Ինչո՞ւ ենք միայն ազատման հարց բարձրացնում 

Ինչո՞ւ ենք միայն ազատման հարց բարձրացնում 

Հայաստանում եւ ողջ Մերձավոր Արեւլքում սեպտեմբերի 19-ից մինչ այսօր իրար ետեւից, հաճախ էլ նույնիսկ միաժամանակ, այնպիսի արագությամբ, այնպիսի քանակով ու այնպիսի խորության իրադարձություններ են ծավալվում, որ որեւէ թեմայի քիչ թե շատ հետեւողականորեն, պարբերաբար անդրադառնալ հնարավոր չէ։ 

Այդուհանդերձ, արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելուց, Գրանադայի քառակողմ հայտարարության արձանագրումներից, Ֆրանսիայի նախաձառնությամբ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) ընդլայնելու եւ հզորացնելու հարցը օրակարգ բերելուց (հուսանք, խոսքը CSDP-ի Strategic Compass-ով նախատեսված սպառազեն խաղաղապահներ տեղակայելու քննարկումների մասին է), Արցախում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու թեման ՄԱԿ ԱԽ-ում  ակտիվացնելուց, Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ բանաձեւի շրջանառումից, վերջապես Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի բանաձեւերի ընդունումից հետո, որոնց դեմ Ադրբեջանը դեռ երկար կբողոքի, յուրաքանչյուրին էլ ակնհայտ է, որ բոլոր այդ զարգացումներ կատարվում են շատ ավելի միջազգային իրադրության եւ զարգացումների տրամաբանությունից ելնելով, Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ԵՄ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի հետ Փարիզի մեկտեղած ջանքերով, քան ՀՀ իշխանությունների դերակատարմամբ։ 

Հետեւաբար, Հայաստանի իշխանությունները գուցե փորձե՞ն Արցախին առնչվող մի հարց էլ սեփական նախաձեռնությամբ միջազգային հարթակներ տանել։ Խոսքը Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին ղեկավարների եւ հատկապես գեներալներ Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանի մասին է։ Իհարկե գնահատելի է, որ ՀՀ իշխանությունները նրանց եւ Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման կամ ապահովության երաշխիքների հարցերով միջազգային դատական ատյանների են դիմել։ Սակայն չարժե՞ արդյոք մի երրորդ՝ մինչ այժմ չբարձրաձայնված պահանջ բարձրաձայնել եւ ԵՄ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ձեւաչափերում դրա իրականացմանը հետամուտ լինել։ Կարծում եմ՝ արժե հարց բարձրացնել եւ միջազգային լոբբինգ ծավալել, որպեսզի հատկապես գերեվարված մեր գեներալները, բայց նաեւ Բաքվում պահվող բոլոր մյուս հայազգի անձինք, որոնց ռազմական հանցագործությունների մեղադրանքներ է ներկայացնում Բաքուն, հանձնվեն որեւէ երրորդ երկրի արդարադատության, այնպիսի երկրի, որը միաժամանակ ԵԱՀԿ, ԵԽ եւ ԵՄ անդամ լինի։

Եթե որեւէ երկիր միաժամանակ ԵԱՀԿ, ԵԽ եւ ԵՄ անդամ է, այն վստահելի եւ կայացած արդարադատության համակարգ կունենա, դա Ադրբեջանը դժվար թե վիճարկի։ Հետեւաբար, եթե Ադրբեջանում կարծում են, որ ռուսների հանցակցությամբ Լաչինի միջանցքից գերեվարված մեր գեներալներին եւ Արցախի նախկին ղեկավարներին  իրենք ի զորու են որեւէ համոզիչ մեղադրանք ներկայացնել, երբեւէ կատարած որեւէ քրեական հանցանքի առնչությամբ, թող գնան եւ որեւէ երրորդ երկրի արդարադատության համակարգի ու դատարանի առջեւ, ի տես ողջ միջազգային հանրության իրենց մեղադրանքները ներկայացնեն, հիմնավորեն։   

Իսկ Ադրբեջանում եւ Բաքվում գեներալներ Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի նկատմամբ ի սկզբանե, իսպառ եւ ապրիորի հնարավոր չէ արդարադատություն իրականացնել մի քանի անհերքելի պատճառներով․

Առաջին, տարիներ շարունակ երեւի միջազգային ատյան եւ կազմակերպություն չի մնացել, որը չհայտարարի, բանաձեւերում չարձանագրի, որ Ադրբեջանում հատկապես Իլհամ Ալիեւի ռեժիմի օրոք հայատյացությունը վերածված է պետական քաղաքականության, ինչը նշանակում է, որ այդ երկրում հնարավոր չէ անաչառ եւ անկողմնակալ դատավարություն ազգությամբ հայերի հանդեպ, այլ կերպ ասած՝ հայատյացության իրողությունը բացառում է արդարադատության հնարավորությունը։

Երկրորդ, ԵՄ-ից ու ԵԽ-ից մինչեւ ՄԱԿ բոլոր ատյաններում բարձաձայնվել եւ արձանագրվել է, որ Ադրբեջանը Արցախի հայության հանդեպ իրականացրել է բռնի տեղահանություն ու էթնիկ զտում, ամիսներ տեւած շրջափակման, կենսական կարեւորության ապրանքների՝ էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի մատակարարումները խափանելու, սեպտեմբերին ռազմական հարձակում իրականացնելու միջոցով։ էթնիկ զտումը մարդկության դեմ ծանրագույն հանցագործություններից մեկն է։ 
Իսկ 2022-ին նախորդած շրջանում Ադրբեջանը նույն բռնի տեղահանության եւ էթնիկ զտման հանցագործությունները չի իրականացրել ոչ այն պատճառով, որ այդ հանցագործ մտադրություները չի ունեցել, այլ որովհետեւ արցախահայության ինքնակառավարման եւ ինքնպաշպանության կառույցները, ի դեմս իշխանության եւ բանակի, որոնց գործուն անձանցից են եղել նախկին նախագահները եւ գեներալները, պատվար եւ խոչընդոտ է եղել Արցախի էթնիկ զտման ճանապարհին։ Հետեւաբար՝ միջազգային ծանրագույն հանցագործություն կատարած սուբյեկտը՝ Ադրբեջանը, չի կարող իր կատարած հանցագործությանը տասնամյակներ շարունակ դիմադրած ու կանխած կողմի եւ անձանց դատավորը լինել։ Կողմը չի կարող դատավոր լինել։ 

Վերջապես, այդ երբ է պատահել, որ երկու պատերազմող կողմերից մեկը մյուսի զինվորականներին դատի։ Դրա համար ստեղծվում են միջազգային տրիբունալներ, այսինքն՝ երրորդ կողմին վերապահվող արդարադատության մեխանիզմներ։ Այս դեպքում էլ ոչ մի հեծանիվ չպետք է հայտնագործվի։ Մեր գեներալներին եւ բոլոր հայազգի անձանց, ում Ադրբեջանի կամ նրա քաղաքացիների դեմ գործված ռազմական հանցագործություների մեղադրանք է ներկայացնում Բաքուն (կարողանում է մեղադրանքը ապացուցել, թե ոչ՝ այլ հարց է) պետք է դատի միջազգային կամ երրորդ երկրի արդարադատության համակարգ։

Հիմնավորումները կարելի է շարունակել, բայց վերջնահաշվում, միեւնույնն է, միտքն այն է, որ Հայաստանը հետամուտ լինի եւ միջազգային արշավ տանի Արցախի գեներալներին եւ նախկին ղեկավարներին երրորդ երկրի արդարադատությանը հանձնելու համար։ Ընդսմին, դա անի որքան հնարավոր է արագ, մտածված, արդյունավետ եւ միջազգային քաղաքական հարթակների լայն ընդգրկմամբ։