Պեսկովն իրավացի է, դժբախտաբար

Պեսկովն իրավացի է, դժբախտաբար

Վանո Սրադեղյանի պայծառատեսությունը հիացմունք է առաջացնում։ 1998 թվականին, 168․ам-ին տված հարցազրույցում նա ասում է․ «Մեծ տերությունների գաղտնի ծառայությունների ձեռքը քրքրված Հայաստանում մեկ քաղաքական դեմքը միշտ կարող է պարտվել։ Միշտ կարող են խեղդել մեկ դեմքին։ Դրա համար կոլեկտիվ ջանք է պետք, ինչպես Ղարաբաղ կոմիտեի դեպքում էր․․․»:

Ենթադրաբար՝ այդ իրավիճակին ենք բախվել։ Դատելով մեր երկրի առջև ծառացած աներևակայելի, անըմբռնելի ու սարսափելի մարտահարավերներից, կարելի է վստահաբար ասել, որ երջանկահիշատակ Վանո Սիրադեղյանի պայծառատեսությունն իրականություն է դարձել․․․

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է․ «Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ դրանք ի վիճակի չեն այնտեղ կայունություն և բարգավաճում ապահովել»։

Դա մենք գիտենք, արդեն 100 տարի։ Ցավալիորեն, ոչ Ռուսաստանն է ասում, որ Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը վերանայման կարիք ունի, Նախիջևանն ու Արցախը պետք է վերամիավորվեն մայր հայրենիքին, ոչ էլ «տարբեր արտատարածաշրջանային ուժերն» են ինչ-որ բան խոստանում։ Կարելի է ենթադրել, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը, մանրադրամ են՝ Ռուսաստանի դեմ գլոբալ արշավանքում, որը սկիզբ է առել հարյուրավոր տարիներ առաջ։ Լավ, ի՞նչ անի ուկրաինացին կամ հայը։ Ըստ այդ ուժերի՝ մինչև վերջին ուկրաինացին ու մինչև վերջին հայը պետք է պայքարեն Ռուսաստանի դեմ։

Միշտ էլ ցանկացած երկրի, հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ պատիվ են բարձրաստիճան պաշտոնյաների այցերը,  NATՕ-ի քարտուղարինը՝ նույնպես։ Ուղղակի, երկու հարց․ 1․ Ինչու՞ չայցելեցիք Հայաստան, երբ թուրք հրոսակախմբերը, վարձու ահաբեկիչները, թուրք-իսրայելական ու NATO-ն (F-16, Link-16 և այլն) սպառազինություններով և Թուրքիայի առաջնորդությամբ ցեղասպանում էին հայերին։ 2․ Ինչու՞, Հարավսլավիայի նմանությամբ (որևէ կերպ չարդարացնելով դա) չռմբակոծեցիք Ադրբեջանը․․․

Անշուշտ, հարգարժան Պեսկովն իրավացի է, բայց չի ասում, թե ելքը որն է։ Ի վերջո, Ռուսաստանը ցանկանում է ունենալ խեղճուկրա՞կ, անարժանապատի՞վ Հայաստան-դաշնակից, թե՞ արժանապատիվ ու բարգավաճող Հայաստան-դաշնակից։ Այդ դեպքում՝ դա ինչպե՞ս է տեղավորվում, արդեն հարյուրավոր տարիներ ձգվող, հակասական ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Այս հարցը, թերևս, ավելի շատ մեր ժողովրդին է ուղղված։ Գուցե մեր մե՞ջ է «սատանան»․․․

Գագիկ Վարդանյան