաքվում բացվեց հայ զինվորի մանեկենների «հայի պարտության» պուրակը: Երբ որ հայ զինվորների ստորացուցիչ մանեկենների վրա ադրբեջանական սերունդը երևի Հայաստանի իշխանության խաղաղասիրության դասերն էր սերտում:

- Ալիևը հայտարարեց նաև, որ մինչև ռևանշիստները չկասեցվեն, ինքը չի ճանաչի Հայաստանի ամբողջականությունը: Ու՞մ նկատի ուներ նա:

-Բնականաբար, «ռևանշիստներ» ասելով նկատի ունի ընդդիմությանը, որն այս օրերին Ազատության հրապարակում պահանջում է այս իշխանության հրաժարականը՝ հանուն Արցախի և հանուն Հայաստանի:Այստեղ մի թեթև «սպռավչկայի» խնդիր կա: Ուզում եմ հիշեցնել, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու քննարկման ֆոնին Նիկոլ Փաշինյանը և իր ուսապարկերը բոլոր հնարավոր ամբիոններից ղժժում էին, որ 1991 թվականին, երբ որ Հայաստանը անդամակցել է ԱՊՀ-ին, մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը: Այսինքն այստեղ էլ ինչ-որ անհասկանալի ծեգ կա,որին, կարծում եմ, Հայաստանի իշխանությունները, եթե իհարկե իրենց դուխները հերիքի, և եթե ժամանակ ունենան պոկվելու ֆեյքերի ՊՈԱԿ-ից, միգուցեև ժամանակ գտնեն Ալիևին պատասխանելու: 

- Ի՞նչ սպասել: 

-Հստակ է իրավիճակը՝ կամ այս իշխանությունը հեռանում է, կամ մենք Փառուխ առ Փառուխ կորցնում ենք Արցախը, և կորցնում ենք Հայաստանը: Այլ տարբերակ չկա, այլընտրանք չկա: Եվ հիմա ասել, որ ես հիմա այս ընդդիմադիր գործչին սիրում եմ, մյուսին չեմ սիրում, կարծում եմ, ամենաանհեթեթ դիսկուրսն է, որով իշխանությունը փորձում է կրկին պառակտել ընդդիմությանը: Այնպես չէ, որ ընդդիմադիր բոլոր գործիչները «իմ ֆիլմի» հերոսներն են: Շատերի հետ, այո, ես էլ ունեմ բազմաթիվ տարաձայնություններ, բայց մենք՝ բոլորս, պիտի ունենանք մեզ միավորող, կապող մեկ ընդհանրություն՝ այս իշխանությանը օր առաջ հեռացնել, որպեսզի փրկենք Հայաստանն ու Արցախը: Այլ տարբերակ չունենք, ինչպես ընդդիմությունն է ասում՝ սա վերջին փամփուշտն է, որ եթե «ճիշտ և թիրախային չկրակվեց» (փոխաբերական իմաստով եմ սա ասում), իսկապես հայ ժողովրդի ադեկվատ հատվածի վերջին փամփուշտը կլինի: Հրապարակում իշխանության հարց չի որոշվում, հրապարակում որոշվում է Արցախի փրկության և Հայաստանի ինքնիշխանության հարցը: Սա շատ պարզ բանաձև է: Իսկ ովքեր համառորեն չեն հասկանում և թրքահպատակ օրակարգ են առաջ մղում, դա էլ իրենց հետագա բոլոր հնարավոր վատթարագույն սցենարներն են, որոնց վերաբերյալ բաց և հրապարակային Ազգային ժողովում խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ սկսած Արցախի ինքնորոշման նշաձողի իջեցումից: Իր ուսապարկերը բոլոր եթերներում փորձում են առաջ տանել այն միտքը, որ միջազգային հանրությունը կստիպի Ադրբեջանին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, որի ենթատեքստը այն է, որ մենք պիտի ընդունենք ուլտիմատումը, այլ տարբերակ չունենք: Եվ որպեզի չկոտորեն, չցեղասպանեն Արցախի ժողովրդին, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելն է լինելու: Հիշեցնեմ պատերազմից հետո Էրդողանի հայտարարությունը, որում ասվում էր, որ Մեղրիի միջանցքը իրենց համար ունենալու է ոչ թե տնտեսական նշանակություն, այլ՝ քաղաքական: Այսինքն՝ դրանով նրանք պարզապես թիրախավորելու են Հայաստանի ինքնիշխանությունը:

- Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով երեկ Ալիևը հայտարարեց նաև, որ մեծացրել են երիտասարդ սերունդ՝ հայրենասիրության, թշնամու հանդեպ ատելության և հայրենիքին նվիրվածության ոգով:

-Ալիևը շատ անկեղծ է: Ես տևական ժամանակ ուսումնասիրել եմ ադրբեջանական դասագրքերը: Եվրոպայի խորհրդին մի ամբողջ վերլուծություն եմ ներկայացրել ադրբեջանական դասագրքերում ռասիզմի և հայատյատության վերաբերյալ:Ես փոքր գրքույկ եմ հրատարակել «Հայատյատություն արմենաֆոբիա» վերնագրով, որտեղ հատ-հատ զետեղել էի Ադրբեջանի պաշտոնյաների հայատյաց հայտարարությունները: Իրենք այս պատերազմում հաղթել են, որովհետև մի ամբողջ սերունդ են կրթել այն հոգեբանությամբ, որ Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: Եվ հիմա էլ, երբ ադրբեջանցի մանկահասակ երեխային հարցնում են, թե ով է քո թշնամին՝ ասում է հայը, ինչ պիտի անել հային՝ ասում է պիտի մորթել: Եվ սրանից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո, մենք պիտի գնանք հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ: Ի դեպ, որևէ բացատրություն, թե ինչու ենք մենք այսպես գլխապատառ վազում կնքելու խաղաղության պայմանագիրը, բացի իրար հակասող հայտարարություններից, ոչինչ չի ասվում: Բոլորը դատվելու են ծանրագույն հանցագործություններով, պետական ռեսուրսները մսխելու և մարդկանց վարկաբեկելու համար:

- Նիկոլ Փաշինյանը վերջին ելույթների ժամանակ ասաց, որ այսուհետ որևէ փաստաթուղթ մինչև չհանրայնացնի բաց տեքստով, չի ստորագրելու:

-Նիկոլ Փաշինյանը, երբ որ ստանձնում էր վարչապետի պաշտոնը, Հանրապետության հրապարակում բղավում էր, որ Արցախի հարցով ցանկացած առաջարկի դեպքում ինքը գալու է և կանգնելու է այս հրապարակում և քննարկելու է ժողովրդի հետ: Եվ միայն ժողովրդի աջակցությունը ստանալու դեպքում է գնալու լուծումների: Նիկոլ Փաշինյանը ստել է այն ժամանակ, և հիմա էլ է ստում: Որևէ առաջարկ, խաղաղության որևէ պայմանագիր ինքը ժողովրդի հետ չի քննարկել և չի քննարկելու: