Կարեւորը Փաշինյանն ու ոստիկանությունն են

Կարեւորը Փաշինյանն ու ոստիկանությունն են

Անհերքելի է, որ Փաշինյանի համար ոստիկանական համակարգը միակ սիրելի ու անփոխարինելի պետական կառույցն է: Ի տարբերություն մյուս կառույցների ու համակարգերի, որոնք, իշխանության գալով, Փաշինյանը քանդեց ու շարունակում է քանդել մեծ եռանդով, ոստիկանությունը զարգացնում է նույն եռանդով, համալրում նոր տեխնիկական հնարավորություններով ու տեխնոլոգիաներով, բարձրացնում աշխատավարձերը, արտոնություններ տալիս: Իսկ Ոստիկանության օրը եւս մեկ առիթ էր՝ այդ «սերը» դրսեւորելու՝ մեծարելու, գովելու։  

«Ոստիկանությունը մեր պետականության ողնաշարն է, եւ այն պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի»,- ասել է Փաշինյանը՝ պետական «բուրդը» խառնելով սեփականի հետ։ Մինչդեռ ակնհայտ է, որ այսօրվա ոստիկանությունը ծառայում է միայն Փաշինյանի իշխանությանը եւ բացառապես ապահովում է նրա անվտանգությունը: Հետեւաբար՝ այն Փաշինյանի իշխանության ողնաշարն է: Այդ օրը գործադիրի ղեկավարը խոսել է այն հիմնական 3 ուղղությունների մասին, որոնցով ընթանում է համակարգի զարգացումը։ Նրա խոսքով` առաջինը պրոֆեսիոնալ հմտությունների շարունակական զարգացումն է, սահմանել մի նշաձող, որից ներքեւ որեւէ ոստիկան իր պրոֆեսիոնալ, ինտելեկտուալ հմտություններով չի կարող լինել: Մինչդեռ թե ինչպիսին է այսօրվա ոստիկանի ինտելեկտուալ նշաձողը, ասվել է բազմիցս՝ շրիշակից էլ ցածր: Երկրորդ ուղղությունը Փաշինյանը նշել է սոցիալական երաշխիքների համակարգը. «Ոստիկանության աշխատողը պետք է չմտածի, թե, օրինակ, ինչպես է երեխայի ուսման վարձը վճարելու: ….Եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այնպես անել, որ դուք ձեր աշխատանքի մեջ կենտրոնացած մնաք անվտանգության ապահովման վրա եւ ոչ թե ամենատարբեր կենցաղային խնդիրների, որոնք հատուկ են բոլորին եւ անընդհատ ձեզ ձեր աշխատանքից շեղելու եւ այլ օրակարգեր ունենալու պարտադրանքի առաջ են դնելու: …Համակարգի աշխատակիցների համար պետք է այնպիսի սոցիալական երաշխիքներ ստեղծվեն, որ նրանք համոզված լինեն` այդտեղ աշխատելն արդեն իսկ նշանակում է սոցիալական որոշակի մինիմում, որից ներքեւ այդ երաշխիքները չեն կարող լինել»:

Սրան զուգահեռ, չենք կարող չնկատել, որ Փաշինյանը որքան սիրում է ոստիկանական համակարգը, այնքան ատում է երկրի անվտանգության ողնաշար հանդիսացող բանակը: Թե ինչպիսին է այսօր հայկական բանակը, ինչ սոսկալի անմարդկային պայմաններում է ապրում ժամկետային զինծառայողը, ինչ չնչին աշխատավարձով է սահմանը պահում պայմանագրային զինծառայողը, ասվել է բազմիցս: Եթե այն հոգատարությունը, որն ունի Փաշինյանը ոստիկանության հանդեպ, դրսեւորեր հայկական բանակի նկատմամբ, ապա, իսկապես, դա կլիներ մեր անվտանգության ապահովման համար: Իսկ թշնամին ուզած պահին եւ ուզած վայրում ոտնձգություն չէր անի Հայաստանի նկատմամբ: 

«Ես, եթե չեմ սխալվում, ճիշտն ասած, չեմ ստուգել թվային առումով, երրորդ հանրապետության պատմության մեջ ոստիկանության համակարգում այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում»,- ասել է նա: Այստեղ Փաշինյանը չկեղծեց. այո, ՀՀ ոչ մի իշխանություն ոստիկանության համակարգում այնքան ներդրում չի արել, որքան փաշինյանական իշխանությունը, որովհետեւ ՀՀ ոչ մի իշխանություն հասարակությունից այնքան օտարված չի եղել, այնքան վախեցած ու թաքնված չի եղել, ոստիկանության պաշտպանության կարիքն այնքան չի զգացել, որքան փաշինյանական իշխանությունը: 

Ինչպես համոզվել ենք բազմիցս, Փաշինյանի ու ոստիկանության սերը «փոխադարձ» է. ոստիկաններից շատերը, բարոյական արժեքները կորցրած, պատրաստ են տրորել ցանկացած սրբություն, ամենը, ինչը կարող է վնասել այսօրվա վարչապետի իշխանությանը։ Փաշինյանը նրանց համար դարձել է «սրբություն», քանի որ իրենք սկսել են ստանալ այնպիսի աշխատավարձ, որի մասին անգամ չեն երազել, օգտվում են այնպիսի արտոնություններից, որոնց մասին անգամ պատկերացում չեն ունեցել, սկսել են անշարժ գույք ու մեքենաներ ձեռք բերել: Ոչինչ, որ այդ ամենին հասել են Հայաստանի անվտանգության ու ապահովության հաշվին։

Ոչինչ. Հայաստանում այսօր «կարեւորը» Փաշինյանն է ու ոստիկանությունը, եւ իրենք իրար լավ են նայում։ Իսկ երկրի անվտանգությունը կարեւոր չէ։