Ակն ընդ ական

Ակն ընդ ական

Հարեւան պետությունների, ինչպես հարեւան քաղաքացիների, հարաբերությունները կարող են բարիդրացիական լինել, բայց կարող են նաեւ ինչ-որ պահից խաթարվել։ Եվ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ պետությունների դեպքում շատ կարեւոր է, որ դու չսադրես կոնֆլիկտ, բայց նաեւ խեղճություն չդրսեւորես։ Չխախտես հարեւանիդ իրավունքները, բայց նաեւ թույլ չտաս, որ նա խախտի քոնը։ Եթե հարեւանների միջեւ կոնֆլիկտ է ծագել, ցանկալի է, որ կողմերն իրենք հարթեն այն՝ փոխզիջումների գնալով եւ միմյանց շահերի հետ հաշվի նստելով։ Եվ մյուս հարեւանների, ընկերների, ապա եւ դատական ատյանների օգնությանը դիմեն ծայրահեղ դեպքում, երբ սպառված են խաղաղ հանգուցալուծման բոլոր ուղիները։

Անշուշտ, կարեւոր է նաեւ, որ կարողանաս ներել ու հաշտվել, բայց եթե դիմացինդ ներելու եւ հաշտվելու պատրաստակամություն չի դրսեւորում, քո ներելն ու հաշտվելը քոռ գրոշ չարժեն, եթե չասենք, որ միայն կարող են վնաս բերել քեզ։ Ասենք, եթե դու բարեկամաբար ես տրամադրված եւ պատրաստ ես մոռանալ եղածը, իսկ հարեւանդ դանակը ձեռքին ներխուժում է քո տուն, դու էլ պետք է առնվազն դագանակը ձեռքդ առնես, թեեւ «Մակարովն» ու «Կալաշնիկովը» գուցե ավելի ճիշտ տարբերակ են։ Եթե տուն ես մտնում ու տեսնում ես, որ հարեւանդ ծեծում է երեխայիդ ու կնոջդ, չես կարող նրան խնդրել կամ կոչ անել, որ դադարեցնի բռնությունը, առնվազն պետք է դու էլ բռնություն կիրառես նրա նկատմամբ։ Կամ՝ եթե տեսնում ես, որ հարեւանդ մի քանի մետր առաջ է եկել քո հողամասում եւ արդեն ցանկապատում է տարածքը, չես կարող լուռ հետեւել, թե ինչպես է զավթում քո պապենական հողը՝ քարով ու փայտով պետք է վռնդես նրան քո հողից։

Մեր պետության ղեկավարներն այս տարրական բաները չեն հասկանում, եւ մեր հարեւանն օրեցօր ավելի է լկտիանում։