Հայաստանի ինքնիշխանության բանալին

 Հայաստանի ինքնիշխանության բանալին

Գիտե՞ք, թե որն է Հայաստանի ինքնիշխանության բանալին: Հիշո՞ւմ եք, որ Նիկոլն իշխանության եկավ ոչ միայն ժողովրդավարության հաստատման, այլև ինքնիշխանության բարձրացման կարգախոսներով: Արանքում բազմաթիվ այլ գործողություններ էլ կային, օրինակ, փողոցային նկարահանող սարքերն ու արագաչափերը ներքնաշորերով փակելը: Բայց դրանք, որպես պոպուլիստական բնույթի գործողություններ կամ խոստումներ, շատ արագ մոռացվեցին: Որովհետև պոպուլիստական խոսքը կարևորվում է իշխանություն վերցնելու ճանապարհին, սակայն դրանից հետո դեն է նետվում, քանի որ պոպուլիզմով իշխանություն չես պահի: Ինչև, վերադառնանք ինքնիշխանության բանալուն և բացենք այն: Եվ այսպես՝ դա միջազգային հանրության՝ արևմտյան պետությունների ու վերպետական կազմակերպությունների արձագանքերն են: Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է ապահովվի ոչ թե հզոր հայկական բանակով ու հմուտ դիվանագիտությամբ, այլ այդ արձագանքներով:

Ինչպես հասկանում եք, դա նոր խոսք է որևէ պետության ազգային անվտանգության ռազմավարության տեսակետից: Հիշենք՝ նախկինների կողմից ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը 2020-ին, նախքան 44-օրյա պատերազմը, թարմացվել է Նիկոլի կողմից: Եթե այն կրկին թարմացվեր նիկոլական խայտառակ պարտությամբ պայմանավորված, ապա դրա հիմնական դրույթը կստանար հետևյալ տեսքը. մեզ բանակ անհրաժեշտ չէ, քանի որ մեր անվտանգության հենքը ժողովրդավարությունն է, ինքնիշխանությունն էլ ապահովվում է միջազգային հանրության արձագանքներով: Կամ էլ գործող իշխանության բառապաշարով ասած՝ հասցեագրումներով: Եթե դա թարգմանենք ավելի մատչելի լեզվի՝ կստանանք այսպիսի մի դատողություն. մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է: 
Այդ կարգախոսը հեռավոր նմանություն ունի ռուսական բոլշևիկների կարգախոսին՝ բարձրաձայնված 1918 թվականին կայզերական Գերմանիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի կնքման գործընթացում: Բոլշևիկյան ղեկավարներից մեկի՝ Լև Տրուցկու ձևակերպած բանաձևը հնչում էր այսպես՝ «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ. խաղաղություն չենք կնքում, ավարտում ենք պատերազմը, իսկ բանակը զորացրում ենք»: Իհարկե, այդ անհեթեթ բանաձևի փոխարեն բոլշևիկները ստիպված եղան Գերմանիայի և նրա արբանյակների հետ պայմանագիր կնքել, ինչի արդյունքում Ռուսաստանը կորցրեց 1-1,5 մլն քառ/կմ տարածք՝ մինչև 50 մլն բնակչությամբ: Ինչը բացասաբար անդրադարձավ նաև Անդրկովկասում հավաքված հայության ճակատագրի վրա՝ հաշվի առնելով ռուսական բանակի հեռացումն ու ճակատային գծի բացումը:

Նույն տրամաբանությամբ, Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով՝ Նիկոլի իշխանությունը թշնամուն հանձնեց Արցախը: Դա արվեց գիտակցորեն և կանխամտածված, թե ապաշնորհության հետևանքով՝ ամբողջովին կպարզվի իշխանափոխությունից հետո: Բանակն ամրապնդելու փոխարեն հույսը դնելով միջազգային հանրության արձագանքների կամ հասցեագրումների վրա՝ Նիկոլի իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանձնումին: Ադրբեջանական անկլավների վերադարձի անվան ներքո թշնամուն հանձնվելու են հյուսիս-հարավ ճանապարհի ուղղությամբ տեղակայված հայաստանյան ութ բնակավայրեր: Ինչին, վստահաբար, հետևելու է Սյունիքի, իսկ այնուհետև կամ միաժամանակ՝ Գեղարքունիքի տարածքների կորուստը: Բայց մինչ այդ, Նիկոլի իշխանությունը բանակն ուժեղացնելու փոխարեն ուժեղացնում է ոստիկանությունն ու մնացած իրավապահներին: Եվ Հայաստանի սահմաններն ամրացնելու փոխարեն ամրացնում է կառավարության շենքի կամ կառավարական դաչաների պաշտպանվածությունը: Ներքին հզոր պաշտպանվածություն արտաքին անպաշտպանվածության համատեքստում՝ սա էլ նիկոլական անվտանգության ռազմավարության երկրորդ հիմնական թեզը: