Ադրբեջանցիները քարերով խփում են հայկական մեքենաներին, ԱԱԽ-ն բնակարանաշինության հարց է քննարկում

Ադրբեջանցիները քարերով խփում են հայկական մեքենաներին, ԱԱԽ-ն բնակարանաշինության հարց է քննարկում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի օրակարգում Արցախում 110 միլիարդ դրամի բնակարանաշինության ծրագիրն է։ «Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով, ըստ էության, ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլեւ պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալ-տնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար»,- հայտարարել էր Փաշինյանը։  

Որեւէ մեկը, իհարկե, չի անտեսում Արցախի սոցիալական կարիքները, բայց տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի, բանակցությունների, տարածքների վերադարձի, անվտանգության հարցերն այլեւս  օրակարգային չեն ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։ Մինչդեռ անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վերջերս  շնորհավորելով Ալիեւին, ընդգծել էր,  որ նման օրակարգ կա․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տեւական լուծում եւ խթանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցումը՝ բարեկեցիկ եւ խաղաղ ապագա ապահովելու համար»։ 

Մերոնք, այս հարցերով զբաղվելու փոխարեն, նաեւ՝ գերիների, սանտիմետր առ սանտիմետ զիջվող դիրքերի ու ճանապարհների, ԱԽ համատեղ նիստում բնակարանաշինության հարց են  քննարկում։ Արցախում  բոլո՞րն են կարծում, որ թիվ 1 խնդիրն այսօր բնակարաշինությունն է եւ ոչ, ասենք,  բանակցություններին վերադառնալու համար Երեւանի ու Ստեփանակերտի ջանքերի համադրումը։ Հարցն ուղղեցինք արցախյան ծագումով քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանին։ Նա ասաց․ «Այնպիսի տպավորություն է, թե Արցախում միայն սոցիալական բեռի խնդիր կա, այդ 68 հազարները, 18, 300 հազարները, բնակարանաշինությունը։  Եվ նաեւ, որ ողջ Հայաստանն իր բեռը դրեց ու գնաց․ այլեւս չի խոսում ո՛չ այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ո՛չ անվտանգային միջավայրի, ազգային պետության զարգացման։ Ոչ մի խնդիր, միայն սոցիալական հարցեր, եւ ասեմ, որ ուրիշների մոտ արդեն ընկալվում է, որ եթե Հայաստանը ստանձնել է այդ խնդիրը, թող վճարի, մենք ինչի՞ համար ենք վճարում»։

Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանն էլ այն կարծիքին է, որ ո՛չ իշխանությանը, ո՛չ ժողովրդին առաջնային հարցերը չեն հետաքրքրում։ Նա ասաց․ «Հասկանալի է՝  սոցիալական հարցը կարեւոր է, բայց ոչ էդ աստիճանի։ Աբսուրդ է, որ 68 հազար օգնություն են տալիս, ընդամենը երկու օր է, բայց բոլորը դրանով են տարված։ Մարդիկ Արցախում ներքին տեղաշարժի խնդիր ունեն։ Ադրբեջանցիները Կարմիր շուկայի մոտ քարերով հարվածել են հայկական մեքենային։ 88-ի պատերազմն էլ քարերով սկսվեց։  Ո՞վ է մեր անվտանգության երաշխավորը։ Մենք պետությո՞ւն ենք, թե ինչ ենք, ո՛չ հստակ հայտարարություն են անում, ո՛չ քրեական գործ են հարուցում, ոչ մի բան․․․ չգիտեմ։ Եվ  ցանկացած հաջորդ վայրկյանին հնարավոր է հայտնվենք ավելի վատ վիճակում։ Վտանգը մեր մեջ է, երկու հայկական  պետությունների, ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի սահմանների հետ կապված վտանգավոր զարգացումներ կարող են լինել, անորոշ է մարդկանց ճակատագիրը, մեր սահմանների ճակատագիրը, իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված, դեպի ո՞ւր ենք գնում»։

Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով էլ՝ ցանկացած պարագայում ամենակարեւորը անվտանգային խնդիրներն են, ինչի հետ կապված նվազագույն պայմաններ այս պահին ապահովում է ռուս խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում։ «Ինչ վերաբերում է սոցիալական քաղաքականությանը, ապա դրանք անվտանգության բաղադրիչի ապահովմանը զուգահեռ իրականացվող ծրագրեր պետք է դառնան։ Ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում զրկվել են տնից, ունեցվածքից եւ նաեւ եկամուտներ ստանալու հնարավորությունից, եւ բնական է, որ մարդիկ պետք է ապահովվեն անհրաժեշտ սոցիալ-տնտեսական ծրագրերով»։ Տիգրան Աբրահամյանի համար Նիկոլ Փաշինյանի այս փուլի ձեռնարկներն ամբողջությամբ տեղավորվում են Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ։

«Քարոզչությունն արդեն իսկ սկսված է, դա արտահայտվում է տարբեր մարզերում ինչպես հանդիպումներով, այնպես էլ, օրինակ, ոստիկանության աշխատավարձերի կրկնակի բարձրացումով․ ոստիկանությունը դարձել է իշխանության եւ իշխանության տարբեր դեմքերի անձնական պաշտպանության ապահովման միջոցը։ Բոլոր այդ գործողությունները տեղավորվում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Ես այսօր առիթ ունեցել եմ անդրադառնալու ինչպես Կարմիր շուկա-Շուշի ճանապարհին գրանցվող միջադեպերին, այնպես էլ այդ ճանապարհի կարգավիճակի  հնարավոր փոփոխությանը։ Սա առաջնային խնդիր է անվտանգային առումով, բայց արդեն ամիսներ շարունակվող միջադեպերին այդպես էլ համարժեք արձագանք չի տրվել»,- ասում է Տիգրան Աբրահամյանը։ Նա ամփոփում է՝ մի կողմից ունենք չլուծվող անվտանգային կենսական հարցեր, մյուս կողմից՝ պոպուլիստական հայտարարությունների շարք, որը հնչում է թե՛ Արցախի, թե՛ ՀՀ իշխանությունների շուրթերից։ 

Արցախում ապրող լրագրող Կարեն Միրզոյանն էլ ասաց․ «Արցախում էնպիսի վիճակում են, որ մարդ ես՝ մտածում ես, որ, այո, թերեւս ամենակարեւորը սոցիալական խնդիրներն են, քանի որ  քաղաքական անելիքներում չկան հաջողություններ ու հպարտանալու բան»։