Նրան ընկճելու տեղն իր որդին էր, որդին էլ չկա, ոչ մի բան նրան չի կարող ընկճել

Նրան ընկճելու տեղն իր որդին էր, որդին էլ չկա, ոչ մի բան նրան չի կարող ընկճել

Հասարակությունը, կարծես, հաշտվեց զոհվածի մորը կալանավորելու իրողության հետ, անգամ զոհված զինծառայողների ծնողները, որոնք օրեր շարունակ նստացույց էին իրականացնում, վճռական գործողությունների մասին խոսում, դադարեցրին պայքարը եւ այժմ ոչ մի գործողություն չեն իրականացնում: Չնայած «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը հայտնել էր, որ թեև դադարեցնում են նստացույցը, սակայն պայքարը չի ավարտվում: Այս հայտարարությունից տասն օր անց պայքարի որևէ դրսևորում չենք տեսնում` ոչ զոհված զինծառայողների ծնողների, ոչ էլ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից: Երբ զոհված զինծառայողների ծնողները դադարեցրին նստացույցը տպավորություն էր, թե սրանով կփակվի գործը և որդեկորույս մայրը կհայտնվի ազատության մեջ, սակայն մեկամսյա կալանքից արդեն երկու շաբաթ անցել է, սակայն նա նստած է եւ ոչ ոք դրա դեմ չի ընդվզում:

«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Գայանե Հակոբյանի փեսային` Գոռին:

- Ինչպե՞ս է տիկին Գայանեի վիճակը:

- Ոչինչ էլի: Դե նույնն ա:

- Ամսի 5-ին տեղի կունենա գործով դատական նիստը: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Չեմ կարող ասել:

- Իսկ ակցիաներ չե՞ք նախատեսում առաջիկայում, վե՞րջ` պայքարն ավարտվա՞ծ է:

- Ճիշտն ասած, էս պահին գլուխս էնքան խառն ա, բան չկա դեռ նախատեսած:

- Զոհվածների ծնողներից մեզ հետ զրույցում ասել էին, որ այս լռությունը պառակտել ու հիասթափեցրել է իրենց:

- Իսկ ո՞վ է այդ ծնողը: Կասե՞ք անունը, ասեք էդ ծնողին թող զանգի ինձ ու ինձանից էդքան բանը լսի, նոր հայտարարություն անի:

- Տիկին Գայանեն դեռևս անազատության մեջ է, ո՞րն է այս լռության նպատակը:

- Ինձ խի՞ եք ասում, ե՞ս եմ նստացուց արել:

- Ասում են, որ տիկին Գայանեի հարազատների խնդրանքով են դադարեցրել նստացույցը:

- Ո՞վ ա ասում: Ես նման բան չեմ իմանում, չեմ էլ ուզում մանրանամ, մեզ մենակ Գայանեի ազատությունն ա հետաքրքիր: Մնացած մասով խոսեք փաստաբանների հետ:

- Գուցե իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի՞ եք եկել եք, հանդիպե՞լ եք ինչ-որ մեկի հետ:

- Ոչ:

- Իսկ հարազատների՞ց որեւէ մեկ ուրիշը:

- Ոչ մեկը չի հանդիպել:

- Փաստաբաններն ի՞նչ են ասում, խոսո՞ւմ եք նրանց հետ:

- Ինչ դուք գիտեք, նույնը` ես:

- Տիկին Գայանեն ի՞նչ կարծիք ունի ավարտված նստացույցի և այս լռության մասին:

- Առիթ չեմ ունեցել նրան այդ հարցը տալու: Նա որպես կին ուժեղ է և նրան ընկճելը դժվար է: Իր բնավորության գծերը լավ գիտեմ, իրեն ընկճելու տեղն իր որդին էր, որդին էլ չկա, դրանից ավել ոչ մի բան նրան չի կարող ընկճել:

- Իսկ ի՞նչ եք կարծում, մեկամսյա կալանքով կսահմանափակվե՞ն, թե այլ ընթացք կստանա գործը:

- Չգիտեմ: