Ուկրաինական ճգնաժամը կփոխի համաշխարհային տնտեսության մոդելը

Ուկրաինական ճգնաժամը կփոխի համաշխարհային տնտեսության մոդելը

Ուկրաինական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, իր էական ազդեցությունը կթողնի համաշխարհային տնտեսության վրա։ Այն կարագացնի տնտեսության գլոբալ մոդելի ապագլոբալացումը եւ կբերի համաշխարհային տնտեսության արդյունաբերական սեկտորի վերաֆորմատավորման։ Դա տեղի կունենա մատակարարման շղթաների թուլացման պատճառով։ Այս մասին հայտարարել է լեհական Bank Polski-ի գլխավոր տնտեսագետ Պետր Բույակը։ Լեհ մասնագետը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի թողնելիք հետեւանքներից մեկը կլինի այն, որ երեք խոշորագույն ճամբարների միջեւ կապերը կթուլանան։ Այդ ճամբարներն են, պայմանական ասած՝ հյուսիս-ատլանտյան համայնքը, որը ներառում է ԵՄ-ն, Կանադան եւ ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Միաժամանակ, այս ճամբարներից յուրաքանչյուրում սպասվում է արդյունաբերական մեծ զարթոնք, որպեսզի թուլացված մատակարարումների շղթաների պայմաններում հնարավոր լինի ապահովել տեղում արդյունաբերական ապրանքների ողջ պահանջարկը։ 

Մասնագետները, ի դեպ, նշում են, որ մոլորակի ապագլոբալացումը սկսվել էր դեռ ավելի վաղ, իսկ ահա կորոնավիրուսային պանդեմիան ի ցույց է դրել գլոբալիզացիայի՝ որպես համակարգի, բոլոր խոցելի կետերը։ Լեհ փորձագետը, շարունակելով իր կանխատեսումները, նշում է, որ համաշխարհային տնտեսության արդյունաբերական սեկտորի վերաֆորմատավորման միջանկյալ կամ անցումային փուլում սպասվում են համաշխարհային ՀՆԱ-ի կրճատում եւ սղաճի ավելացում։ 
Սա իր հերթին լինելու է այն պատճառով, որ էժան աշխատուժ ունեցող երկրներից արդյունաբերական մի շարք առանցքային ձեռնարկություններ կտեղափոխվեն թանկ աշխատուժ ունեցող երկրներ, այսինքն՝ պետք է սպասել, օրինակ, որ ամերիկյան, կանադական կամ եվրոպական խոշոր ընկերությունները կսկսեն Չինաստանից իրենց գործարանները տեղափոխել դեպի Արեւմուտք։ 

Այս երեւույթը վերաբերելու է ոչ միայն Չինաստանին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Ասիայի մյուս երկրներին։ Այս իրավիճակում կարող են շահել այն երկրները, որոնք կցուցաբերեն ճկունություն եւ կլինեն մրցունակ, հատկապես, որ Ռուսաստանին, ըստ կանխատեսումների, առաջիկայում սպասվում է լուրջ մեկուսացում, որն առաջիկա ամիսներին բերելու է խորը եւ տեւական հետընթացի, իսկ ավելի երկարատեւ հեռանկարի համար՝ տնտեսական աճի նկատելի թուլացման։ 
Դատելով լեհ մասնագետի կանխատեսումներից՝ շահած կարող են դուրս գալ նաեւ այն երկրները, որոնք կփորձեն արագ կողմնորոշվել նոր իրականության պայմաններում, կոտրել ունեցած ստերեոտիպային պատկերացումները եւ արագ դիվերսիֆիկացնել իրենց տնտեսական մոդելները՝ կիրառելով առնվազն բազմավեկտորայնություն։