Նոր Նիկոլ կամ վերջին արար

Նոր Նիկոլ կամ վերջին արար

Նիկոլ Փաշինյանը 2018-ին ժողովրդի համար խաղացել է փրկիչի դեր ու այնքան հզոր է եղել խաղը, այնքան անգերազանցելի, որ մինչև այսօր ժողովուրդը ուշքի չի գալիս, որ նա փրկիչ չի եղել, այլ պարզապես ցուցադրել է հզորագույն խաղ։

Մինչև հիմա ժողովուրդը ուշքի չի գալիս, թե ինչու՞ հանկարծ ինքը հայտնվեց ոչ թե խոստացված դրախտում, այլ գեհենի կրակներում։ Ինձ երբեմն հարցնում են՝ ինչու՞ գեհենի կրակներում հայտնվածները չեն միավորվում, որ փրկվեն, ինչու՞ երկիրն ու իրենց տանում են կործանման։ Իմ պատասխանը միանշանակ է՝ նոր Նիկոլ Փաշինյան չկա, ով այդքան հզոր խաղ ցուցադրի։ Նոր Նիկոլ Փաշինյան չկա, որ կարողանա ավելի զորեղ զենքով՝ ատելություն սերմանելով, ծնկի բերել ժողովրդին։ Նիկոլը որպես փրկիչ էր հանդես գալիս, նույնիսկ Հիսուսի հետ էր իրեն համեմատում, կա՞ նման մեկը, որը կարողանա նույն համոզչությամբ, նույն քաղցրասիրությամբ հանգստացնող ու մրափեցնող դեղ ներարկի ժողովրդին։

Վիճակն ավելի է ծանրանում, երբ ,,փրկչից,, այնքա՜ն են հիասթափվել, որ էլ ոչ մի փրկչի չեն հավատում։ Հայրենիքը կորցնում են, նույնիսկ այդ մեծ գաղափարի շուրջ չեն համախմբվում։ Գեհենի կրակներում հայտնվածները փրկության շարժումներ են անում, օգնություն են աղերսում, քայլեր են անում, բայց նրանց նոր Նիկոլ են փնտրում, որ նրա նման վիրակապով փաթաթի ձեռքը, բինտի վրա արյունոտ սրտիկ նկարի ու գոռա ձայնի աղերսական զնգոցով՝ եկե՜ք իմ հետևից, ես ձեզ դրախտ կտանեմ․․․

Աստված չանի, Նիկոլից ավելի Նիկոլ հայտնվի ու գեհենի կրակների մեջ վերջնական ամփոփի նրանց։ Նոր Նիկոլը վերջին արարն է լինելու։ Աստված գուցե վերջին պահին խելք տա նրանց, ու նրանք ձեռք- ձեռքի բռնած, մեջք- մեջքի կանգնած կարողանան դուրս գալ այն մեծ փոսից, որի մեջ հայտնվել են․․․