Արայիկ Հարությունյանն ընթացք չի տվել, Գոգյանն ինքնակամ նախաձեռնել է

Արայիկ Հարությունյանն ընթացք չի տվել, Գոգյանն ինքնակամ նախաձեռնել է

Մինչ այս պահին ՀՊՏՀ-ում ընթանում է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցում է երկու թեկնածու՝ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը և Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը, ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ թեկնածուներից Դիանա Գալոյանը զրկվում է իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։ 

Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում լարված են եղել ԲՈԿ արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Գոգյանը ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են գրագողություններ: Սակայն Արայիկ Հարությունյանը չի թույլատրել որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ: Գալոյանը համարվում է նաեւ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորյալը։

Սմբատ Գոգյանը «Հրապարակ»-ին իր որոշման վերաբերյալ հայտնեց․ «Ես արդարադատության նախարարությանը ԿԳՄՍ նախարարի միջոցով հարցում էի ուղարկել, թե արդյոք հնարավո՞ր է ԲՈԿ-ի գիտական աստիճան շնորհած վկայակագրերը չեղյալ ճանաչել, պատասխանը եկել էր՝ այո։ Դրանից հետո ԿԳՄՍ նախարարը ինձ գրություն էր ուղարկել, ասել էր՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք միջոցներ։ Ես խնդրել էի, որ խորհրդակցություն լինի նախարարությունում, որպեսզի մանրամասները հստակեցնենք, բայց փետրվարից մինչեւ հիմա դա ընթացք չէր ստացել, դրա համար ես ինքնակամ նախաձեռնել եմ»։

Նա նշեց, որ դրա վերաբերյալ որոշում կարող էր կայացնել 6 ամսվա ընթացքում, ինչի ժամկետը շուտով  լրանալու է․ «Դե, հանձնաժողովի եզրակացությունը փետրվարի սկզբին էր եղել, ես փետրվարի 26-ին դիմել էի նախարարին, սակայն այդ հանդիպումը չէր կատարվել, եւ օգոստոսի սկզբին լրանում է 6-ամսյա ժամկետը՝ որոշում կայացնելու։ Եթե ես մի քիչ էլ սպասեի, ապա ժամկետը կանցներ եւ կստացվեր հանցավոր անգործություն»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ինքը «հաղթեց» նախարարին, Գոգյանն արձագանքեց․ «Չէ, պայքար չէ, աշխատանք է, անում ենք։ Ես դիմում էի գրել դուրս գալու, եթե իմ դիմումը չի ստորագրվում, այդ նշանակում է նաեւ, որ ես պետք է գործս անեմ, եւ միգուցե վատ չեմ անում, միգուցե պետք է սկզբունքային լինել ավելի։ Ես կատարել եմ ԲՈԿ-ի նախագահի գործառույթները, եւ ռեկտոր ընտրելու հնարավորություն անեմ այն բուհերում, որտեղ խորհրդի անդամ եմ»։

Նշենք, որ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթն իր հայցի հիման վրա կասեցվել է՝ դատարանի արգելանքով։ Սակայն այսօր ՀՊՏՀ-ում ամեն դեպքում տեղի է ունենում մրցույթը օրենքի կոպտագույն խախտումներով։