Իշխանությունները հասել են իրենց գերնպատակին

Իշխանությունները հասել են իրենց գերնպատակին

Ժամեր առաջ տեղեկացանք, որ Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանն ավելի քան ութ ամիս անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել դատարանի որոշմամբ: Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ դատապարտվեց 6 ամիս 12 օր ազատազրկման, որը պայմանականորեն չկիրառվեց՝ նշանակվեց փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Բայց դատարանն ամբողջությամբ չարդարացրեց Առուշանյանին եւ ամենակարեւորը՝ զրկեց 5 տարի համայնքը կառավարելու իրավունքից։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Առուշանյանի դեմ դատական գործը միմիայն մեկ նպատակ ուներ` զրկել նրան Գորիսի համայնքապետի պաշտոնից.

«Այն, որ դատարանն արդարացման որոշում կայացրեց, շատ բանի մասին է խոսում: Ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ դատարանն արդարացման որոշում կայացրեց այն հոդվածի շրջանակում, որը քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել` Առուշանյանին ութ ամիս շարունակ կալանքի տակ պահելու համար: Դա այսպես կոչված ընտրակաշառքի գործն էր, որի շրջանակներում կալանավորվել էր Քարահունջի համայնքապետը, որը քննիչների ազդեցության տակ Առուշանյանի դեմ ցուցմունք էր տվել և հետո երկու անգամ փոխել այդ ցուցմունքը: Ակնհայտ էր, որ Առուշանյանի արարքում չի եղել հանցակազմի հատկանիշ, սակայն նրան պահել են կալանքի տակ: Եթե շատ խորանանք, ապա Քաղաքացիական օրենսգիրքն ապօրինի դատական ակտի համար նախատեսում է բարոյական փոխհատուցման ինստիտուտ: Ութ ամիս շարունակ մարդուն կալանքի տակ պահելը համարվում է հենց այդպիսի ինստիտուտի արդյունք: Կարելի է դիմել դատարան, բարոյական փոխհատուցում ստանալու համար: Սա հարցի մի կողմն է, սակայն, քանի որ իշխանությունները հասել են իրենց հիմնական և գլխավոր նպատակին, այն է` Առուշ Առուշանյանին չթողնել այլևս Գորիսի համայնքապետի պաշտոնում պաշտոնավարել: Ենթադրում եմ, որ դատարանին ձեռնտու էր իշխանությունների հետ գնալ գործարքի, որպեսզի կարողանան երկու գործով մեղավոր ճանաչել Առուշանյանին և լրացուցիչ պատիժ նշանակել, հինգ տարի շարունակ զրկելով նրան համայնքապետի պաշտոնը զբաղեցնելու իրավունքից: Սա իշխանությունների գերնպատակն էր: Այնուամենայնիվ, քանի դեռ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել մեղադրական մասով, Առուշ Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարել Գորիսի համայնքապետի պաշտոնում: Սա օրենքի հստակ պահանջ է»:

Թերեւս այս դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարան եւ երկրորդ ատյանում կարող են նաեւ այս կետով էլ Առուշանյանին արդարացնել։ Ինչ վերաբերում է Գորիսի քաղաքապետի դեմ իրականացվող հետապնդումներին եւ նրան՝ համայնքապետի պաշտոնից ամեն գնով հեռացնելուն, ապա ակնհայտ է, որ այս իշխանությունները մի նպատակ ունեն՝ իշխանությունը զավթել ամենուրեք եւ ամեն մակարդակում՝ թույլ չտալով, որ ընտրողն անկաշկանդ իր քվեն տա իր ցանկացած անձին։ Գորիսի 60 եւ ավելի տոկոսով ընտրված քաղաքապետին բանտում պահելու, ապա դատավճռով քաղաքապետի պաշտոնից զրկելու քայլը, իսկ կիրակի օրը կյանքի գնով Գարիկ Սարգսյանին Վեդիի համայնքապետ դարձնելը խոսում են այն մասին, որ այս իշխանությունների համար ընտրություններն ու ընտրողի կամքն էլ այլեւս սրբություն չեն։