Սեփականաշնորհման արձագանքները

Սեփականաշնորհման արձագանքները

Մեր երկրում մարդիկ հարուստ եւ աղքատ են դարձել տարբեր հանգամանքներում ու տարբեր պատճառներով, բնականաբար, խոսքը  նորանկախ Հայաստանի ժամանակահատվածի մասին է: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո ունեցվածքի առումով մարդիկ գրեթե հավասար էին, ամեն ինչ փոխվեց, երբ նորանկախ պետություններում սկսվեց համատարած «սեփականաշնորհումը»: Դա, իհարկե, իրական սեփականաշնորհման հետ կապ չուներ: Այդ սեփականաշնորհման ընթացքում համարյա ամեն ինչ բաժին հասավ պետական պաշտոնյաներին, նրանց շրջապատին ու ճարպիկներին, եւ  ձեւավորվեց հարուստների հասարակական շերտը: Եվ սկսվեց հասարակության շերտավորումը` հարուստների եւ աղքատների, որը շարունակվում է մինչ այսօր:

Տարիներ շարունակ գործազրկության եւ գների աճի պայմաններում կյանքը բավականին դժվարացել է չունեւորների համար: Շատերի գոյատեւման միակ ճանապարհը դարձել է վարկեր վերցնելը, որոնցով փոքրիկ գործեր էին դնում: Սակայն մեծ մասի մոտ գործերն այնքան էլ բարեհաջող չընթացան, որի հետեւանքով նրանք պարտադրված վաճառեցին սովետից մնացած իրենց միակ տները, որպեսզի վճարեն վարկերը: Եվ սկսեցին վարձով ապրել: Այդ տներն էլ գնեցին հարուստները ու դարձան բազմաթիվ բնակարանների տեր, որն ավելի խորացրեց հասարակության շերտավորումը: Այլ խոսքով`  հարուստներն սկսեցին ավելի հարստանալ, աղքատները՝ ավելի աղքատանալ: 

Եվ այսօր հասարակության մոտ առաջացել է խիստ բեւեռացված ողբերգական վիճակ. հասարակությունը բաղկացած է շատ հարուստներից, հարուստներից, աղքատներից եւ բավականին մեծ թվով ծայրահեղ աղքատներից: Իհարկե, այդ բեւեռացումը ժամանակի ընթացքում ավելի է խորանալու, եւ աղքատների ու ծայրահեղ աղքատների վիճակն ավելի է վատանալու: Եվ դրա լուծումը ոչ մի կերպ չի երեւում: Մեր պետությունը շատ աղքատ է, այնպես որ՝ նա ի վիճակի չի լինելու իր հաշվին պահել աղքատներին, եւ միակ ճանապարհը մնալու է այն, որ գոնե հարուստները բարեգործություն անեն եւ աղքատների գոյատեւման հարցը լուծեն: Նման բան կլինի, թե ոչ, հայտնի չէ, սակայն մի բան հաստատ է, որ հարուստների ունեցվածքի մեծ մասը հենց այդ նույն աղքատներից թալանած ունեցվածքն է։

Կարծում եմ, ինչպես ընտանիքի գլխին կանգնած է նրա ղեկավարը, որը տնօրինում եւ կառավարում է միջոցները ու պահում ընտանիքի անդամներին, նույնկերպ էլ պետք է հարուստներն իրենց միջոցներից փոքրիկ մասհանում անեն նրանց, քանզի բոլոր մարդիկ Տիրոջ զավակներն են՝ քույրեր եւ եղբայրներ, եւ պարտավոր են միմյանց օգնել: Եթե այդպես չանեն, ապա մի գեղեցիկ օր աղքատները փողոց դուրս կգան եւ կտրորեն ու կոչնչացնեն այդ նույն հարուստներին: Չէ՞ որ բոլորը ծնվել են Տիրոջ կամքով եւ հավասար, ուստի մարդավայել ապրելու իրավունք բոլորն ունեն: Եվ ամենակարեւորը. եթե այս պարզ բանը նրանք չհասկանան ու հրաժարվեն նման բարեգութ քայլից, ապա պետք է միշտ հիշեն, որ Տերն ամեն ինչ տեսնում է եւ նման պահվածքի պարագայում անպայման կպատժի նրանց՝ ագահության համար, որը մեղք է համարվում: Եվ ամենակարեւորը. քանզի Տերը դեռեւս համբերում եւ չի պատժում նրանց, ապա դա միայն այն պատճառով է, որ վստահ է, որ նրանք կհասկանան այդ պարզ բանը եւ կաջակցեն կարիքավորներին: 

Տիրոջ կամքը միշտ ի կատար է ածվում...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ