Այս ձևակերպման մեջ գոյություն չունի քաղաքական բովանդակություն

Այս ձևակերպման մեջ գոյություն չունի քաղաքական բովանդակություն

Վերջին շրջանում որոշ շրջանակներ հատկապես ոչ իշխանական շրջանակներ սկսել են շրջանառել Արցախի հետ կապված մի ձևակերպում այն է «Արցախը պետք է հայկական մնա»: Սա նման է քաղաքականությամբ ապաքաղաքական մոտեցումներով ձբաղվելուն: Ինչու՞, որովհետև այս ձևակերպման մեջ գոյություն չունի քաղաքական բովանդակություն, քաղաքական սկզբունք, քաղաքական դիրքորոշում և քաղաքական դիրքավորում, այն լոյալ է և անհենք: 

Հարգելիներս, որպեսզի «Արցախը մնա հայկական» որևէ այլ մեխանիզմ, համակարգ, ռեժիմ կամ սուբստանցիա, քան պետականությունն է կամ Արցախյան Պետականության գոյության ճանաչումը, ընդունումը և լեգիտիմացումը ուղղակի չկա: Այս պսևդոքաղաքական ձևակերպումը որևէ կերպ և էական բովանդակային առումով չի տարբերվում իշխանության կողմից Արցախի Հանրապետության պետականության շեշտման բացառումից և իմ կարծիքով նույնական է: 

Փաստացի ստացվում է, որ ընդգծելով իշխանության սխալականությունը, դավաճանական մոտեցումը Արցախի նկատմամբ, շատերը շարունակում են ենթատեքստերով ապահովագրել իրենց մոտեցումը և տեսանելի թողնել իրենց մոտեցման մեջ բացառապես քննադատությունը իշխանության նկատմամբ, այլ կերպ ասած՝ ինկոգնիտո պահել իրենց քաղաքական մոտեցումները, եթե իհարկե դրանք կան: 

P.S. Պետք է վերջ տալ ապաքաղաքական ոճով քաղաքականությամբ զբաղվելուն դա ոչ միայն կործանարար է քաղաքական կարիերայի համար այլ նաև հանգեցնում է ընդդիմություն կոչվող ինստիտուտի ֆիասկոյին: Կներեք ձեզ պիանիստ նախագահի թեմայից շեղելու համար: Շնորհակալություն.

Վլադիմիր Մարտիրոսյան