Արցախի լեռները հայի արյունով են պատված, մետր-մետր գնացել էինք, շատ դժվար ա․ ՊՆ խորհրդական

Արցախի լեռները հայի արյունով են պատված, մետր-մետր գնացել էինք, շատ դժվար ա․ ՊՆ խորհրդական

«Հրապարակ»-ը գրել էր, որ Սյունիքի մարզի ժողովրդի մոտ որոշակի մտահոգություն եւ անհանգստություն կա՝ Սյունիքում իրար հետեւից բացվող հյուպատոսարանները մտահոգություն են պատճառել մարզի բնակիչներին․ ի՞նչ վտանգ է կախված իրենց գլխին, որ ՀՀ սուվերեն տարածքում, երբ, օրինակ, Իրանը, Ռուսաստանը, ԵՄ-ն Երեւանում դեսպանատներ ու գրասենյակներ ունեն, մի հատ էլ հյուպատոսարաններ են բացում Սյունիքի մարզում, ասես Սյունիքը բոլորովին այլ պետություն է։ 
Այս թեմայով փորձեցինք խոսել Սյունիքի նախկին մարզպետ, ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ։ 

-Պարոն Պողոսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին, լարվածություն կա՞ թե ոչ, Արցախն այլեւս չկա, իսկ ադրբեջանցիների թիրախում Սյունիքն է։

-Մենակ մի բան կասեմ՝ էս պահին հանգիստ է, նորմալ է։

-Մտահոգություն կա՞, որ «Զանգեզուրի միջանցքի» պահանջով կրկին սադրանքների կդիմեն։

-Եթե ներքին կապ ունես՝ կարող ենք խոսել։

-Այո, հիմա Ձեզ փակ կապով կզանգեմ։

-Չէ, մի զանգի, մեկ է չեմ ասելու, արդեն ասեցի՝ հանգիստ է այս պահին։

-Դուք առհասարակ ցավ զգու՞մ եք՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները քեւֆ-ուրախություն անում Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ ազատագրված հողերում։

-Մենք 35 տարի է՝ այս գործի մեջ ենք։ Ամեն մի հայ այսօր մտածում է, որ մեր Արցախի լեռները հայի արյունով է պատված՝ մետր-մետր գնացել էինք, հասկանու՞մ  եք, թե մեզ համար ինչքան դժվար է։ 

-Սյունեցիներին մտահոգում է այդքան հյուպատոսարանների բացվելը մարզում, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ցանկանում է հյուպատոսարան ունենալ, ընդ որում՝ հրատապ կարգով։ Սյունիքը վտանգի մե՞ջ է։

Այս հարցից հետո Մելիքսեթ Պողոսյանը լսափողը կախեց, որից հետո նրա հետ այլեւ չկարողացանք կապ հաստատել։