Կորոնայի թեման՝ հին ու արնոտ լաթ 

Կորոնայի թեման՝ հին ու արնոտ լաթ 

Կորոնայի թեման հանրության առաջ « հին ու արնոտ լաթի նման նետելով»՝ Նիկոլ Փաշինյանը նոր, ավելի գորշ ու արյունոտ կորոնա է նախապատրաստում։ Մարդու ձեռագիրը երբեք չի փոխվում։ Ինչու՞ հենց այսօր է բարձրաձայնվում այս թեման, երբ Արցախի ու Հայաստանի գլխին կախված է արհավիրք, և հայ ժողովուրդը ուզում է ոչ թե աչքերը փակ ընդունել արհավիրքը, այլ ուզում է պայքարել ու իշխանությունից պահանջում է զինել Բանակը։ Ոչ մի բան, ինչքան էլ դաշտ է նետում տարբեր թեմաներ, հանրության ուշադրությունը չի շեղում։ Հանրության մեջ դեռ կա այն կրակը, որ ամեն պահ կարող է բռնկվել ու իր ծրագիրը՝ մինչև վերջ մարդկանց մեջ մեռցնել հայրենատիրության զգացումը, խափանել։ Այսօր, երբ Արցախի վերջնական հանձնումից հինգ է պակաս, ու Հայաստանը գտնվում է թուրքացման ճիրաններում, նա դաշտ է նետել կորոնայի թեման, որն իր հուզական բնույթով համարյա համազոր է պատերազմական թեմային։ Նա չկարողացավ օգտագործել պատերազմի թեման՝ «գործակալական ցանցեր ու դավաճաններ», նախկիններ դաշտ նետելով։

Հանրությունը ողջ մեղքն ու պատասխանատվությունն իր վրա էր բարդում և ուշադրություն չէր դարձնում նրա ԱԱԾ-ի «բացահայտումներին»։ Տեսավ, որ հերոսների, գեներալների հետևից ընկնելը ավելի վատ  էֆեկտ է տալիս ու իր վարկանիշը զրոյանում է, միանգամից փոխեց ուղղությունը՝ կորոնա։ Փակ դագաղներ, շտապ օգնության մեքենաներ, որոնք տանում էին հարազատին ու ոչ մեկն այլևս նրան չէր տեսնում։ Չեք մոռացել նաև, որ շատ այլախոհների մահը բարձրաձայնում, կապում էին ոչ թե կորոնայի, այլ հաշվեհարդարի հետ։ Թե ինչքանով էին դրանք համապատասխանում իրականությանը, դա ավելի փոքր հարց էր, քան այն, որ մարդկանց պահում էին մահվան ու սարսափի ճիրաններում։ Դիմակների պատմությունը հիշեք, ովքեր էին արտադրում և ինչ գներով էին վաճառում։ Մարզահամերգային համալիրը հիշեք, որ օրը տասն անգամ ցույց էին տալիս՝ դատարկ, ոսկորանման մահճակալներով, որոնք այդպես էլ դատարկ մնացին, բայց վախը մարդկանց մեջ վերածվեց հիվանդության։ Հիշեք, թե կորոնայի ժամանակ Փաշինյանն ինչ քարոզարշավ էր տանում, կինը ընկած փողոցներով մեկ բուկլետներ էր բաժանում, բայց ասֆալտին պառկեցնում էին մի թշվառ քաղաքացու, որը դիմակն իջեցրել ու մի սիգարետ էր ծխում։ Այնքա՜ն ահավոր, սարսափելի բաներ կան հիշելու, հիշեցնելու, բայց կարևորը դա չէ, որովհետև այս իշխանության օրոք հայ ժողովուրդը միայն մարդկային ուժերից վեր տառապանք է ճաշակել ու մաղվել․․․

Կարևորը գիտակցելն է, որ կորոնան էլ է դաշտ նետված թեմա։ Եվ պետք է ոչ թե նետվել ցեխոտ ու փնթի դաշտ, մտասևեռվել նրա վրա, այլ հեռու մնալ ցավոտ ու ձեր հույզերը սղոցող թեմայից, որովհետև այսօր մեր ազգի լինելիության, մեր պետության գոյության հարցն է վճռվում։ Երբ Փաշինյանը զգա, որ կորոնայի թեման, ինչպես պատերազմում մեղավորներ փնտրելու թեման  էլ շուռ է գալիս իր վրա, կփակի այդ թեման։ Որովհետև մարդիկ կույր  չեն, տեսել են, որ կորոնայի ողջ ժամականաընթացքի պատասխանատուն եղել է ինքը, անգամ վիճակագրական տվյալներն էր ինքը հաղորդել։  Նա աշխատում է ձեր հույզերի վրա, ինչպես հմուտ վարպետը կաշխատի իր նյութի վրա։