Ո՛չ բարձունքը կա, ո՛չ՝ տղերքը, բայց ազգակործան երթը մի օր կանգ կառնի

Ո՛չ բարձունքը կա, ո՛չ՝ տղերքը, բայց ազգակործան երթը մի օր կանգ կառնի

«Չէի խառնվում քաղաքական անցուդարձին։ Գիր-գրականությունն էր իմը։ Բայց Վաչագանիս ու իր նման քաջերի կյանքի գինն արժեցող սխրանքներով կրկնակի սրբագրված հայրենիքս չի ներելու այսօրվա լռությունս»,-ասում է բանաստեղծ, «Բարձունքը մերն է՝ տղերքը չկան…» տողերի հեղինակ Խաչիկ Մանուկյանը։ Այսօր արդեն ո՛չ բարձունքը կա, ո՛չ՝ տղերքը, այդ թվում՝ Խաչիկ Մանուկյանի որդին՝ երիտասարդ բանաստեղծ, Քարինտակում զոհված Վաչագան Մանուկյանը։

«Ասել եմ, որ Վաչագանն իմ որդին չէ այլեւս, իմ Հայրն է, որ երկինս է։ Հիմա ինքն է ինձ առաջնորդում։ Ես այլընտրանք չունեմ․ անանձնական սիրո իր ճանապարհով եմ անցնելու թույլ չտալով բաշիբոզուկ ստահպատակ գոյանքներին՝ խաբկանքի մեջ խեղդել մեր երկիրը։ Նա իր հոգում կրում էր Տիգրան Մեծի Հայաստանը եւ մարտի էր մղվել Նժդեհի ոգով։ Նա հայոց նվիրական արժեքներին էր դավանում եւ դուրս էր մեր՝ հոգի եւ մարմին խեղճացնող չափումներից»։
Տեւական լռությունից հետո Խաչիկ Մանուկյանի պոռթկումը ոչ միայն ներքին ցավի, այլեւ վտանգված հայրենիքի հնարավոր կորստի ճիչ է։ «Իմ գրականությամբ մշտապես արձագանքել եմ իմ ապրած ժամանակի երեւույթներին, այդ թվում՝ քաղաքական։ Բայց Վաչագանի սխրանքը ստիպում է ավելին անել եւ գտնել իր պաշտելի Հայաստանի շենացման առավել արդյունավետ ուղիներ, չներելով ու խիստ ասեմ՝ քաղաքական դաշտից հնարավորինս դուրս մղելով մարդակերպ շնագայլերին եւ իշխանական աթոռը դեպի ջահել տարփածուների ծոցն ուղղորդող հարմար միջոց կարծող պառվաբոզերին»։

Պատերազմում տարած ամոթալի պարտության, երկրում տիրող անհանդուրժողականության ու երկփեղկվածության մեղքի սլաքն ուղղելով գործող իշխանություններին՝ բանաստեղծը զարմանում է, որ հասարակությանը մոլորեցնելով՝ փորձում են իրենց կաշին փրկել՝ ում ասես մեղադրելով, իրենցից բացի։ «Ուզում են համոզել, որ վարչապետի ընտանիքը պատերազմական գործողությունների իմիտացիայով չի զբաղվել, ու մեր զավակների նման անձնազոհաբար պաշտպանել են հող հայրենին»։ 

Նրա կարծիքով՝ նախորդ իշխանության օրոք ժողովուրդն ավելի ապահով էր, քան այսօր հուդայապաչով խաչվելիս, որովհետեւ այսօր, երբ անկռիվ՝ կտոր-կտոր հայրենիք ենք կորցնում, ցավեցնում  ենք նահատակների հոգիները։ «Բացառիր հայոց քաջերի սխրանքները, եւ դանիելիոանիսյանական կոսմոպոլիտիկ փալասախումբն այսօր թեյ մատուցելիս կլիներ Երեւանի սրճարաններում։ Այլ հարց է, որ ռազմարվեստի մեջ տգիտությամբ փայլող առաջնորդները փշրեցին մեր հաղթանակն իրենց չորագլխությամբ․ դատապարտվողի իրենց բաժինը կյանքի գին է ունենալու»։

Անդրադառնալով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Զոհվեցին հանուն ոչնչի» չարագուշակ արտահայտությանը, որը, շատերի կարծիքով, կոդավորված նախազգուշացում էր սպասվող դեպքերին, բանաստեղծն ասաց․ «Մենք նույն արժեհամակարգի կրողները չենք։ Վաչագանն ու իր նման կամավորական քաջերը հստակ գիտակցում էին, որ մեր հայրենակիցները պաշտպանության կարիք ունեն, որ մայրեր ու երեխաներ են զոհվում, որ պատանի զինվորներին աջակցել է պետք․․․ Հիմա ես եմ հարցնում՝ եթե քաջերն անմահացան հանուն ոչնչի, ապա իրե՛նք հանուն ինչի՞ են ապրում»։

Հարցին, թե կարթնանա՞ հայի հավաքական իմաստնությունը, թե՞ կմնանք կենցաղային մակարդակում, բանաստեղծն ասաց․ «Մեր հավաքականությունը կարող է կայանալ միայն մեր ինքնությունը փաստող ճշմարիտ արժեքների շուրջ։ ԱնԿոմիտաս ու անԹումանյան այս խեղված մշակույթով, առողջ հունդը սպանող որոմների առատության՝ մեզ պարտադրված այս ժամանակներում դժվար է լինելու, բայց ո՞ւմ է պետք կյանքն առանց իմաստավորված պայքարի ու թռիչքների․․․»։

Բանաստեղծը դեռ հույս ունի, որ ընտրությունն այլեւս կանգ չի առնելու նախկինների ու սեռախեղվածների միջեւ, ու որ ազգակործան երթը մի օր կանգ է առնելու՝ շնորհիվ հայի հզոր, հայրենասեր ու հավատավոր տեսակի։