Մեր անհաջողությունը՝ ժողովրդի անհաջողությունն է, մեր հաջողությունը՝ ժողովրդի հաջողություն է

Մեր անհաջողությունը՝ ժողովրդի անհաջողությունն է, մեր հաջողությունը՝ ժողովրդի հաջողություն է

Տևական ժամանակ է «Միասին» հասարակական շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների շարք է սկսել։ Մոտ երկու շաբաթ ընդմիջումներով «Ազատության» հրապարակում հանրահավաքներ են անում: Շարժման նախաձեռնողները ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է,  Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, բանաստեղծ  Խաչիկ Մանուկյանը, այլ գործիչներ։ Իրենց գործունեության, ընթացքի աշխատանքների շուրջ զրուցել ենք շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։

-Դուք միակ ուժն եք այս պահին, որ փողոց է հանում մարդկանց։ Տեսնու՞մ եք դինամիկա՝ առաջին հանրահավաքների եւ հաջորդների միջեւ։ Մարդկանց հետաքրքրությունը, քանակը աճո՞ւմ է, թե՞ նվազում:

-Միանշանակ կա դինամիկա, և եթե դուք տեսել եք մեր առաջին, երկրորդ և երրորդ  հանրահավաքները, ապա առաջին հավաքին ավելի սակավաթիվ էին մարդիկ, երրորդ հանրահավաքին շատ էին՝  անգամ ոստիկանության տվյալներով հանրահավաքին ներկա է եղել 10 հազար մարդ։ Հետագայի համար ակնկալում ենք, որ ավելի շատ կլինեն մարդիկ։

-Հանրահավաքների ընդմիջումների ժամանակահատվածում ի՞նչ աշխատանքներ եք տանում հանրահավաքները կազմակերպելու, մարդկանց իրազեկելու ուղղությամբ, որ մարդիկ տեղեկացված լինեն, գան մասնակցեն։

-Մեր հանրահավաքները կայանում են ընդմիջումներով, և այդ ժամանակահատվածում մենք մարզային այցեր ենք իրականացնում՝ իրազեկելով մեր նախաձեռնության մասին։ Հայաստանը միայն Երևանը չէ, շրջում ենք Հայաստանի տարբեր բնակավայրերով՝ հասկանալու համար ժողովրդի տրամադրությունները։ Անհրաժեշտ են այնպիսի գործողություններ, որն, ի ցույց կդնի ժողովրդին, որ մենք վճռական ենք տրամադրված և հետևողական ենք մեր քայլերում՝ մեր նպատակին հասնելու համար։ Վերջին հանրահավաքն առանձնանում էր նրանով, որ ԱԺ-ի 3 քաղաքական խմբակցություններին ներկայացրել ենք պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ 

-Ինչպե՞ս են այլ քաղաքական ուժերն արձագանքում ձեր ակցիաներին՝ աջակցո՞ւմ են, մասնակցո՞ւմ են, թե՞ չարախնդում են, որ` ինչպես մենք ենք ձախողվել մարդկանց փողոց հանելու հարցում, այնպես էլ դուք եք ձախողվելու։

-Եթե, ինչ-որ մեկը պետք է չարախնդա, թող դրանով էլ զբաղվեն։ Մենք մեր անձնական խնդիրները չենք լուծում։ Մենք գտնում ենք, որ երկրի անվտանգությունն այնքան վտանգված է, որ անհրաժեշտ է, որ բոլորը միասնական լինեն, որպեսզի մենք ձևավորենք ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, իրավիճակը հետևյալն է. Ամեն մեկն իր կարողությունների և պատկերացումների համար է գործում, սա վերաբերում է ընդդիմադիր ուժերին։ Հուսով եմ կգա պահը, երբ կհամախմբվենք, և որոշիչ կլինենք։ Եթե անգամ այդպես չլինի, մենք չենք պատրաստվում կանգ առնել, քանի որ ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է ավելանում ժողովրդի վստահությունը մեր նկատմամբ։ Որքան կտևի այս պրոցեսը ես չեմ կարող ասել, բայց հուսամ, որ 1-2 ամսվա հարց է։

- Եթե հանրահավաքներով չհաջողվի հասնել լուրջ հաջողությունների, ի՞նչ եք պատրաստվում անել։ Առհասարակ՝ հանրահավաքներից բացի ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։

-Մեր անհաջողությունը՝ ժողովրդի անհաջողությունն է, մեր հաջողությունը՝ ժողովրդի հաջողություն է։ Կրկնում եմ՝ սա մեր անձնական խնդիրը չէ, և եթե մենք չստանանք համապատասխան աջակցություն միևնույն է՝ մենք մնալու ենք մեր սկզբունքներին հավատարիմ, և փորձելու ենք մեր բոլոր հնարավորություններն օգտագործել՝ հասնելու համար մեր նպատակին։ 

-Հասարակությունը վերջին տարիներին տեսել է նույնաբովանդակ տարբեր հանրահավաքներ, և կարծում է, որ հարթակներից ելույթներով հնարավոր չի լինելու հեռացնել Փաշինյանին, պետք է լինեն կտրուկ գործողություններ։ Դուք պատրա՞ստ եք գնալու կտրուկ գործողությունների, քայլերի։ Առհասարակ` ինչ նկատի ունեն կտրուկ քայլեր ասելով:

-Կտրուկ քայլերը, գործողությունները ո՞րն է։ Կտրուկ գործողություն անելու համար ժողովուրդը պետք է ներկայացնի այդ ուժին։ Մենք այլ գործողություններ չենք տեսնում։ Երկրում քաոս չպետք է ստեղծվի ինչ որ խմբերի, ուժերի գործողությունների համար։ Ինչ էլ որ կարող է կատարվել, պետք է լինի ժողովրդի մասսայական ներկայությամբ՝ աջակցությամբ։ Ով ասում է, որ կտրուկ գործողություն է պետք, թող ինքն էլ գնա այդ գործողության։ Մենք անելու ենք այն, ինչը ճիշտ ենք համարելու այդ պահին` հաշվի առնելով ժողովրդի դինամիկան։